Չնայած հայկական կողմի պարզաբանումներին՝ իրանական կողմը հետևողականորեն աշխատում է «միջանցք» գաղափարի դեմ

ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել, որտեղ փորձել է բացել վաշինգտոնյան պայմանավորվածությունների մանրամասները, որոնք իրանական կողմին հասանելի են դարձել կամ ներկայացվել է ՀՀ իշխանությունների կողմից։

Isca News-ին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ո՛չ խաղաղության համաձայնագրի փաստաթղթում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների միջև ստորագրված հայտարարության մեջ չեն հիշատակվում տրանսպորտային ուղիներ կամ «միջանցք» անվանումով որևէ բան, այլ միայն քննարկվում է տրանսպորտային ուղիների բացումը, որոնք Ադրբեջանին կապահովեն Նախիջևան մուտք գործելու հնարավորություն, մինչդեռ Հայաստանը, իր հերթին, երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ:

Դեսպանը կարևոր շեշտադրւմներ է արել՝ նշելով, թե Հայաստանը և Միացյալ Նահանգները բանավոր համաձայնության են եկել, այլ ոչ թե գրավոր, գրանցել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն Հայաստանում և որոշել օպերատորին և ներդրողին նախագծի իրականացման համար, որն ամբողջությամբ կլինի Հայաստանի ազգային ինքնիշխանության և իրավասության շրջանակում և կկարգավորվի Հայաստանի անվտանգության մարմինների, անձնագրային վերահսկողության և մաքսային ընթացակարգերի կողմից։

«Ըստ համաձայնագրի՝ դա յուրատեսակ օպերատորություն կլինի, այլ ոչ թե երթուղու տիրապետում»,- ընդգծել է Իրանի դեսպանը։

Կարդացեք նաև

Ըստ դիվանագետի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարության տեքստը, որի մանրամասները երկու երկրները պետք է քննարկեն ապագայում, լիովին հաշվի է առնում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ցանկալի հինգ սկզբունքները, «ներառյալ ազգային ինքնիշխանության հարգանքը, սահմանների ամբողջականության հարգանքը, իրավասությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ուստի դրա վերաբերյալ անհանգստանալու որևէ պատճառ չկա»։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը որպես օրինակ մատնանշել է Երևանի օդանավակայանը, որը պատկանում է Հայաստանի կառավարությանը, և անձնագրային վերահսկողությունը, մաքսային ընթացակարգերը և անվտանգության ստուգումներն իրականացնում է կառավարությունը, սակայն օդանավակայանի կառավարումը փոխանցվել է ներդրումային ընկերության, ուստի համաձայնեցված տարանցիկ երթուղու համար «99 տարվա վարձակալություն» անվան տակ օգտագործված արտահայտությունները սխալ են։

Դեսպան Սոբհանիի տողատակերում ուշագրավ նրբություններ կան, իրանցի դիվանագետը ցույց է տալիս, որ իրանական կողմն ընդունում է հայկական կողմի պարզաբանումները, դրանք հանրայնացնում և արձանագրում, որ միջանցք թույլ չի տրվելու, որի մասին ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են անում իրանցի պաշտոնյաները։

Օրերս էլ Իրանի խորհրդարանը հատուկ հայտարարություն էր ընդունել, դրանում պնդելով, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացման ցանկացած գործողություն կլինի տարածաշրջանի ազգերի շահերի հետ անհամատեղելի գործողություն և ուղիղ սպառնալիք հավաքական անվտանգությանը»։ Նշվում էր, որ հայտարարությանը միացել է խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը։

«Այս տարածաշրջանը ոչ միայն աշխարհագրական սահման է, այլև Իրանի անվտանգության շրջագծի, ռազմավարական խորության և քաղաքակրթական ոլորտի մի մասն է, տարածք, որը դարեր շարունակ ամուր պատմական, մշակութային և անվտանգության կապեր է ունեցել Իրանի հետ և այսօր էլ շարունակում է կենսական դեր խաղալ տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության պահպանման գործում»,- ասված էր հայտարարությունում։

168am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ՝ անկախ պայմանավորվածություններից և ընթացող քննարկումներից, իրանական կողմը չի հրաժարվում այդ թեմայի նկատմամբ ուշադրությունից, անընդհատ անդրադարձերից, թերևս ունենալով մտահոգություններ։

Նրա խոսքով՝ կողմերից մեկը հայտարարում է, որ չկա միջանցքի պայմանավորվածություն, իսկ մյուս կողմը նշում է «միջանցք», ուստի իրանական կողմը չի հրաժարվում այս ուղղությամբ իր հետևողական դիվանագիտությունից՝ ակտիվ շփումներ ծավալելով կողմերի և այլ շահագրգիռ սուբյեկտների հետ։

«Ավելորդ է ներկայացնել, թե ինչ կարևոր ռեգիոն է Հարավային Կովկասն Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ թե աշխարհաքաղաքական աշխարհագրական և անվտանգային, ենթակառուցվածքային, տարանցիկ տեսանկյունից, ուստի անմիջական հարևանությամբ ամերիկյան ներկայությունը կամ այդ հատվածում ՀՀ ինքնիշխանության թուլացումն անընդունելի ու խիստ անցանկալի սցենար է Իրանի համար, լի բազմաթիվ ռազմավարական բնույթի սպառնալիքներով, որոնք ոչ միայն Իրանի համար են սպառնալիքներ, այլև ռեգիոնի մնացած երկրների, այդ թվում՝ Հայաստանի։ Ուստի Իրանն իրեն բնորոշ հետևողական դիվանագիտությամբ շահագրգիռ բոլոր կողմերին փորձում է հասցնել իր ուղերձը։

Բացի այդ, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն տալիս բոլոր հարցերի պատասխանները, ակնհայտ է, որ շատ հարցեր անգամ այդ պայմանավորվածություններից հետո քննարկվելու են ռեգիոնում և լուծում են ստանալու ռեգիոնում, ուստի Իրանն իր կողմից պատրաստակամություն է հայտնում կողմերին աջակցել, զուգահեռաբար նպաստելով ռեգիոնում կայունությանն ու անվտանգությանը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ալի Սալամին նաև նշեց, որ երբ բանակցությունների ընթացքում բոլոր հարցերի շուրջ ձեռք չեն բերվում պայմանավորվածություններ, կողմերը դրանք մեկնաբանում են յուրովի։

«Սակայն փաստն այն է, որ երթուղու հետ կապված շատ հարցեր, մեխանիզմներ որոշվելու են առաջիկա ամիսներին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս