
Բանակի օրվան ընդառաջ՝ Փաշինյանը շանտաժ է անում զինված ուժերին և Սուրեն Պապիկյանին. Ի՞նչ ազդակներ են ստացվել Թուրքիայից և Հայաստանին զենք մատակարարող երկրներից

Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ երկրների՝ Հայաստանին սպառազինության մատակարարման կամ ՀՀ զինված ուժերի զինման, դրա հետ կապված Ադրբեջանի պահանջների և Փաշինյանի որդեգրած քաղաքականության համատեքստում (սահմանափակումներ մտցնել ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ, չեղարկել զենքի ձեռքբերման պայմանագրերը և մատակարարվածը վերադարձնել) 168.am-ը գրել է, որ Փաշինյանը «հաղորդում» է տվել ՀՀ զինված ուժերի դեմ:
Մենք նաև նկատել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում, և չի բացառվում, որ Փաշինյանը նրա առջև ռազմական պայմանագրեր և պայմանավորվածություններ չեղարկելու մասին հստակ խնդիր դնի: Եվ Պապիկյանը կա՛մ պիտի գնա դրան՝ միջազգային գործընկերների մոտ անլուրջ տպավորություն թողնելով, կա՛մ…
Մեր համապատասխան հոդվածում նշել էինք, որ Փաշինյանը բացարձակ կաշկանդվածություն չունի այս հարցում: Ավելին, եթե պետք լինի, Ադրբեջանի պահանջի կատարման հիմնավորում կարող է բերել, օրինակ, արդեն մատակարարված սպառազինության հետ կապված խնդիրները և դեռ մի բան էլ հղում անել իրենց ընդդիմախոսների պնդումներին, եթե խոսքը գնված զինամթերքի վերադարձի մասին է: Իսկ նոր սպասվող զինամթերթի համար էլ որպես պատճառ կարող է բերել, օրինակ, 2022 թվականին իր հայտարարությունը՝ կապված սպառազինության գնման խոչընդոտների հետ, երբ ներկայացվել էր 4 բաղադրիչ՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական, տրանսպորտային:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարին պարտադրված ասուլիսի ընթացքում մենք հետաքրքվեցինք՝ արդյո՞ք պատկերացնում է իր կնքած ռազմական պայմանագրերի և ձեռք բերած պայմանավորվածությունների ապագան, եթե Ադրբեջանն ընդունի այս առաջարկը, այսինքն՝ համաձա՞յն է իր կնքած պայմանագրերի և պայմանավորվածությունների չեղարկմանը կամ կրճատմանը, վստա՞հ է, որ Ադրբեջանն իր ամբողջական զինանոցը բացելու է Հայաստանի առաջ և իրեն պատկանող սպառազինության մի մասը Թուրքիայում չի թաքցնելու: Մեր այս հարցադրումներին, իհարկե, Պապիկյանը հստակ պատասխան չէր տվել:
«Ես համաձայն եմ, որ երկու հարևան երկրները, ինչպես աշխարհում միջազգային փորձը կա, նման ստանդարտների, մեխանիզմների կիրարկման միջոցով հնարավորություն ստանան փոխադարձաբար վերահսկելու, և ըստ անհրաժեշտության՝ սահմանափակելու յուրաքանչյուր երկրի սպառազինության…, բայց ես կրկնում եմ, խոսքը վերաբերում է փոխադարձ հենքի վրա, փոխադարձ պայմանավորվածություններով խաղաղություն կերտելու մասին»,- ասել էր պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում նման առաջարկներ ուղարկվելու են գործընկերներին, հարևաններին:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ գործընկերները Հայաստանին սպառազինություն մատակարարողներն են:
Ի դեպ, պաշտպանության նախարարը խոսելով բանակի կերպափոխման հայեցակարգի մասին, որը մշակվել է կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրի հիման վրա և առանց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, և որտեղ սպառնալիքների հստակ գնահատականներ և սպառնալիք հանդիսացող երկրների անուններ չկան, լրագրողներին վստահեցրել էր, որ բանակի կերպափոխման հայեցակարգը որևէ երկրի մասին չէ, այլ ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Թե ինչպե՞ս կարելի է բարձրացնել բանակի պաշտպանունակությունն առանց սպառնալիքների հստակ գնահատման, և, թե որտեղի՞ց է այն սպասվում, ավելորդ է բացատրել:
Իսկ ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվա նախօրեին՝ հունվարի 25-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սպառազինության ձեռքբերման համատեքստում ՀՀ զինված ուժերի և իր թիմակից պատմաբան-պաշտպանության նախարարի հետ խոսել է շանտաժի լեզվով՝ դիմելով մանիպուլյացիայի:
«…Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկը ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում` միջազգային հանրության տեսանկյունից կդարձնենք թիրախ, որովհետև ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է, և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ դու ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Սպառնալու բովանդակությունը հետևյալի մասին է` մեզ ասում են, որ՝ տեսեք, զենքեր են առնում, որ մեր տարածքները գան օկուպացնեն, կամ մեր տարածքները նորից օկուպացնեն: Եվ այս խոսույթի ներքո նրանք ինչի՞ համար են դա ասում:
…Մենք պատրաստ ենք նաև միջազգային պարտադիր պարտավորություններ ստանձնել: Եվ սա է, որ մեզ հնարավորություն է տալիս, որ մենք մեր, այդ թվում` անվտանգության ոլորտի մեր հարաբերությունները բազմազանեցնենք, որովհետև եթե մեր խոսույթն այն լինի, որ մենք Արարատի նկարով գնանք ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկը մեզ զենք չի տալու»,- հայտարարել է նա:
Այստեղ Սուրեն Պապիկյանը պատասխանելու հարցեր ունի՝ մասնավորապես Ֆրանսիան, Հնդկաստանը Հայաստանի առաջ նման խնդիր դրե՞լ են, ինչի մասին խոսում է Փաշինյանը:
Եթե ոչ, ապա գործ ունենք բացահայտ ստի հետ, որը գործընկերների շրջանում վնասում է ՀՀ պաշտպանության նախարարության և ռազմական ղեկավարության հեղինակությունը:
Մյուս կողմից, պարզից էլ պարզ է, թե սա ում պահանջն է, նույն հարցազրույցում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հստակ ցույց է տալիս՝ «…ոչ մեկը չի ուզում, առավել ևս՝ մեր պատճառով, Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ նման ազդակներ Հայաստանին զենք մատակարարող պետություններից եղել են, օրինակ, Ֆրանսիայից, որն առանց այն էլ բարդ և լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ գուցե նաև Հնդկաստանի՞ց է եղել նման կուլիսային ակնարկ, որն արդեն Հայաստանի հաշվին հասցրել է որոշակի տեղ զբաղեցնել զենքի առևտրի համաշխարհային շուկայում: Այն երկրները, որոնք Ադրբեջանի հետ ռազմական սերտ հարաբերություններ ունեն և կապված են գազի գործոնով, առանց այս էլ ամեն ինչ պարզ է:
Իսկ Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ բան է հուշում՝ Թուրքիայի պահանջով պիտի պատրաստվել Զինանշանի փոփոխությանը, որ Արարատի պատկերը խնդիրներ չստեղծի: Այլ հարց է, որ անգամ սրա փոփոխության դեպքում զենքի մատակարարումները թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ են լինելու:
Այսինքն Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ոչ միայն բանակին, նրա ղեկավարությանը, այլև զինվորների ծնողներին, ավելին՝ նա պատերազմի հնարավոր հրձիգ է ընտրում ու թշնամու՝ Հայաստանի վրա հարձակումն առաջ ընկնելով արդարացնում՝ ասելով.
«Մարդը՝ մեր հայրենակիցը, ապրում է Ավստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որևէ տեղում, այդ թվում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պետք է մեր զինվորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է:
…Մենք կարող ենք այդ մեր խոսույթներն այդպես ձևակերպել, դա նշանակում է` ասել, որ մենք Արարատ ենք գնալու գրավենք, Մուշ ու Արդահան ենք գնալու գրավենք, էլ չեմ ասում` անուններ օգտագործենք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կամ թեկուզ, կներեք, անունը դնենք ազատագրենք, և այլն, և այլն, ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է՝ մենք մեզ այսօր դարձնում ենք թիրախ: Եվ մեզ թիրախավորողները կարողանալու են դա հիմնավորել, թե մենք ինչի ենք թիրախ»:
Մինչդեռ Հայաստանի որևէ ղեկավարություն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի դրել, և նախկինում Հայաստանի իշխանությունները պատրաստ են եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, բայց դա, բնավ, չի նշանակել պատմության, հայկական հարցի, Արարատի պատկերի չեզոքացում:
Նիկոլ Փաշինյանն Արևմտյան Հայաստանի տարածքներին ավելացնում է նաև առանց կրակոցի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնված Քարվաճառը, որի մասին Արցախի հարցի շուրջ բանակցային սեղանին դրված փաստաթղթերում խոսվել է («Մադրիդյան սկզբունքներ»–ում, մասնավորապես, նշվում է, որ «հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից և սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը, այսինքն, «Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ»):
Ի դեպ, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2012 թվականին՝ որպես «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ, քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս, «Մեդիամաքսում» հոդված էր հրապարակել՝ «Քարվաճառյան սկզբունքներ vs. Մադրիդյան սկզբունքներ» վերտառությամբ, որտեղ անդրադարձ էր կատարել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի օրը մի խումբ քաղաքացիների հրապարակած Քարվաճառյան Հռչակագրին:
«Արցախյան պատերազմից հետո Հայաստանում վերջապես ձևավորվել է հասարակության մի խավ, որի համար անընդունելի է Արցախի ներկայիս տարածքի որևիցե զիջում: Վերջապես, մարդկանց ավելի հստակ խումբ է ձևավորվում, ովքեր պայքարելու են, որպեսզի տարածքների պահպանման խնդիրը հանրային քննարկումներից տեղափոխվի քաղաքական օրակարգ:
Այս առումով, այսպես կոչված, Քարվաճառյան սկզբունքներն ամբողջովին հակասում են Մադրիդյան սկզբունքներին, քանի որ Մադրիդյան սկզբունքների հենց առաջին կետը ենթադրում է Արցախի ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Այդ իսկ պատճառով Մադրիդյան սկզբունքները անընդունելի են դառնում, քանի որ դրանք ոչ միայն մարտահրավեր են նետում Հայաստանի անվտանգության համակարգին, այլ նաև հակասում են Քարվաճառյան սկզբունքներին: Այդ ամենը լավ հասկանալով` Հռչակագիրն ընդունողների հիմնական խնդիրը պետք է լինի չեզոքացնել Մադրիդյան սկզբունքները և բանակցային սեղանի օրակարգ բերել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Եվ այդ ամենը պետք է կատարվի անվտանգության պահպանման սկզբունքներից ելնելով, որը թույլ է տալիս միջազգային իրավունքը:
…Քարվաճառյան սկզբունքների իրացման փուլում պետք է մեկուսացվեն Մադրիդյան սկզբունքները և նման քաղաքական գործիչները, քանի որ թե մոտեցումը, թե նրա կրողները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»,– գրել էր նա:
Արդյո՞ք Ալեն Սիմոնյանի օրինակով Արմեն Գրիգորյանը ևս սխալվել է նման հոդված հրապարակելով, հրապարակային հստակ բան չենք լսել, բայց որ կերպափոխվել է, դա հաստատ: ԱԽ քարտուղարի պաշտո՞նն է ստիպել, թե՞ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք 2012 թվականին էլ Հայաստանի և Արցախի շուրջ կային և այդ ժամանակ պակաս բարդ օրեր չէին:
Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին և հավելենք, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանին և Բելառուսին լեզվակռվի մեջ ներքաշող և Հայաստանի դեմ պատերազմներ կազմակերպելու մեջ մեղադրող Փաշինյանը հայտարարել է նաև, որ Ալիևի հետ լեզվակռվի մեջ չի մտնում, որ խուսափի էսկալացիայից, ինչին, ըստ նրա, փորձում են մղել տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս որոշ ուժեր՝ «խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, նոր էսկալացիա գեներացնել»:
Թե որքանո՞վ ենք խուսափել էսկալացիայից և տարածքային կորուստներից, Փաշինյանի այս ռազմավարության արդյունքում, թերևս, կարիք չկա հիշեցնելու:
Սակայն հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է կարծում՝ 2020 թվականի պատերազմում «Արցախը Հայաստան է, և վերջ» իր հայտարարությունը, և իր իսկ համաձայնությամբ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» Դավիթ Տոնոյանի բանաձևը դեր ունե՞ր, թե՞ առնվազն պաշտպանության նախկին նախարարի դեպքում այն ռազմական տրամաբանության մեջ էր:
Եթե այդպես չի կարծում, ապա արդյո՞ք չի լեգիտիմացնում 44-օրյա պատերազմ սկսելու Ադրբեջանի «իրավունքը», ինչը հակասության մեջ է միջազգային իրավունքի և բանակցային պայմանավորվածությունների, փաստաթղթերի հետ: Եվ արդյո՞ք պատրաստ է իր նախապատերազմյան խոսույթի համար պատասխանատվություն կրել, ի վերջո, հայկական կողմը մի քանի հազար զոհ է ունեցել:
Ի դեպ, երբ Փաշինյանը խոսում է իքս պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնելուց, տեղյակ չէ՞, որ 44-օրյա պատերազմի առաջին օրը տարբեր ուղղություններով ՊԲ զինծառայողներից շատերը զորամասում են դիմավորել, եղել են զոհեր: Չմոռանանք նաև 2022 թվականին սեպտեմբերյան մարտերի ժամանակ Սոթքի զորամասի թիրախավորումը…