Ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում խեղաթյուրել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը

Երևան-Բաքու բանակցությունների և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բովանդակության վերաբերյալ Բաքվից ուշագրավ «բացահայտում» հնչեց նախօրեին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ, ու պնդել է, թե իբր պայմանագրի ստորագրումը հետաձգվում է «Հայաստանի մանիպուլյացիաների» պատճառով:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ադրբեջանցի պաշտոնյայի այս «բացահայտումներին»՝ ասելով, թե նման կետեր Խաղաղության պայմանագրում չեն քննարկվում։

«Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը՝ 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը՝ սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Կարդացեք նաև

Ուշագրավն այն է, որ հենց ադրբեջանական կողմն էր դեռևս ամիսներ առաջ ամենաբարձր մակարդակով հայտարարել, թե Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հաղորդակցության ուղիների հարցը լուծել Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Բացի այդ, կրկին ադրբեջանական կողմն ամիսներ առաջ, մասնավորապես՝ 2024 թվականի նոյեմբերին, Ալիևի վարչակազմի կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի միջոցով բացահայտել էր համաձայնագրի չհամաձայնեցված կետերը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, հայ-ադրբեջանական սահմանին օտար ուժերի բացակայություն, Երևանի կողմից իրավական և դիվանագիտական վեճերի բացառում։ Հայկական կողմը հետագայում հաստատեց, որ այս հարցերը ներառված են պայմանագրի տեքստում, սակայն տարակուսելին այն է, որ քիչ է հավանական, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը տեղյակ չլինի այն մասին, որ ռեգիոնալ կապուղիների թեման ներառված չէ Խաղաղության համաձայնագրի տեքստում։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը հաճախ է նման քայլերի դիմում՝ փորձելով քննարկումներ գեներացնել ու արձագանքները ստուգել։

Նրա խոսքով, խորհրդարանական պաշտոնյան վստահաբար տեղյակ է, թե ինչ են բանակցում կողմերը, և, որ կարևոր թեմաներն են ներառված համաձայնագրի տեքստում։

Նա հիշեցրեց, որ համաձայնագրի տեքստը կողմերի միջև գրեթե համաձայնեցված է, սակայն չի ստորագրվում, քանի որ Ադրբեջանի համար կա չհամաձայնեցված գլխավոր հարցերից մեկը, խոսքն այդ ճանապարհ-միջանցքի մասին է։

«Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ իրենց այդ համաձայնագիրը պետք չէ ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման կոնտեքստում՝ ընդգծելով հենց ադրբեջանական այդ՝ ՀՀ-ով անցնելիք ճանապարհի կարևորությունը։ Մյուս կողմից՝ այս տարվա սկզբից տեսնում ենք, որ Ադրբեջանն աշխատում է հենց այս հարցի ուղղությամբ, և այդ ուղղությամբ աշխատանքներից ամենակարևորը, ըստ իս, ադրբեջանցի պաշտոնյաների այցերն են Իրան, որտեղ վստահաբար քննարկվում են ռեգիոնալ տնտեսական ճանապարհների թեմաները։ Վերջերս էր Ալիևի օգնական Հաջիևն այցելել Իրան, թեև այնտեղ օրակարգում ադրբեջանա-իրանական հարաբերություններն էին, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհն Իրանով, քանի դեռ չկա Հայաստանի հետ կոնսենսուս։ Բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը, ջանքերն ուղղված են ՀՀ-ով անցնող կապուղու շուրջ ռեգիոնալ կոնսենսուսի ձևավորմանը»,- ասաց Տարասովը։

Ուստի, նրա կարծիքով, պատահական չէ նման բան ասվում։ «Դրանով շեշտադրվում է Ադրբեջանի համար այս հարցի կարևորությունը, ինչպես նաև սա փորձ է ստուգել արտաքին դերակատարների արձագանքները։ Թերևս խոսքը Թեհրանի, Մոսկվայի մասին է»,- ասաց Տարասովը։

Նա նաև չի բացառում, որ, երկարաձգելով համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանը ցանկանա արդեն իսկ համաձայնեցված տեքստում նոր դրույթներ ավելացնել։

«Դա ևս պետք չէ բացառել, որի նպատակով կարող է նման քննարկումներ ծավալելու անհրաժեշտություն առաջանալ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի արած այն հայտարարությանը, որ «3+3» հարթակը գուցե վերածվի կազմակերպության, Տարասովն ասաց, որ նման բան հնարավոր է, սակայն դրանք շատ նախնական խոսակցություններ են։

«Սա թեմա է, որը դեռ պետք է քննարկվի այս երկրների միջև ու հավանության արժանանա, իսկ մինչ այդ Ռուսաստանը պետք է բանակցի ԱՄՆ-ի հետ՝ ավարտելու համար հակամարտությունն Ուկրաինայում։ Դա կարող է ամիսներ տևել, սակայն այդ բանակցությունները, ինչպես նկատում ենք, կխթանի նաև ՌԴ արտաքին քաղաքականությունը տարբեր ուղղություններով»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս