Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատիրոջ հետևից է ընկել՝ Սամվել Կարապետյան և Ռուբեն Վարդանյան. Ռոբերտ Ամստերդամ

«Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել, մեկը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, մյուսը՝ գործարար Սամվել Կարապետյանը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա, թե ինչու է այսօր կալանավորված հեղինակություն վայելող գործարարն ու բարերարը։

Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը։

«Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին կրոնական ծեսի էր մասնակցում, և բիրտ ռեժիմը նրան բանտարկում է»,- ասաց Ամստերդամը։

Նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի հետ պատրաստվում է դիմել Եվրամիությանը՝ պահանջելով, որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ ունենալու համար։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչը վերաբերում է նաև բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հետապնդումներին»,- ասաց Ամստերդամը։

Տեսանյութեր

Լրահոս