Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի 1932 թվականի շինարարական վթարի մանրամասները

1930 թվականին Երևանում սկսվում է Քանաքեռի ջրաէլեկտրակայանի կառուցումը: Այն կառուցվում է Հրազդան գետի միջին հոսանքի վրա՝ Արզնիի և Քանաքեռի միջև: Ջրաէլեկտրակայանի կառուցումն ավարտվում է 1936 թվականին: Արզնիի հէկից դուրս եկող ջրերը, որոնք արդեն օգտագործվել էին էլեկտրաէներգիա ստանալու համար, տեղափոխվում են դեպի Քանաքեռի հիդրոէլեկտրակայան։ Այստեղ դրանք անցնում են հատուկ ջրանցքով, որի երկարությունը մոտ 13 կմ է: Կայանի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 100 մեգավատտ։

Կայանն աշխատում է ավտոմատ համակարգով, և նրա գործարկումը 1936 թվականին կարևոր քայլ էր Հայաստանի միասնական էներգահամակարգի ձևավորման ճանապարհին։ Այստեղի ջրատարի աշխատանքի արդյունքում է, որ ջուր է հասնում Արաբկիրի և Դալմայի ոռոգիչ ջրանցքներ, ինչպես նաև Կոտայքի մարզի ջրային կայան: Այս արդյունաբերական ձեռնարկության աշխատանքը պայմանավորված էր Սևանի էլեկտրակասկադի կառուցմամբ:

1934 թվականին հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանը գրում է իր «Քանաքեռգէսի մասին» ակնարկը, որտեղ պատմում է այնտեղ իր այցելության մասին, նկարագրում է այն և կառույցի ներսի մի շարք մանրամասներ:

«Քանաքեռգէսի սիստեմը իր սկիզբն առնում է Արզնու ձորից: Այնտեղ նրա ամբարտակն է, ապա թունելները, ապա ջրանցքը, որը գալիս է իջնում Քանաքեռ գյուղի տակ բարձր ձորափը: Եվ այստեղից, վեհանիստ բարձունքից ճնշման խողովակների միջով ջրանցքի ջուրը ահռելի ուժով պիտի զարկի ձորամիջի էլեկտրակայանին և առաջ բերի այդ զարմանալի էներգիան: Անցյալ տարի էր, հուլիսի մի կատաղած օր այցի գնացի այդ գիգանտը»: (Դեմիրճյան Դ., «Երկերի ժողովածու», հատոր IV, Երևան, 1978 էջ 148):

Այնուհետև Դեմիրճյանը շարունակում է նկարագրությունը և պատմում մի հետաքրքիր դեպքի մասին, որը տեղի է ունեցել 1932 թվականին: Պարզվում է, որ այդ ժամանակ շինարարական մի մեծ վթար է եղել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանում, սակայն բանվորների, շինարարական աշխատանքները ղեկավարողների ջանքերի ու նվիրվածության շնորհիվ հնարավոր է եղել կանխել մեծ աղետը:

«- Հոգնած եք:

– Այո, մի քիչ… ամբողջ գիշեր, գիտե՞ք, բետոն էին դնում տուրբինի մասում։

Ու ամոթխած նայում է ու հոգնած ժպտում, կարծես արդարանում է: Աչքերը պսպղում են և տենդոտ փայլում: Անքուն է եղել ամբողջ գիշեր: Ձայնը խզված է։

– Լավ, մի՞թե չեք վստահում ձեր օգնականին, վարպետներին։

– Վստահ եմ, իհարկե, բայց… գիտե՞ք… շատ պատասխանատու պրոցեդուրա է: Ամեն կուբամետր բետոնը, որ դրվում է՝ պետք է ճիշտ և վերջնականապես դրվի: Սխալ դրիր՝ պրծար, էլ ուղղել չի կարելի: Պետք է սեփական աչքով տեսնես ամեն մանրամասնություն…

Սակայն նեղվում է իր մասին խոսելուց: Խոսքը շուռ է տալիս․․․

– Շատ բարեխիղճ և պատրաստված մարդիկ ունեմ և անձնուրաց բանվորներ: Նրանք որ չլինե՜ն…

Հայաստանի խորհրդայնացման 12-րդ տարեդարձն էր, նոյեմբերի 28-ի գիշերը: Պատրաստվում էինք ռապորտ տալ կուսակցության: Հանկարծ կայանի հիմքում մի մեծ ճեղքվածք: 36 մետր երկարություն և 4 մետր խորություն: Լա՜վ ռապորտ կտանք… Իսկ մենք ցերեկը ուրախ պատրաստվում էինք հանդեսին: Նվաճումներ ունեինք: Եվ ահա ճեղքվածքը, այն էլ հիմքում… Փչացավ հանդեսն էլ, ռապորտն էլ: Տղերքն իրար անցան։

Կոմերիտականներն ու վարպետները: Բանվորներ կան, որ այս շենքում են «ծնվել», աչքները բացել են սրա պայքարում: Ճեղքվածքում ջուր էր հոսում: Պետք էր ջրերը կապել և ճեղքի մեջ բետոն լցնել:- Ընկերնե՛ր, չենք տա դիրքերը, ճեղքը պիտի լցվի այս գիշեր ևեթ: Տղերքը ձեռները քշտեցին ու բանավանից թափվեցին ձորը ու սկսվեց մի զարմանալի կռիվ ճեղքի դեմ: Բրիգադները պատվո խնդիր դրին,- «վաղը ռապորտ տալ, որ ճեղքվածքը փակված է»: 500 խորանարդ մետր բետոն գնաց, և ճեղքվածքը փակվեց: Ամբողջ գիշերը չքնեցինք, տագնապալից պայքարեցինք, օրը լուսացավ և հաղթական ռապորտը տվինք»: (Նույն տեղում, էջ 149-150):

Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի կառուցումը ոչ միայն տեխնիկական առաջընթացի կարևոր դրսևորում էր, այլև Հայաստանի արդյունաբերական հիմնասյուներից մեկը։ Այն միավորեց բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու ինժեներական մտածողությունը: Դերենիկ Դեմիրճյանի ակնարկը լրացնում է այս պատկերը՝ ցույց տալով, որ կառույցի ետևում կանգնած էին ոչ միայն մեխանիզմներ, այլև մարդկանց նվիրումն ու պատասխանատվությունը։ Քանաքեռգէսը ներկայանում է ոչ միայն որպես ինժեներական կառույց, այլև որպես հայ մարդու կամքի և աշխատանքի խորհրդանիշ։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930