Իրանի և ՌԴ դեսպանները բողոք են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Թեհրանի ուղղափառ տաճարի վնասման կապակցությամբ
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի և Ռուսաստանի դեսպանները կազմակերպության գլխավոր տնօրենին ուղղված համատեղ հրատապ նամակում բողոք են հայտնել Թեհրանում քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության օբյեկտների վրա հրթիռային հարվածների կործանարար հետևանքների դեմ, հայտնում է ILNA գործակալությունը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, նամակում ներկայացված փաստաթղթերի համաձայն, 2026 թվականի ապրիլի 1-ի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցվել Թեհրանում գտնվող Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարի մերձակա տարածքին։
Այս պատմական շինությունը, որի ճարտարապետը հայտնի ռուսաստանցի Նիկոլայ Մարկովն է և որն ընդգրկված է Իրանի ազգային ժառանգության ցանկում, կառուցվածքային լուրջ վնասներ է կրել։
Նամակում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մեծ պահքի շրջանում և Սուրբ Զատկի նախաշեմին, ինչն այդ վայրին հավատացյալների համար առանձնահատուկ կրոնական նշանակություն է տալիս։ Հզոր պայթյունների հետևանքով զանգվածաբար փշրվել են տաճարի պատուհանները և վնասվել դռները։ Լուրջ ավերածություններ է կրել նաև հարևանությամբ գտնվող «Ռուսաստանյան ծերանոցը», այդ թվում՝ մասնակի փլուզվել է տանիքը։
Իրանի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներ Ահմադ Պակատչին և Ռինատ Ալյաուտդինովը համատեղ նամակում ընդգծել են, որ հարվածները մշակութային օբյեկտների և քաղաքացիական հումանիտար ենթակառուցվածքների հարևանությամբ գտնվող տարածքներին միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ուղղակի խախտում են։
Երկու երկրների դեսպանները դատապարտել են Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ և զգուշացրել, որ նման հարձակումները վտանգի տակ են դնում մշակութային ինքնությունը և տարածաշրջանում կայուն խաղաղությունը։
Նամակի վերջում Իրանն ու Ռուսաստանը կոչ են արել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնապես դատապարտել այդ գործողությունները, սատարել մշակութային ժառանգության հետագա ավերումը կանխելու միջազգային ջանքերին և թույլ չտալ տարածաշրջանի կրոնական ու պատմական ժառանգության կորուստը։



