Ինչո՞ւ է առաջանում կարմիր քամի վարակը, և ովքե՞ր են ռիսկի խմբում

Կարմիր քամին (Erysipelas, рожа) մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Պատճառների, ախտանշանների մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժշկական ծառայությունների մասով որակի պատասխանատու, բժիշկ-վարակաբան Քնարիկ Սարգսյանի հետ։

– Ի՞նչ է Կարմիր քամին։

– Կարմիր քամին սուր վարակային ծագման ինֆեկցիոն հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը և ունենում է համակարգային դրսևորումներ, ինչպիսիք են՝ դողը, սարսուռը, ջերմությունը, գլխացավը, մկանացավերը։

Կարդացեք նաև

Ի՞նչն է հանգեցնում կարմիր քամու առաջացմանը։

– Վարակային հիվանդությունների դեպքում մենք ունենում ենք պատճառային գործոն, որն այս դեպքում բակտերիա է։ A խմբի ստրեպտոկոկերն այս հիվանդության հիմնական պատճառն են։ Որպեսզի առաջանա կարմիր քամի՝ անհրաժեշտ է մաշկի ամբողջականության խախտում, օրինակ՝ վնասվածք, վերք, կտրվածք, երբեմն՝ այրվածք, երբ բակտերիան կարողանում է ներխուժել։ Միայն այս ուղին չէ, հնարավոր է նաև արյան միջոցով բակտերիայի տեղափոխում դեպի մաշկ, որտեղ էլ առաջանում է բորբոքում։

Այսինքն, պետք է զգուշանան բաց վերքերից։

– Այո, բաց վերքերը հիմնական «մուտքի դռներն» են այս հիվանդության համար։

– Այն վարակիչ հիվանդություն համարվո՞ւմ է։

– Վարակային ծագման է, բայց կոնտագիոզ (հպավարակիչ) չէ։ Շփվելիս վարակվելու հավանականությունը շատ քիչ է։ Այս ստրեպտոկոկերը յուրաքանչյուրիս մաշկին, արտաքին միջավայրում կարող են լինել, և յուրաքանչյուր անձ, ում մաշկին կա ստրեպտոկոկ, փոքր վերքից պարտադիր չէ, որ կարմիր քամի զարգացնի։ Այստեղ շատ գործոններ կան, և դրանցից մեկը նաև օրգանիզմի պատասխանն է։

Ովքե՞ր են ռիսկի խմբում։

– Հատկապես նրանք, ովքեր ունեն տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություններ՝ ճարպակալում, շաքարային դիաբետ, ստորին վերջույթների վարիկոզ երակների լայնացում, լիմֆոստազ՝ ավշային հանգույցների, ավշային համակարգի հետ կապված խնդիրներ, երբ ավիշը համապատասխան ձևով չի շրջանառվում։ Հղիությունը ևս կարող է համարվել ռիսկի գործոն, քանի որ որովայնի չափերի մեծացումը, ինչպես նաև երեխայի տեղակայումը կարող է հանգեցնել ավշային ուղիների ճնշման, ավիշի հետհոսքի դժվարացման, ինչը հանգեցնում է լիմֆոստազի, հետևաբար՝ կարմիր քամու առաջացման։

Խոսեցինք այն դեպքերի մասին, երբ ախտահարվում են ոտքերը, բայց կարմիր քամին այնպիսի հիվանդություն է, որը կարող է մարդու մարմնի այլ մասեր ևս ախտահարել, հատկապես դեմքը թիրախներից մեկը կարող է լինել։

Կարմրությունը միանգամի՞ց է արտահայտվում, թե՞ որոշակի ժամանակ հետո։

– Սկզբում լինում է ջերմության բարձրացում, դող, սարսուռ, ապա նոր՝ միջինում 48 ժամվա ընթացքում սկսում է դրսևորվել մաշկի կարմրություն։

Այստեղ կա տիպիկ մաշկային դրսևորում, երբ գործ ունենք շատ արտահայտված կարմրության հետ։ Ախտահարված հատվածում հիմնականում ունենում ենք այտուց, որի պատճառով մաշկը ձեռք է բերում փայլուն տեսք, երբեմն ցավոտ է լինում։ Ուստի սա այն թեթև կարմրությունը չէ, որին մարդիկ հիմնականում ուշադրություն չեն դարձնելու։ Ախտահարված հատվածը կողքի առողջ մաշկից հիմնականում հստակ սահմանազատված է և ավելի բարձր է լինում, կարծես աշխարհագրական քարտեզի տեսք է ստանում, և կլինիկորեն հեշտ է հասկանալ, որ սա կարմիր քամի հիվանդությունն է։

Այն հանգեցնո՞ւմ է փղախտի առաջացմանը։

– Կարմիր քամին չի կարող բերել փղախտի առաջացման, բայց փղախտը կարող է հանդես գալ որպես ռիսկի գործոն՝ կարմիր քամի զարգացնելու համար։ Փղախտը հիմնականում լիմֆատիկ հանգույցներով պայմանավորված հիվանդություն է։ Ավիշի հետ վերադարձը դժվարանում է, առաջանում է վերջույթների այտուց, այն չափերով մեծանում է։ Բոլոր դեպքերում, երբ ունենք ռիսկի գործոն, մի փոքր քերծվածքը, որը կարող է հանգեցնել ստրեպտոկոկերի մուտքին, տվյալ անձի մոտ կարող է առաջացնել կարմիր քամի հիվանդությունը։

– Վարիկոզ ունեցող ցանկացած մարդ կարո՞ղ է բախվել այս խնդրին։

– Հիմնականում մեկ գործոնը բավարար չէ, որպեսզի զարգանա կարմիր քամի։ Շատերը կարող են ունենալ վարիկոզ, բայց կարմիր քամի չզարգանա։ Հաճախ մեկից ավելի ռիսկի գործոններ են մարդիկ ունենում․ վարիկոզ, ճարպակալում, երբեմն՝ շաքարային դիաբետ կամ սիրտ-անոթային որևէ խնդիր, և դրանք գումարվելով իրար՝ ռիսկը մեծացնում են։ Երբեմն դեմքի կարմիր քամին կարող է ի հայտ գալ անձանց մոտ, ովքեր նշված ռիսկի գործոններից և ոչ մեկը չունեն։

– Ինչպե՞ս է բուժվում կարմիր քամին։

– Քանի որ սա բակտերիալ ծագման վարակային հիվանդություն է, բուժումը պետք է իրականացվի հակաբակտերիալ դեղամիջոցներով՝ հակաբիոտիկներով։ Անհրաժեշտ է ճիշտ ընտրված հակաբիոտիկ՝ ճիշտ ընտրված դեղաչափով և համապատասխան տևողությամբ։

Ընդ որում, եթե անձը մեկ անգամ ունենում է կարմիր քամի, նա ապահովագրված չէ կրկնությունից, քանի որ մեկ անգամ ունենալուց հետո կրկնակի հիվանդանալու ռիսկն ավելի է բարձրանում։

Կարմիր քամիով հիվանդացածների մոտավորապես 1/3-ը կրկին կարող է ունենալ այս հիվանդությունը, և սա չի նշանակում, որ անձի օրգանիզմից դուրս չի եկել։ Հատկապես ստորին վերջույթների կարմիր քամի ունեցողներն ունենում են մեկից ավելի ռիսկի գործոններ, ինչի արդյունքում նրանք ունեն հնարավորություն՝ կրկին զարգացնելու այս հիվանդությունը։ Դրա համար առաջին էպիզոդից հետո երբեմն նշանակվում է երկարատև կանխարգելիչ բուժում՝ հակաբակտերիալ դեղորայքով։ Բուժումը երբեմն կարող է տևել մեկ տարի կամ ավելի երկար, որպեսզի չունենանք կրկնակի դեպքեր։

Ճի՞շտ է, որ այն մարդկանց մոտ, ովքեր չունեն վարիկոզ, շաքարային դիաբետ, վարակվելու դեպքում հիվանդությունը մեկ շաբաթում անցնում է։

– Այո, ռիսկի գործոններ չունենալու դեպքում հիվանդությունը 3-7 օրերի ընթացքում կարող է սահմանափակվել։ Նույնիսկ ինքնալավացման դեպքեր կան, երբ օրգանիզմն ինքնուրույն հաղթահարում է՝ առանց հակաբակտերիալ բուժման։

Հիմնական ախտանշանը ստորին վերջույթների այտուցվածությո՞ւնն է։

– Հիմնականը մաշկի կարմրությունն է, որը հանգեցնում է տվյալ հատվածի այտուցի։

Ի՞նչ չի կարելի անել կարմիր քամու դեպքում։

– Շատ հաճախ մարդիկ տեղային բուժում են սկսում իրականացնել տարատեսակ քսուքների, ժողովրդական մեթոդների դիմելով։ Երբ տեսնում են տեղային կարմրություն, որը հստակ սահմանազատված է կողքի առողջ մաշկից, կա այտուց, ցավ, պետք է դիմել մասնագետի։

Քանի որ կա այտուց, կա նաև ցավ, քորն այնքան էլ բնորոշ չէ։

Վարակաբաններն այն մասնագետներն են, որոնք գրագետ կերպով կարող են ախտորոշել և բուժել այս հիվանդությունը։

Սա կլինիկորեն դրվող ախտորոշում է, չկան հատուկ թեստեր, որոնցով ախտորոշելու ենք։ Բժիշկը տեսնելով և գնահատելով իրավիճակը, հիվանդության ընթացքը, կարող է տալ ախտորոշումը։

Երբեմն դեմքի կարմիր քամին կարող են շփոթել, օրինակ, հերպես վիրուսային վարակի հետ։ Լինում են դեպքեր, երբ կարմիր քամին սկսվում է քիթ-շրթունքային հատվածից։ Երբեմն սկզբում կարող է լինել բշտիկային ձևը, ոչ թե ստանդարտ կարմրությունը։ Ունենում են նաև ջերմության բարձրացում ու մտածում են, որ մրսել են, և հեպես է առաջացել, ու սկսում են տեղային հակավիրուսայիններ օգտագործել, սակայն, քանի որ բակտերիա է՝ պետք է շուտ բուժել, որովհետև այլ վարակների համար ևս կարող է տարածք բացել։ Հատկապես դեմքը, որը շատ մոտ է գլխին, կարող է հանգեցնել հիվանդության տարածման, տարբեր բարդությունների, ընդհուպ՝ մենինգիտների առաջացման։

– Արյան վարակո՞ւմ էլ կարող է առաջացնել։

– Այո, հնարավոր է, որ այս բակտերիան անցնի արյան հուն և հանգեցնի համակարգային խնդիրների առաջացման։

Ժողովրդական մի շարջ միջոցներ են կիրառում, օրինակ, մետաքսին մեղր են քսում, դնում այդ հատվածին, կամ սև ալյուր են շաղ տալիս ու կապում։ Օգնո՞ւմ է։

Ոչ, չի կարելի նման բաներ անել։ Պատկերացրեք՝ մեղրը դնեն, ծածկեն, էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում, որպեսզի կողքից այլ բակտերիաներ ևս սկսեն աճել այդ միջավայրում։ Բշտիկների դեպքում երբեմն փորձում են ինքնուրույն բացազատել այն, ինչ-որ նյութեր ներարկել։ Չի՛ կարելի։ Գործ ունենք վարակային պրոցեսի հետ, ներսում բորբոքում կա, և այդ մեթոդներին չարժե դիմել։

Դեպքեր են եղել, որ ժողովրդական միջոցներին դիմելուց հետո վիրահատական միջամտության կարիք է եղել։

– Ո՞ր տարիքի անձանց մոտ է հիմնականում հանդիպում։

– Տարբեր տարիքի անձինք կարող են ունենալ այս հիվանդությունը, բայց ռիսկի խմբում 65 տարեկանից բարձր մեծահասակներն են։ Փոքր երեխաները ևս ռիսկի խմբում են, քանի որ ունեն թույլ իմուն համակարգի պատասխան։ Հատկապես դեմքի քամին կարող է ունենալ նաև երիտասարդ, առողջ մարդը, ընդ որում, դրան երբեմն կարող է նախորդել ֆարինգիտը, բկանցքում որևէ խնդիր, որտեղ ևս ստրեպտոկոկերը լինում են և հեշտությամբ կարող են թափանցել դեմքի մաշկ ու առաջացնել կարմիր քամի։

Այս տարի արդեն ԻՀԱԿ-ում ունենք հոսպիտալացման դեպքեր։ Քանի որ անհրաժեշտ է մաշկի ամբողջականության խախտում, երբ սկսում է եղանակը տաքանալ՝ այդ շրջանում ենք ունենում դեպքերի ակտիվացում։ Ստորին վերջույթների ախտահարման համար անհրաժեշտ է բաց տարածք, որպեսզի այդ բակտերիան ներխուժի ներս։ Սակայն դեմքի կարմիր քամին ցուրտ եղանակին ևս կարող է հանդիպել։ Հուլիսից հոկտեմբերը համարվում է այս հիվանդության ակտիվ շրջանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930