Զենք գնելու Փաշինյանի անկարողությունը կամ՝ Կառավարության ծրագրի 2022թ. կատարման արդյունքների մասին զեկույցի ռազմական «աղքատ» բովանդակությունը

Եթե նախքան 44-օրյա պատերազմը՝ 2019-2020 թվականներին, Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում աննախադեպ քանակի կամ գումարային առումով սպառազինության գնումներով, ապա պատերազմից որոշակի ժամանակ հետո ընդունեց սպառազինության մատակարարում ապահովելու հարցում իր և իր իշխանության անկարողությունը:

Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերի 29-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը: Բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում հեռահար կամ գուցե ոչ հեռահար մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք»:

Սրանից առաջ նույն հայտարարությունը գրեթե Փաշինյանն արել էր նաև ԱԺ-ում՝ նշելով սպառազինության գնման խոչընդոտները կամ այդ գործընթացի բաղադրիչները.

առաջին՝ ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին,

երկրորդ՝ կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանն այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի,

երրորդ՝ կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են Հայաստանին զենք վաճառել, բայց չունեն անհրաժեշտ զենքը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով,

չորրորդ՝ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և շատ դեպքերում տրանսպորտային կոմպոնենտն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ կոմպոնենտներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Այդ ընթացքում իշխանական շրջանակները սկսեցին խոսել, որ ՀՀ-ն զենքի կարիք ունի: Ավելի ուշ տեղեկատվական դաշտում սկսեցին շրջանառվել Հնդկաստանի հետ տասնյակ-միլիոնավոր դոլարի զենքի մատակարարման պայմանագրերի մասին լուրերը, հնդկական մամուլի հոդվածները:

ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է, որ սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր, և ոչինչ ավելին:

«Առավոտի» հետ զրույցում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Հնդկաստանից զենք գնելու որոշումը ճիշտ է, սակայն այդ երկիրը «սուպերմարկետ չունի, որ փողը տաս և վերցնես, ժամանակ է պետք»:

Հովհաննիսյանը նշել է, որ ծանր զենքի հարցում տարիներ շարունակ Հայաստանը կախված է եղել ՌԴ-ից, այսօր ներկա իրավիճակում ծանր զենք-զինամթերքի կարիք ունի, և դրա համար կան տնտեսական և քաղաքական խոչընդոտներ:

«Այսօր մեկ հատիկ ծանր հրանոթ Հայաստան բերելը լուրջ քաղաքական և տնտեսական խնդիր է»,- ասել է Հովհաննիսյանը:

Այսօր ԱԺ-ում, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ինչ ծրագրեր կան Հայաստանի ու Ադրբեջանի սպառազինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու համար, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց կարծում եմ, որ դա հրապարակային չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ քննարկել ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդարանական ընդդիմության հետ»։

Ծրագրերը, ըստ էության, կնքված և հնարավոր է՝ կնքվելիք պայմանագրերն են, բայց, ցավոք սրտի, գործնականում շոշափելի արդյունքներ չկան, և փաստ է՝ պատերազմից հետո մոտ 3 տարվա ընթացքում ՀՀ զինանոցը չի վերականգնվել, ինչի մասին իշխանությունն է խոստովանել, և շարունակում է խոստովանել զենք ձեռք բերելու որոշակի անկարողությունը: Սրա մասին, ինչպես նշեցինք, վկայում է նաև ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Օրինակ, «Անվտանգություն» ենթաբաժնում ավիացիայի հետ կապված ընդամենը գրված է. «ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար»:

Նշենք, որ նշվածը ՀՀ-ն ձեռք է բերել 2022 թվականի հունվարի վերջին:

168.am-ին հայտնի էր դարձել, որ Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով:

Պայմանագրով նախատեսված է եղել թվով 4 ուղղաթիռի մատակարարում:

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե հայկական բանակի միլիարդների զենքը իր օրոք է գնվել, ապա ավելորդ է կրկնվել, Փաշինյանի ռազմական մանիպուլյացիաներին բազմիցս անդրադարձել ենք, իսկ սա նույնիսկ մանիպուլյացիա չէ, այլ սովորական սուտ, կամ, ինչպես ասում են՝ հաշիվը…

Տեսանյութեր

Լրահոս