
«Զանգեզուրի միջանցքի» բացումը բխում է Կենտրոնական Ասիայի ուրանով հետաքրքրված Ֆրանսիայի շահերից

Հայաստան-Ֆրանսիա. Կովկասում Փարիզի երկարաժամկետ ռազմավարական նպատակների մասին
Փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Վարչապետի կարգավիճակով նրա թվով 9-րդ այցը Փարիզ հերթական անգամ նշանավորվեց հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու բավական հավակնոտ հայտարարություններով:
Ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքային զարգացման, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության հարցերին: Առանձնահատուկ ընդգծվել են երկու թեզեր՝ Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային, քաղաքակրթական մերձեցում (ինչը լիովին տեղավորվում է «արևմտյան քաղաքակրթության արևմտյան ֆորպոստի» ձևավորման եվրոպական հայեցակարգում) և Հայաստանի զարգացման և կայունության ապահովման գործում Փարիզի առանցքային դերակատարություն։
Սխալ կլիներ նման հռետորաբանությունը լիովին անհիմն համարել։ Ճիշտ հակառակը։ 1991-ից սկսած հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացման բարձր մակարդակ են դրսևորում, ինչը պայմանավորված է՝ ինչպես Ֆրանսիայում ազդեցիկ հայկական համայնքի (այսպես կոչված՝ «իդեալական միգրանտներ») առկայությամբ, այնպես էլ՝ Հարավային Կովկասում Ֆրանսիայի աշխարհաքաղաքական շահերով: Դրանք, բնականաբար, պարբերաբար վերաիմաստավորվում և նոր բովանդակություն են ստանում։ Վերջին տարիներին այդ շահերն ավելի ու ավելի են տեղավորվում Փարիզի աշխարհատնտեսական նպատակադրման տրամաբանության մեջ։ Սակայն ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության։
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկիր է։ Չլինելով ֆրանսախոս երկիր՝ Հայաստանը, այնուամենայնիվ, 1990-ականներից սկսած, որդեգրել է Ֆրանսիայի հետ մերձեցման ուղին՝ հաշվի առնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված մտերմությունը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ֆրանսերենով ուսուցմամբ բազմաթիվ հանրակրթական դպրոցների, «Ազնավուր» կրթամշակութային կենտրոնի և մի շարք այլ համատեղ ինստիտուտների առկայությունն անհրաժեշտ «ենթակառուցվածք» է ստեղծում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամրապնդման համար: 2018-ի հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի անցկացումը խորհրդանշական կարևոր նշանակություն ստացավ երկու երկրների հարաբերություններում:
Իր հերթին, ֆրանսիական հասարակությանը խորապես ինտեգրված և բավականին ակտիվ հայկական սփյուռքն առաջին տասնամյակը չէ, որ լծակներ ունի ֆրանսիական կառավարության վրա ազդելու համար։ «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը», «Ֆրանսիայի հայկական հիմնադրամը», Հայ Դատի հանձնախումբը՝ ՀՅԴ տեղական մարմինները, «Ֆրանսիա–Արցախ» հասարակական կազմակերպությունը և այլ կազմակերպություններ, ըստ էության, իրենցից ներկայացնում են արդյունավետ լոբբիստական կառույցներ, որոնք վերջին դերը չեն խաղում Փարիզի ներքին և արտաքին քաղաքական գերակայությունների ձևավորման գործում:
Ընդ որում՝ այսօր այդ ռեսուրսը պաշտոնական Երևանի կողմից ամբողջությամբ չի օգտագործվում, ինչը կապված է՝ ինչպես 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ սփյուռքի նախարարության լուծարման (Երևանի և ամբողջ աշխարհի հայ համայնքների միջև կարևոր «կամուրջ»), այնպես էլ՝ ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ Սփյուռքում գերիշխող բացասական վերաբերմունքի հետ: Հատկանշական է՝ այդ վերաբերմունքն էապես վատացավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, այլև 1915-ի Հայոց ցեղասպանության հարցը վերանայելու անհրաժեշտության մասին նրա հայտարարություններից հետո: Վերջինս, հայտնի է, հայկական համայնքների մեծ մասի ազգային ինքնության անկյունաքարն է։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի հայ համայնքի պրոակտիվ դիրքորոշումը տալիս է իր շոշափելի պտուղները։ Բավական է նշել մինչև 2017-ը գործող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը, ինչպես նաև 2020-ին Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Իհարկե, նման քաղաքականության հիմքում, ի թիվս այլ բաների, միանգամայն պրագմատիկ հաշվարկ է դրված. հայ համայնքի ընտրական ներուժը կազմում է շուրջ 700 հազար ձայն, և դա ամենավերջին գործոնը չէ, որ հաշվի է առնվում Փարիզի կողմից։
Եվ այսպես, Երևանի և Փարիզի միջև մշակութային, լուսավորչական և մասամբ քաղաքական երկխոսությունն ավանդաբար գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա (ինչը Հայաստանի գործող իշխանությունները վերագրում են բացառապես իրենց, այն դեպքում, երբ երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային բազայի հիմնական մասը ձևավորվել է 1992-2017-ականներին՝ մինչև «թավշյա հեղափոխությունը»)։ Սակայն Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի պարբերաբար հնչող հայտարարություններում մերթ ընդ մերթ փայլում են աշխարհաքաղաքական բնույթի շատ ավելի հավակնոտ նպատակներ՝ ռազմական համագործակցության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։ Որքանո՞վ են նման հայտարարություններն իրականացվում «գետնի վրա»։ Փորձենք պարզել:
Առաջին անգամ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Փարիզի և Երևանի միջև ստորագրվել է 2010-ին, սակայն միայն վերջին տարիներին են ավելի գործնական քայլեր նկատվում այդ ուղղությամբ: 2023–ի աշնանը երկրների միջև ստորագրվեց հերթական համաձայնագիրը, որի շրջանակներում Ֆրանսիան Հայաստանին մատակարարեց «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակ, իսկ մի փոքր ուշ՝ գիշերային տեսանելիության սարքեր։
Պայմանավորվածությունների շրջանակներում Փարիզը պարտավորվել է մատակարարել GM200 ռադիոտեղորոշիչ համալիրներ, ինչպես նաև Mistral կարճ հեռահարության հրթիռներ: 2024–ի փետրվարին Երևանում գտնվող Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է՝ պաշտպանական միջոցների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Հայաստան: Մատակարարումը ներառում էր երեք ռադիոտեղորոշիչ կայան՝ մինչև 250 կմ օդային թիրախների հայտնաբերման հեռահարությամբ, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարքեր։ Նախարարն ընդգծել է՝ անհրաժեշտության դեպքում հանրապետությունը կկարողանա ստանալ նաև զենիթային հրթիռներ:
2024–ի հունիսին պայմանագիր է կնքվել Երևանի կողմից Caesar ֆրանսիական ինքնագնաց հրետանային կայանքների գնման վերաբերյալ։ Հենց այն, ինչը Փարիզը մատակարարում է Կիևին։ Իսկ արդեն 2024–ի դեկտեմբերին կողմերը հաստատել են պաշտպանական համագործակցության 2025–ի ծրագիրը, որում հատուկ շեշտադրում է դրվում պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, զորավարժությունների անցկացման, խորհրդատվական աջակցության և զինվորական կադրերի պատրաստման ոլորտների վրա։
Ի՞նչ նպատակներ է իր առջև դնում Փարիզը՝ Հայաստանին սպառազինություն մատակարարելով։ Ենթադրվում է՝ նման ռազմավարության հիմքում առաջին հերթին տրանսպորտային-լոգիստիկ շահերն են։ Ֆրանսիան ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է։ Այստեղ էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 75%–ն իրականացվում է ատոմային էներգաբլոկներում (56 գործող ատոմային ռեակտոր՝ 61,4 ԳՎտ ընդհանուր հզորությամբ)։ Հետևաբար, Փարիզի համար միջուկային վառելիքի կայուն մատակարարումն ազգային էներգետիկ անվտանգության առաջնահերթությունն է:
2023–ին Նիգերում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Ֆրանսիան բախվել է ուրանի մատակարարման խնդիրների հետ. նոր իշխանությունները ֆրանսիական ընկերությունից հետ են կանչել ուրանի խոշորագույն հանքավայրը շահագործելու թույլտվությունը՝ ի պատասխան Փարիզի կողմից երկրի նոր քաղաքական ղեկավարության չճանաչման: Ահա թե ինչու Նիգերի իրադարձություններից հետո Մակրոնը գնաց կենտրոնասիական շրջագայության՝ նպատակ ունենալով պայմանավորվել Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ ավելացնելու ուրանի մատակարարումները Ֆրանսիա: Իսկ Ուկրաինայում հատուկ գործողության պայմաններում Կենտրոնական Ասիայից Ռուսաստան և հետագայում Եվրոպա տրանսպորտային երթուղիները փաստացի կաթվածահար վիճակում են հայտնվել։ Հետևաբար, միակ կամ առավել նպատակահարմար այլընտրանքային երթուղին, այսպես կոչված, «միջին միջանցքն» է՝ Կենտրոնական Ասիա–Հարավային Կովկաս (Վրաստան)–Թուրքիա–Եվրոպա։
Հայաստանի հետ ռազմական համագործակցության ակտիվացումը տեղավորվում է Արևելք–Արևմուտք միջազգային միջանցքի առանցքային կապող օղակում՝ Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու Փարիզի ռազմավարության մեջ։ Կարևոր է հասկանալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Հայաստանն ինքնաբերաբար կարող է դառնալ «միջին միջանցքի» մաս՝ ապահովելով դրա դիվերսիֆիկացումը: Որքան բազմազան են հնարավոր երթուղիները, այնքան բարձր է ուրանի փոխադրման անվտանգությունը Փարիզի համար: Մյուս կողմից՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցումը լրացուցիչ լոգիստիկ ռիսկեր է ստեղծում, ինչը չի կարող չգտնվել Փարիզի ռազմավարական պլանավորման կիզակետում։
Այդ կապակցությամբ միանգամայն օրգանական է թվում փարիզցիների աճող հետաքրքրությունը հայկական երկաթուղային համակարգի նկատմամբ, որը կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» կողմից։ 2021-ի հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարեց իր երկրի հետաքրքրության մասին Երևան-«Զվարթնոց» օդանավակայան–Էջմիածին–Արմավիր ներքին երկաթուղային նախագծի իրականացման հարցում, ինչպես նաև չբացառեց տարածաշրջանային նշանակության երկաթուղային նախագծերի քննարկումը։
Չնայած վերը նշված ոլորտներում համագործակցության դրական դինամիկային՝ տնտեսության մեջ ամեն ինչ շատ ավելի համեստ է։ Թվերն ավելի ցցուն են խոսում։ 2024–ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 158 մլն ԱՄՆ դոլար, ինչը 10,7%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում՝ ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան անգամ առաջատար չէ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում՝ զիջելով Գերմանիային, Իտալիային, Նիդեռլանդներին և Բելգիային:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը նախանձելի չէ. 2024–ի 11 ամիսների ընթացքում այն կազմել է 2,1 մլրդ դոլար։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 12 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 14.1%-ով (Համեմատության համար նշենք, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 12 մլրդ ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա համեմատ աճելով 68,3%-ով):
Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին՝ ապա այստեղ պատկերը շատ ավելի տխուր է։ 2023-ին Հայաստանում ֆրանսիական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 23 մլն դոլար։ 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումները հասել են 91,6 մլն ԱՄՆ դոլարի, ինչը 76,8 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը):
Որո՞նք են Փարիզի և Երևանի միջև տնտեսական փոխգործակցության հիմնական ուղղությունները: Առաջին հերթին դրանք են բանկային ոլորտը («Ակբա» բանկը, որը մասնագիտանում է գյուղատնտեսության ոլորտում), գինեգործությունը (Pernod Ricard ընկերությունը, որը տիրապետում է «Արարատ» կոնյակի բրենդին), ջրամատակարարումը (Երևանում և Հայաստանի այլ մարզերում ջրամատակարարումը կառավարող Veolia ընկերությունը), ճանապարհաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն։
Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում համագործակցությանը, ինչի մասին հայտարարվել էր նաև Մակրոն-Փաշինյան վերջին հանդիպմանը, ապա ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը:
Լինելով ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ Ֆրանսիան շահագրգռված է մասնակցելու Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը, ինչի մասին արդեն հայտարարություն է արել ֆրանսիական Framatom խոշորագույն էներգաընկերությունը, որը 2000-ից համագործակցում է Երևանի հետ ռադիոակտիվ թափոնների պահեստավորման ոլորտում: Քաղաքական ամենաբարձր մակարդակով հայկական «խաղաղ ատոմի» մասին հայտարարություններ դեռ չեն հնչել, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընկերոջ ընտրության հարցում Երևանի աշխարհաքաղաքական անորոշության ողջ բարդության ըմբռնումով։
Այսպիսով, Ֆրանսիայի ակտիվացումը Հայաստանում հետապնդում է երկարաժամկետ ռազմավարական նպատակներ, որոնք առավելապես հանգում են Եվրոպա–Կովկաս–Ասիա միջազգային միջանցքում սեփական դիրքերի ամրապնդմանը:
Սրան զուգահեռ՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հայկական վեկտորը տեղավորվում է նաև ԵՄ-ի ռազմավարական շահերի մեջ, որը շահագրգռված է կասպյան ածխաջրածիններով և, հետևաբար, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ և դիվերսիֆիկացմամբ։
Մյուս կողմից՝ հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության բավականին ցածր մակարդակը, ինչպես նաև դրա ընդլայնման ներուժի բացակայությունը հարցականի տակ են դնում ֆրանսիական աշխարհառազմավարության հետագա արդյունավետությունը:
ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի