Ադրբեջանը հարձակման նոր «հիմքեր» է գտնում. Փաշինյանը, սակայն, «ցուցմունք» է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ
Հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի օրը, Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է հանդիսավոր շարանցումով, այնուհետև տոնական միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի ներսում:
Սա՝ այն պարագայում, երբ Փաշինյանը պարբերաբար իր հայտարարություններով վնասում է բանակին, զինվորին, սպային, նրա բարոյահոգեբանական մակարդակին, ով «հաղորդում» է տալիս ՀՀ զինված ուժերի դեմ, ով իրական Հայաստան-պատմական Հայաստան, Արարատ-Արագած իր առաջ բերած կեղծ դիսկուրսում շանտաժ է անում զինված ուժերին և Սուրեն Պապիկյանին, ով ժամանակ առ ժամանակ նաև թիրախավորվել է տարբեր շրջանակներից, այդ թվում՝ մերձիշխանական:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է «իջեցնել» բանակի կարևորության և կարգավիճակի նշաձողը և՛ իրականում, և՛ մարդկանց ընկալումներում: Մասնավորապես, հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում իր ելույթում նա հայտարարել է.
«Այո՛, բանակը պետական արժեք է, ինձ համար առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, պետականությունը, անկախությունը և այդ պետականության ողնաշարը՝ բանակը, զինված ուժերը, իսկ բանակը և զինված ուժերը մարդիկ են առաջին հերթին: Եվ մարդիկ պետք է իրենց զգան գնահատված, մարդիկ պետք է իրենց զգան հարգված և մարդիկ պետք է իրենց զգան արժանապատիվ»:
Թվում է՝ շատ լավ բան է ասում, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը գնահատված լինել ասելով՝ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավում է պատկերացնում, և հենց դա նկատի ունի:
Սա, անշուշտ, չափազանց կարևոր է: Մյուս կողմից, դա դեռ չի արտահայտում պետության ղեկավարի հարգանքը, ով առնվազն 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հրապարակային վարկաբեկում է բանակը, սպային, գեներալին, զինվորին՝ պարտության մեղքը թողնելով նրա ուսերին, կամ՝ ով հրապարակային հայտարարում է, որ սխալվել են՝ բանակին վստահելով:
Այսինքն, բանակի հանդեպ հարգանքը չի կարող միայն գումարով չափվել, կամ՝ ցածր աշխատավարձ տալ և օգտվել նրա գաղափարական լինելուց, նման ժամանակներ էլ են եղել:
Կարևոր է երկուսի առկայությունը միաժամանակ: Բայց եթե աշխատավարձի բարձրացմամբ կարելի է հարցն առավել արագ փակել, ապա, եթե բանակը բարոյալքվեց, սպան սովորեց առանց գաղափարի աշխատանքին, ոչ թե ծառայությանը, այս խնդրի լուծումը բարդ է լինելու և երկարատև:
Մի առիթով իզուր չէ, որ Վազգեն Սարգսյանն ասել է. «Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես: Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա»:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հենց սա է անում՝ բանակին պարտադրում է հայրենասիրության իր մոդելը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, բայց, ըստ էության, ռազմական օրենքներից հեռու իր սահմանած «լեգիտիմ» խնդիրները:
«Որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, մեր զինվորին առաջարկում է շատ կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների, մեր տարածքների անվտանգությունը: Եվ սա է այն մոդելը, որի վրա պետք է կառուցենք մեր նոր, նորացված, թարմացված պաշտպանունակ բանակը: Սա է այն հենքը, որի վրա պետք է իրագործենք բանակի կերպափոխման այն հայեցակարգը, որն արդեն Անվտանգության խորհրդի հավանությանն է արժանացել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր»,- ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարել է Փաշինյանը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան իր գրառման մեջ ավելի բաց տեքստով նշել է. «ՀՀ բանակի զարգացման մեր տեսլականը հիմնված է Իրական Հայաստանի հայեցակարգի վրա:
Սա նշանակում է, որ մեր բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելն է, և այդ տարածքից դուրս ՀՀ բանակը չպետք է կիրառվի»:
Բաքվի դատավարության և Ադրբեջանի փոխհատուցման պահանջների ֆոնին, սա, ըստ էության, վտանգավոր հայտարարություն է, որը կարող է Ադրբեջանն օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ, ի դեպ, նաև հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է՝ մինչև այս ՀՀ զինված ուժերն օգտագործվել են ՀՀ սահմաններից դուրս, ընդ որում, նկատի չունենալով միայն Արցախը: Եթե այո, ապա այստեղ Փաշինյանը չպետք է մոռանա իր պատասխանատվության չափի և հրապարակավ, օրենքի խախտումով մարտակոչերի մասին, և ոչ միայն:
Կարո՞ղ ենք ասել, որ այս Փաշինյանն ավելի քան 200 քկմ-ն չի համարում ՀՀ ինքնիշխան տարածք, հատկապես, երբ մի հարցազրույցի ժամանակ խոստովանել էր, որ 2021 թվականի մայիսին կրակելու հրաման չի եղել, քանի որ նախընտրական շրջան էր, և ոչինչ, որ մայիսյան Ադրբեջանի առաջխաղացման համար գեներալ կա մեղադրվող՝ Արայիկ Հարությունյան: Իսկ ավելի ուշ էլ Փաշինյանն ԱԺ-ում կասկածի տակ էր դրել 2021-2022 թվականներին ՀՀ օկուպացված տարածքների հայաստանապատկան լինելը:
Ուստի հարց՝ այդ 29.743 քկմ տարածքի մեջ մտնո՞ւմ են օկուպացված տարածքները, կամ՝ դրանցից որքա՞ն մասն է վերադարձվելու, և արդյո՞ք մի օր 29.743 քկմ-ն Փաշինյանը չի փոքրացնի:
Այսինքն, այստեղ Փաշինյանը պատասխանատվության լուրջ չափաբաժին ունի, ավելին, թեև ասում է, որ փորձում են կասեցնել ՀՀ-ի դեմ արտաքին և ներքին ուժերի գործողությունները, բայց ինքն իր վերը նշված հայտարարությամբ ցուցմունք է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ:
Այս համատեքստում հարկ է հիշել, որ Փաշինյանը լինելով այն գաղափարին, որ՝ «1994 թվականից Արցախի հարցով բանակցությունները վարվել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ», սակայն 44-օրյայից առաջ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին «թույլատրել էր» հայտարարել՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։
«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի՝ ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»,- 2019 թվականի մարտին լրագրողներին ասել էր Փաշինյանը:
Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
Այսինքն, ինչպես մի անգամ մենք նկատել ենք մեր համապատասխան հոդվածում, Տոնոյանը դարձավ Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության զոհ», այստեղ մենք դեռ նկատի էինք ունեցել փաշինյանական մյունխենյան բանաձևը՝ չկան տարածքներ, կա անվտանգություն:
Իսկ Տոնոյանը զուտ ռազմական կոնտեքստում էր այս մասին ասել, ավելին, մի առիթով ասել ենք, որ նմանօրինակ միտք նա ասել էր նաև 2015 թվականին՝ «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է»:
Ի դեպ, դեռ հարց է՝ ԱՄՆ-ում Տոնոյանի այդ հանդիպումն արդյո՞ք փակ չէր, արդյո՞ք նախկին նախարարի հայտարարությունները հրապարակման ենթակա էին, որն «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր, որի մասին պարբերաբար հիշում է Ադրբեջանը: Ինչևէ:
Վերադառնանք ՀՀ ԶՈՒ առաջ դրված խնդիրներին և Բանակի կերպափոխման հայեցակարգին, որը հիմնված է կսռավարության 2021-2026 ծրագրի վրա, բայց որի գործողության ժամկետը 2024-2035 թվականներն են: Ավելին, կսռավարության 2021-2026 ծրագիրը հակասության մեջ է մտնում Փաշինյանի բանակի օրվա պահանջի հետ՝ «բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելն է և այդ տարածքից դուրս ՀՀ բանակը չպետք է կիրառվի», քանի որ այդտեղ շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա նկատի է առնվել նաև ԶՈՒ կիրառման պլանում, որը չի իրականացվել:
Իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել «պատերազմ և ահաբեկչություն» հրահրելու մեջ՝ անդրադառնալով Arm Tactical Training Center-ի գործունեությանը: Նիկոլ Փաշինյանին սա ոչինչ չի՞ ասում, որ Ադրբեջանին դժվար չէ պատերազմի համար «հիմք» գտնելը, որքան էլ ՀՀ զինված ուժերին կաշկանդեն, նրան կաղապարեն, խաղաղության օրակարգ պարտադրեն:
Ի դեպ, 2024-ի վերջին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի էր ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և «ArmTactical Training Centre» համալիրի ղեկավար կազմերի մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել էին «Arm Tactical Training Centre» համալիրի առաջարկությունները ՀՀ ՆԳՆ պարեկային ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների համար մշակված հատուկ տակտիկական պատրաստության շրջանակներում իրականացման, միջազգային չափանիշներին համապատասխանող վերապատրաստման ու կատարելագործման վերաբերյալ: Եվ սա Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի դեմ հարձակվելու իր պլանների համար:
Իսկ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության դեմ է «ցուցմունք» տալիս նաև…