Թրամփի նախաձեռնությունը Գազայում՝ նոր վերադասավորումների պատճառ Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում խաղաղություն հաստատելու իր ծրագիրն ու միջնորդական ջանքերը քաղաքական PR մեծ արշավի է վերածում՝ այս թեմայով կազմակերպելով գագաթնաժողով Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում:

Չստանալով Խաղաղության Նոբելյան մրցանակ, Թրամփն այնուամենայնիվ Գազայի գործարքին փորձում է տալ հնարավորինս մեծ միջազգային հնչեղություն, այդ թեմայով գագաթնաժողովի շրջանակում եգիպտական հովանու ներքո հավաքելով շուրջ երեք տասնյակ ղեկավարների ու քաղաքական գործիչների:

Եգիպտոսում են նաև Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու այլ շատ գործիչներ:

Էականն այստեղ այն է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերը Թրամփի առաջարկներն ընդունել են, և գերիների վերադարձի գործընթացն արդեն մեկնարկել է: Եվ մի շարք գնահատականների համաձայն՝ գործարքն ավարտին կհասնի՝ մի շարք էական փոփոխությունների հանգեցնելով՝ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում:

Կարդացեք նաև

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Թրամփի Գազայի խաղաղության նախաձեռնությունը կարող է անուղղակի, բայց շոշափելի ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա, հատկապես՝ ուժային կենտրոնների փոխհարաբերությունների համատեքստում։

Ըստ նրա, եթե նախաձեռնությունը հաջող շարունակություն ու ավարտ ունենա, ապա դա կնշանակի ԱՄՆ վերադարձ Մերձավոր Արևելք, ինչն անխուսափելիորեն կուժեղացնի նրա ներգրավվածությունը նաև հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ԱՄՆ-ը արդեն իսկ նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում՝ դրանով իսկ էլ ավելի մեծացնելով իր ազդեցությունը։ Եվ այստեղ, վերլուծաբանի խոսքով, Վաշինգտոնը, փորձելով կառավարել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում, փորձելու է նույնն անել նաև Հարավային Կովկասում, ինչը կհանգեցնի նոր վերադասավորությունների։

«Եթե Թրամփի ծրագիրը հաջողվի, ապա դա կազդի նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, մեծացնելով նախաձեռնողականությունը Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերում։ Սա կբերի Անկարայի ազդեցության էլ ավելի աճի, ինչը կարող է սրել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Այս պարագայում Կովկասը կարող է դառնալ Արևմուտք-Թուրքիա-Իրան եռանկյան մրցակցության նոր հարթակ։

Ուշագրավ է Եգիպտոսի գագաթնաժողովից Ռուսաստանի ու Իրանի բացակայությունը, որը որոշակիորեն ցույց է տալիս Մերձավոր Արևելքում նոր վերադասավորումներ հաստատելու ցանկությունը, բևեռ, որում չկան Իրանն ու Ռուսաստանը: Եթե Թրամփի խաղաղարար նախաձեռնությունը զարգանա, Հարավային Կովկասը կարող է հայտնվել նոր աշխարհաքաղաքական վերաձևավորման շղթայի մեջ, որտեղ մրցակցությունը կսրվի»,- ասաց Եվսեևը:

Նա գտնում է, որ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունը Գազայում կարող է դառնալ ռեգիոնալ վերադասավորումների մեկնարկային կետ, որտեղ Հարավային Կովկասը՝ իր աշխարհագրական ու քաղաքական զգայունությամբ, կվերածվի նոր մրցակցությունների հանգույցի:

Ինչ վերաբերում է բուն ներկայիս իրավիճակին Հարավային Կովկասում, ապա, Եվսեևի խոսքով, խաղաղության հաստատման մասին շատ է խոսվում, սակայն ամբողջական խաղաղության մասին կարելի է խոսել համաձայնագրի ստորագրումից հետո, երբ նկատելի կլինի, որ կողմերը չունեն տարաձայնություններ:

«Ներկայումս տարաձայնությունները պահպանվում են, կան աշխարհաքաղաքական ակտիվ տեղաշարժեր, որոնք անդրադառնում են Հարավային Կովկասի վրա, և քանի որ դրանք կրում են անընդհատ բնույթ, դժվար է ասել, թե զարգացումներն ի վերջո ինչ իրավիճակի կհանգեցնեն: Ներկայումս միտումն այն ուղղությամբ է, որ Ռուսաստանի ու Իրանի դիրքերը թուլանում են, Թուրքիայինը՝ շարունակում ամրապնդվել, ԱՄՆ-ը և Արևմուտքն ակտիվանում են, սակայն Հարավային Կովկասի երկրները փորձում են ժամանակ առ ժամանակ բալանսավորված արտաքին քաղաքականություն ցուցադրել, սակայն համագործակցությունն ակնհայտորեն սերտ է Արևմուտքի հետ»,- նկատեց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս