Զսպե՛ք թավշյա ձեր օլիգարխին, վերահսկեք շուկան. երկրում բիզնեսը վարի մի՛ տվեք
Շուկայում ինքնարժեքից ցածր գնով ձու է վաճառվում, գինը ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ 29 դրամ, մինչդեռ այս պահին ձվի իրական գինը շուկայում տատանվում է 44 դրամից մինչև 65 դրամ՝ նայած, թե ինչ չափսի ձու է։
29 դրամանոց ձուն «Շիրակ» թռչնաֆաբրիկայինն է, որի 29 դրամ արժեքը մեծ տարակուսանք է առաջացրել շատ քաղաքացիների մոտ, որովհետև տարբերությունն այլ ընկերությունների արտադրանքի հետ զգալի է: Մի խանութում՝ 29 դրամ, մյուսներում՝ 44 դրամ, 65 դրամ: Մարդիկ չեն հասկանում՝ ինչ ձու է, որ օրվա է, որտեղից են ներկրել… Մի խոսքով, նրանք լուսանկարել են սուպերմարկետներումև ուղարկել մեր խմբագրություն։ Ասում են՝ խնդրում ենք՝ բացատրեք, սա ինչ խնդիր է, ինչ ձու է, ինչու են այդքան տարբեր գները:
Իրականում, սա առաջին նման դեպքը չէ, երբ շուկայում հայտնվում է 29 դրամանոց ձու՝ նույն ընկերության կողմից արտադրված։
Այսպիսով՝ դեռևս 2022 թվականին նույն ընկերությունը շուկա էր հանել 30 դրամանոց ձու, սակայն որոշ ժամանակ անց նույն ձուն սկսել էր վաճառել 60-65 դրամով։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am–ի հետ զրույցում ևս հիշեցրեց, որ 3 տարի առաջ նույն ընկերությունը կրկին նման արժեք էր առաջ բերել շուկայում։
«Հնարավոր չէ, որ այդ գնի ձուն թարմ լինի, իմ կարծիքն եմ ասում, թեպետ չես կարող ասել, մինչև սեփական աչքով չտեսնես։ Բայց, այդուամենայնիվ, եթե այդ արժեքով էվաճառվում, կա՛մ ժամկետանց է, կա՛մ էլ ժամկետի ավարտը մոտենում է։ Մնացածը ես կհասկանամ, թե ինչո՞ւ է այդպես… Նույն բանն է կրկնվում, նույն ընկերությունը 3 տարի առաջ կրկին այդպիսի բան արեց, հարցը հասավ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, և այլն։ Կրկնում եմ՝ կա՛մ հին ձու է վաճառում, կա՛մ էլ մոտը շատ է հավաքվել, ինքնարժեքից ցածր գնով վաճառում՝ դեմպինգ է անում, այլ տարբերակ չկա։
Փաստորեն, սուպերմարկետը, որտեղ այդ ձուն վաճառվում է, նույն ընկերության կառավարիչներին է պատկանում։ Այդ սուպերմարկետում մի ժամանակ էլ 750 դրամով մսատու հավ էին վաճառում։ Չգիտեմ, իրենք պետք է իրենց պատվի համար մտածեն մի քիչ… Նման կասկածների դեպքում պետք է զանգահարել ՍԱՊԾ-ի թեժ գծին»,- ասաց Սերգեյ Ստեփանյանը՝ վերջում հորդորելով այդ մասին տեղեկացնել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՊԾ)։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ձվի շուկան Հայաստանում ունի «հետաքրքիր» կառուցվածք, և կան շատ խախտումներ, որոնք անտեսանելի են։
«Ըստ էության ձվի արտադրությունում, մինչև շուկա դուրս գալը, ձուն պետք է մակնշված լինի իրականում արտադրման օրով, այսինքն՝ եթե հավը ձուն ածում է,օրինակ, փետրվարի 4-ին, դրա վրա պետք է մակնշվի նույն օրը, հետո, երբ կհանեն շուկա՝ կհանեն։ Բայց ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, հավը ձուն ածում էփետրվարի 4-ին, բայց եթե ձուն շուկա են հանում պայմանական մարտի 20-ին, ձվի վրա մակնշում են ամսի 20-ը, որովհետև վերահսկողություն այս տեսանկյունից չկա։ Եթե դու արտադրողին թույլ վերահսկողությամբ թույլ ես տալիս հինը նորի տեղը վաճառել, ինքը, բնականաբար, այդ քայլին գնում է։ Ինչո՞ւ եմ այս օրինակը բերում, որովհետև իրական պիտանելիության ժամկետի մասին բոլորը գիտեն՝ վերահսկողից մինչև սպառող։
Չի բացառվում, որ մինչև 25 օրվա մեջ տեղավորված ձու լինի կամ այնպիսի ջերմային պայմաններում պահած լինեն, որ շուկա հանելուց 7-10 օր խնդիր չունենա։Չի բացառվում, որ հին ձու լինի, բայց պետությունը կոպեկների ծախսով կարող է ձվի թարմությունն իմանալ և շատ մոնիթորինգով անվտանգային հարցերը լուծել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Ըստ նրա, այն ամբողջ շղթան, որը կա անվտանգության հետ կապված, Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմնի խնդիրն է։
«Հիմա շուկայում դեմպինգ կա՞, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ շուկայում տեղի է ունենում պահեստների մաքրում, որովհետև ընկերությունը, կարող է, ունի ավելցուկ։ իսկ ավելցուկ կարող է լինել երկու պատճառով. հավկիթի շուկայում պահանջարկը մեծանում է Ամանորին ու Զատիկին, հիմա սկսվում է պահեստավորման գործընթաց՝ Զատիկից առաջ։ Չի բացառվում, որ Ամանորի համար պահեստավորած լինեն, հետո հունվարին բաց թողնեն շուկա, կոպիտ ասած՝ վերամշակելու փոխարեն, էժան գնով հանեն շուկա։ Առանց ուսումնասիրության՝ իրավական գնահատական տալ չենք կարող՝ դեմպինգ կա՞, թե՞ ոչ։ Բայց այն, որ գինը լրիվ բավարար է ուսումնասիրություն սկսելու համար՝ երկրորդ կարծիք լինել չի՛ կարող։ Սա այն ահազանգն է, որը չի կարելի չուսումնասիրել, այսինքն՝ երբ տեսնում են՝ շուկայում վաճառքի է դրվել 29 դրամանոց ձու, դա լրիվ բավարար է այդ շուկայում ուսումնասիրություն սկսելու համար։ Նաև չեմ բացառում, որ ամենափոքր չափսի ձուն են հանել շուկա, որը հիմնականում շուկա չեն էլ հանում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Բաբկեն Պիպոյանը նաև ընդգծեց՝ ձվի շուկայում իրականում անհրաժեշտ է լուրջ մոնիթորինգ, քանի որ նման տարի չի եղել, որ շուկայում նորմալ ու պրոֆեսիոնալ վերահսկողություն կատարվի։
Այստեղ շատ կարևոր է նշել, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է ՔՊ-ականների սիրելի Նարեկ Նալբանդյանին, որը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանազավթումից հետո դարձավ նորահայտ օլիգարխ, որին թույլատրվում և ներվում է ամեն ինչ։
Որպեսզի պատկերացնեք՝ ով է նա, մի քանի վերնագրեր ու հղումներ ներկայացնենք ԶԼՄ-ներից.
- Նարեկ Նալբանդյանը մտել է հանքարդյունաբերության ոլորտ․ նա բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում:
- Նարեկ Նալբանդյանին թույլատրել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գրավ դնել բանկում․ մանրամասներ գործարքից:
- Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ն Սևանից ապօրինի ջրառ է կատարել:
- Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում»:
- «Գոլդեն փելիս»-ը գնած Նարեկ Նալբանդյանը այժմ էլ գնել է Հովիկ Աբրահամյանի դղյակը․ նա նախկին ոստիկան է:
- Հավի ու ձվի շուկայում գների հրաշագործը՝ թավշյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը և այլք:
Կարծում ենք՝ այսքանը բավական է՝ պատկերացնելու համար, թե Նարեկ Նալբանդյան օլիգարխին ինչ արտոնություններն են տվել Փաշինյանը և պետական տարբեր պաշտոնյաներ, որոնք կոչված են շուկան վերահսկելու և տնտեսվարողի ու սպառողի շահերը պաշտպանելու:
Ի դեպ, նման ահազանգեր տարիներ շարունակ հնչեցրել են նաև տնտեսվարողները, որոնք «Շիրակ» թռչնաֆաբրիկայի այդ գործողությունների արդյունքում մեծ վնասներ են կրել:
««Շիրակ» թռչնաֆաբրիկան էժան է ձուն վաճառում, որ իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա»,- 2022թ. հայտարարում էր «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրենը:
2022թ. «Շիրակ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը դարձյալ նույն խաղն էր խաղացել: Նա դարձյալ ձուն վաճառել էր ինքնարժեքից ցածր գնով, որին, ստիպված, հետևել էին ձու արտադրող այլ ընկերություններ։ Եթե հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ էր տատանվում,ապա Նարեկ Նալբանդյանի սուպերմարկետներում ձուն վաճառվում էր նույնիսկ մինչև 34-37 դրամով։
2022թ. «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, որՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ստել էր, երբ Ազգային ժողովում հայտարարել էր, թե ձվի շուկայում «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ չի իրականացնում, քանի որ այդ ընկերության իրացման ծավալները4 կամ 5 % է։
«Ո՞ւմ աչքերին է ինքը թոզ փչում։ «Շիրակ» թռչնաֆաբրիկան օրական արտադրում է 420 արկղ ձու, և հիմա էլ սկսել է արտադրել մոտ 330 արկղ։ Իսկ Հայաստանում ամեն օր արտադրվում է3000 արկղ ձու, այսինքն՝ 750-ը 3000-ի մեկ քառորդ մասն է։Էդ ինչպե՞ս է լինում, որ արտադրողը երբ արտադրում է 750 արկղ ձու, դառնում է շուկայի 4 տոկոսանոց արտադրող։ Գեղամ Գևորգյանը բացեիբաց պաշտպանեց նոր խաղացողի՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շահերը, որին հովանավորում է Կառավարությունը»,-ասել էր «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանը։
Նույն սցենարն է: Կառավարությունը, իշխանությունները թքած ունեն տնտեսական այս ծանր պայմաններում գործունեություն ծավալող գործարարների վրա, ինչպես նաև սպառողների: Կարևորը՝ իրենց ստեղծած և հովանավորյալ Նարեկ Նալբանդյանի գործերը լավ գնան: