
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային խորհրդակցություններ են անցկացնում Թրամփի սպառնալիքների ֆոնին

Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրային գերատեսչությունների աշխատանքային խմբերը շարունակում են խորհրդակցություններ վարել չինական ապրանքները լրացուցիչ 100% մաքսատուրքերով հարկելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
«Չինաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմի միջոցով: Երեկ կայացել են բանակցություններ աշխատանքային մակարդակով», – ասվում է մեկնաբանության մեջ, որը տարածվել է այն լուրերի ֆոնին, թե Պեկինն, իբր, մերժել է ԱՄՆ իշխանությունների առաջարկությունը՝ անցկացնել հեռախոսազրույց հազվագյուտ մետաղների նկատմամբ Չինաստանի արտահանման վերահսկողության խստացման առիթով:
Այդ միջոցը կտրուկ արձագանքի է արժանացել Սպիտակ տանը, որը չինական կողմին սպառնացել է նոր մաքսատուրքերի սահմանմամբ: Հոկտեմբերի 9-ին Չինաստանի առևտրի նախարարությունը հրապարակել է մի քանի փաստաթղթեր՝ հազվագյուտ մետաղների, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և դրանց արդյունահանման սարքավորումների արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման միջոցների մասին:
Դա առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը, որը հաջորդ օրը Պեկինին սպառնացել է մաքսատուրքերի 100%-ով բարձրացմամբ և ծրագրային ապահովման մատակարարումների սահմանափակումներով, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ:
Այսպիսով, չինական ապրանքների համար ԱՄՆ ընդհանուր մաքսատուրքերը կարող են կազմել 130%:Չինաստանի Մաքսային գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ չինական կողմը հունվար-սեպտեմբերին հազվագյուտ մետաղների արտահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 12,6%-ով՝ մինչև 48,35 հազար տոննա: Ինն ամիսներին մատակարարումների արժեքն, ընդհակառակը, կրճատվել է 7,8%-ով՝ մինչև 342,3 միլիոն դոլար: