«Խնդիր չի լինի Լաչինի հարցը հետագայում քննարկելը, եթե ամերիկացիները կոնֆիդենցիալությունը երաշխավորեն»․ Պատմաբանակցային էքսկուրս. Քելբաջար, Լաչին
Անցած տարի այս օրերին ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրել էր 168.am-ին։ Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
«Լիպարիտյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի կառավարությունը մեծապես մտահոգված չէ տարածքների ձեռքբերման կամ կորստի համար. նրանք ավելի շատ նվիրված են մի շարք արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և կյանքի որոշակի որակի ապահովումը։ Եթե Քելբաջարի պահպանումը ներկայիս Հայաստանի ազգաբնակչության գերագույն նպատակ դառնա (ինչպես որ այն արդեն դառնում է այդպիսին շատ հայերի համար, հատկապես՝ Սփյուռքի դաշնակցականների համար), ապա Տեր-Պետրոսյանը և իր կառավարությունը հրաժարական կտան, որովհետև նրանք չեն ցանկանում դրա մաս կազմել»,- նշված է փաստաթղթում:
Անցած տարի մեր ձեռքում էր հայտնվել մեկ այլ փաստաթուղթ՝ թվագրված՝ 1996 թվական, որտեղ անդրադարձ էր կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին:
«Տեր-Պետրոսյանը շարունակեց՝ ասելով, որ Արբիտրը պետք է նաև լուծի Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների հարցը։ Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք ամբողջությամբ կարող են երաշխավորել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Սա մեզ համար խաղ չէ։ Սա մեզ համար գոյության հարց է: Սարաևոյի իրադարձությունները լուրջ մտածելու տեղիք են տալիս. 100.000 սերբեր լքել են Սարաևոն։ Ղարաբաղի բնակչությունն ուշադրությամբ հետևել է այդ իրադարձություններին, և նրանք նույն բախտին չեն ուզում արժանանալ։ Ղարաբաղում կա ընդամենը 150.000 բնակիչ, և նույնիսկ փոքրիկ շոկը կարող է նրանց տարհանման հանգեցնել։ Սա մեզ համար կարող է ազգային ողբերգություն լինել։ Մենք պետք է համոզված լինենք, որ դա տեղի չի ունենալու ոչ վաղը, ոչ էլ այս պահից 20 տարի անց։
Ի լրումն, Տեր-Պետրոսյանը շարունակեց և ասաց, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։ Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք։
Այնուհետև տեղեկացվում է. «Թելբոթն ու Բերգերը (ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթ և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգեր.- Մ.Պ.) օգտագործել են իրենց հետագա փոքրիկ խմբային հանդիպումը, որպեսզի ճնշում գործադրեն Լիպարիտյանի վրա։ Դժվար է բանակցությունների հայտարարություններում ավելի հավասարակշռություն ապահովել, կամ «համեմատաբար հավասարություն»։ Նրանք բացատրեցին, որ ադրբեջանցիներն իրավացիորեն հավատում են, որ 14 կետանոց փաստաթուղթն իրենց համար կարևոր՝ ընդամենը երկու կետ էր պարունակում, մնացած տասներկու կետերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերից էին բխում։ Օրինակ, հայտարարությունն իր մեջ չի ներառում (բայց պետք է ներառեր) կետեր զորքերի տարհանման և փախստականների վերադարձման մասին, որոնք երկուսն էլ Ադրբեջանի համար կարևոր են։ Նրանք շեշտեցին նաև տարածքային ամբողջականության սկզբունքի կետերի և Լաչինի վերաբերյալ բանակցելու կարևորությունը։ Տեր-Պետրոսյանն ու Լիպարիտյանը խոսակցության մեծ մասում պաշտպանվողական դիրք էին ընդունել, և տարբեր ձևերով պնդում էին՝ Մինսկի խմբի փաստաթուղթն արդեն իսկ պարունակում էր զորքերի տարհանման և փախստականների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ցանկացած կետերը»:
Փաստաթղթում նշված է, որ ըստ Բերգերի՝ «լիարժեք ինքնավարության» և «ամուր ինքնակառավարման» հասկացությունները պետք է մանրամասնվեն այնպես, որ դրանք համապատասխանեն երկու կողմերի պահանջներին։
«Որպեսզի սկզբունքների հայտարարությունն իրականություն դառնա, այն պետք է բազմակողմանի լինի։ Պարտադիր չէ, որ ամեն մանրամասնություն տրամադրվի, սակայն բոլոր հիմնական մտքերը պետք է բավարար մանրամասնությամբ ներկայացվեն, որ կողմերից յուրաքանչյուրին վստահություն ներշնչեն, որ իրենց շահերը պաշտպանված են,- նշվում է փաստաթղթի շարունակության մեջ և հավելվում,- Ի դեպ, նշված է, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը երբեք չի ցանկացել իրենց վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։
«Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։
Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության համաձայն` Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձրեց Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջանները: Միաժամանակ նշված է, որ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Պատմական կարճ էքսկուրս կատարենք և հիշենք, թե տարբեր ժամանակներում բանակցային փաստաթղթերում ինչ է ասվել Քարվաճառի (Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջանների, Լաչինի միջանցքի մասին:
«Փուլային». հակամարտության դադարեցման համաձայնագիր (նախագիծ). 1997-ի դեկտեմբերի 2
Aniarc.am-ում հրապարակված փաստաթղթում զորքերի հետքաշման, բուֆերային գոտու և Լաչինի շրջանի մասով, մասնավորապես, նշված է.
«Ա. Առաջին փուլում ԼՂ-ից դեպի արևելք և հարավ ընկած ներկայի շփման գծերի վրա տեղակայված ուժերը կհեռացվեն մինչև թիվ 1 հավելվածում համաձայնեցված գծերը նրանում ներառված գրաֆիկի համապատասխան` հատկապես հաշվի առնելով Բարձր մակարդակի ծրագրավորման խմբի (ԲՄԾԽ) հանձնարարականները` ռազմական տեսակետից հիմնավորված բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջատար ջոկատների սկզբնական ծավալման համար հնարավորություն ստեղծելու նպատակով բաժանել կողմերին այդ գծով և անվտանգություն ապահովել երկրորդ փուլի դուրսբերման ընթացքում:
Բ. Երկրորդ փուլում ուժերը դուրս են բերվում միաժամանակ և թիվ 1 հավելվածում ներառված գրաֆիկի համաձայն` հետևյալ կերպ.
(1) Հայաստանի ուժերը, որոնք տեղաբաշխված են Հայաստանի սահմաններից դուրս, բերվում են այդ սահմաններից ներս:
(2) ԼՂ ուժերը բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի:
(3) Ադրբեջանի ուժերը դուրս են բերվում դեպի թիվ 1 հավելվածում նշված սահմաններից անդին` ԲՄԾԽ հանձնարարականների հիման վրա, և Հայաստանի տարածքից»:
Այնուհետև շարունակվում է.
«Այն տարածքում, որ ընկնում է այդ դուրսբերման և ուժերի վերադասավորման տակ, կազմավորվում է բուֆերային գոտի և բաժանարար գոտի:
Ա. Ուժերի դուրսբերման ավարտին բուֆերային գոտին տեղակայվում է 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված և ամբողջությամբ ապառազմականացվում է, բացառությամբ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության տարրերի:
Բ. Բաժանարար գոտին ապառազմականացվում է, բացառությամբ մշտական խառը հանձնաժողովի հետ համատեղ գործողությունների համար թույլատրված ուժերի»:
«Մադրիդյան սկզբունքներ»–ում, մասնավորապես, Քելբաջարի մասով նշված է.
«Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:
– Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:
– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ՝ համաձայն ստատուս-քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»:
Ի դեպ, 2017-ին այդ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում օտարերկրյա Foreign Press Centre-ում կլոր սեղան-քննարկման ժամանակ հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական՝ 6 կետերը, որի 4-րդ կետում ասվում էր. «Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը»:
Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)
Տարածքների մասով նշված փաստաթղթում նշված է, որ վերադարձվելու են Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
«Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազային անցումային հանձնաժողովը:
Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:
Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո»:
Aniarc.am-ի փոխանցմամբ, 2000-2001 թթ., երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը, կրկին քննարկման նյութ դարձավ Լաչինի միջանցքի հարցը։ Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքը ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևն առաջարկել էր միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:
Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով. ռիսկեր և վտանգներ
2001-ի հուլիսին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երևանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ պաշտոնյաների հետ զրույցում նշել է, որ կենտրոնանալու են երեք հիմնական հարցի վրա․
1. Ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,
2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
3. Ադրբեջանի ելքը Նախիջևան՝ Մեղրիով։
Aniarc.am-ի ներկայացրած մեկ այլ զրույցի սղագրության մեջ, որը տեղի է ունեցել 2001-ի գարնանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ նախքան Քի Վեսթը՝ 2001-ի ապրիլի 3-6-ը, նշվում է, որ քննարկվում է չորս հիմնական սկզբունք.
1. Արցախի կարգավիճակ,
2. Հայաստանի կապը Արցախի հետ,
3. Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ,
4. Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Շուշի:
Հանդիպման ընթացքում նշվել էր, որ Հայաստանը 20 կմ լայնքով միջանցք է պահանջում Արցախի հետ անխոչընդոտ կապն ապահովելու նպատակով, ինչը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանից տարածքներ վերցնելու մղումով (քանի որ դրանք փոխհատուցվելու են նախկին ԼՂԻՄ սահմանային շրջաններից), այլ նաև անվտանգության նկատառումներով:
Ադրբեջանը պահանջել էր, որ Նախիջևանի հետ իր կապը որոշվի ասիմետրիայի սկզբունքով, ինչն անընդունելի էր Հայաստանի համար:
Երևանը դեմ էր միջանցքների ասիմետրիային, քանի որ Արցախն անկլավ է, չունի երրորդ երկրի հետ սահման (կարգավորման բոլոր առաջարկներով՝ հայկական ուժերը դուրս են բերվում մերձարաքսյան հատվածից, և Արցախը կորցնում է ցամաքային շուրջ 100 կմ երկարությամբ կապը Իրանի հետ), մինչդեռ Նախիջևանը ցամաքային սահման ունի Թուրքիայի և Իրանի հետ։
Այսինքն, եթե հայկական ուժերը գրավեն Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհ/միջանցքը, ապա Նախիջևանը կմնա էքսկլավ ու կպահպանի ընդհանուր սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, մինչդեռ եթե ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինի միջանցքը, ապա Արցախը կղզու կվերածվի Ադրբեջանի մեջ, ինչպես ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ադրբեջանի ժամանակ։
Բացի այդ, երբ Լաչինի միջանցքը տրամադրվում է Հայաստանին, ապա դրանից Ադրբեջանը երկու մասի չի կիսվում, մինչդեռ, եթե Ադրբեջանին տրվում է տարածք Նախիջևանի հետ կապվելու համար, ապա Հայաստանը կիսվում է երկու մասի (եթե տարածքը Արաքս գետի երկայնքով չէ): Իսկ եթե տարածքը տրվում է Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, ապա Հայաստանը զրկվում է Իրանի հետ սահմանից և Արաքս գետի այդ հատվածից: Հաշվի առնելով այս ամենը, հայկական կողմը մերժելի էր համարում տարածք կամ միջանցք տրամադրել Ադրբեջանին, բայց դեմ չէր, եթե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով (overpassing elevated road), որը կարող էր լինել Ադրբեջանի սեփականությունը:
Aniarc.am-ի փոխանցմամբ, եվրոպացի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 2001-ի հոկտեմբերին այսպիսի մանրամասներ է պատմել.
«Արցախի կարգավիճակի հարցը կոնֆիդենցիալ է։ Ոչ մամուլի համար, բայց ասեմ, որ Արցախը տրվում էր Հայաստանին, և կապն իրականացվելու էր Լաչինի միջոցով, որը նույնպես տրվելու էր Հայաստանին: Այդ տարածքի անվտանգությունը երաշխավորվելու էր հավանաբար ՄԱԿ-ի ուժերով: Ադրբեջան-Նախիջևան կապն անցնելու էր Հայաստանի տարածքով, և տարաձայնությունը հենց այստեղ էր: Ալիևը ուզում էր սուվերեն իրավունք ունենալ այդ ճանապարհի նկատմամբ, իսկ հայկական կողմը դրան դեմ էր:
Թեև այսօր Քոչարյանին մեղադրում են, թե իբր նա Մեղրիի շրջանը պատրաստվում էր զիջել Ադրբեջանին, դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Քոչարյանը 1999-ին, 2000-ին և 2001-ին բանակցել է Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ/միջանցք տրամադրելու տարբերակը։ Քննարկումների ընթացքում, բնական է, հայկական կողմը մտահոգություն էր հայտնել, որ վտանգվում է Իրանի հետ ցամաքային կապը։
Միջազգային միջնորդները, հաշվի առնելով Հայաստանի և նաև Իրանի մտահոգությունները, առաջարկել են տարբերակ, ըստ որի՝ Հայաստանը և Իրանը Արաքսի վրայով ունենում են ցամաքային երկու ճանապարհ։ Այսպիսով, Ադրբեջանը Նախիջևանի հետ և Հայաստանը Իրանի հետ կապող երկու ցամաքային միջանցք/ճանապարհները երկու տեղում խաչաձևվում են»:
2020-ի նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է.
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:
Luys.am կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվել Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան միջանցքին և դրանից բխող ռիսկերին: Վերլուծության մեջ, մասնավորապես, նշված է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և Հայաստան-Ռուսաստան հնարավոր երկաթուղային կապը տեղի ունենա հարավային ուղղությամբ, քանի որ այն կերաշխավորի դեպի Նախիջևան կապը։
«Բացի զուտ բեռնափոխադրումներից և ուղևորափոխադրումներից՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային կապն Ադրբեջանի համար կարևոր է նաև էներգակիրների տեղափոխման հեռանկարի տեսանկյունից։ Երկարաժամկետ հեռանկարում դեպի Նախիջևան, այնուհետև Թուրքիա էներգակիրների տեղափոխումը Ադրբեջանին հնարավորություն կտա մի կողմից՝ երաշխավորել Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը և թուլացնել այս հարցում կախվածությունն Իրանից, մյուս կողմից՝ դեպի Թուրքիա և Եվրոպա էներգակիրների տեղափոխման այլընտրանքային ճանապարհ ստանալ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ տարածաշրջանային մյուս դերակատարների շահագրգռվածությանը, ապա տարբեր այլընտրանքների առկայությունն այն դարձնում է պակաս գրավիչ։ Մասնավորապես, եթե Նախիջևանով դեպի Ադրբեջան նոր տրանսպորտային կապի ձեռքբերումը չափազանց կարևոր է Թուրքիայի համար, և վերջինս շահագրգռված է այդ միջանցքի շուտափույթ ձևավորմամբ, նույնը չի կարելի ասել Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման մասին։
Ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի ապաշրջափակման հետ կապված ցանկացած հարց կապելու է հայկական կողմի համար անընդունելի մի շարք նախապայմանների հետ։ Հաշվի առնելով Հայաստան-Իրան 10 բեռնափոխադրումների ոչ այնքան մեծ ծավալը և այլընտրանքային ուղիների առկայությունը, նոր հաղորդակցությունները գրավիչ չեն նաև իրանական կողմի համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս դեպքում ևս, ինչպես դեպի Թուրքիա, այնպես էլ՝ դեպի Իրան առկա են այլընտրանքային հաղորդակցություններ։
Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասով։ Հետևաբար՝ ձևավորվելիք նոր հաղորդակցությունները տարածաշրջանային դերակատարների համար դիտարկվելու են զուտ որպես այլընտրանքային տարբերակներ, և դժվար թե դրանց շնորհիվ Հայաստանը վերածվի տրանզիտային երկրի։ Այսինքն՝ ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանում ձևավորված սպասումները մեծ մասամբ արհեստական են և չեն բխում օբյեկտիվ իրողություններից»,- նշված է «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ:
ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ևս այն կարծիքին է, թե չպետք է ոգևորվել, թե Մեղրիի միջանցքով հնարավոր կլինի Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել ՌԴ:
«Ես այդտեղ շատ մեծ ռիսկեր եմ տեսնում: Այլ բան է, որ, ենթադրենք, Ադրբեջանի հյուսիսային գոտուց երկաթգիծը մտնի Հայաստան, կառուցվի շատ փոքր մի հատված՝ Ֆիոլետովո-Վանաձոր, և կենտրոնական հատվածով՝ Երևանով, և արդեն Նախիջևանով, Ադրբեջանը կապ հաստատի Նախիջևանի հետ, ինչը մեզ և՛ տնտեսական առումով, և՛ քաղաքական առումով կարող է շահավետ լինել, նաև անվտանգային նկատառումներից ելնելով: Բայց Թուրքիան և Ադրբեջանը բոլորովին այլ պլաններ ունեն, և չեն էլ թաքցնում և հայտարարում են գծի մասին՝ Կարսից Իգդիր՝ դեպի Շարուր, Նախիջևանով, Մեղրիով դեպի Բաքու: Իհարկե, սա ֆանտազիայի ժանրից է՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, խնդիրները, որ առկա են, մասնավորապես այն, որ ՀՀ տարածքում Մեղրիով այդ երկաթգիծը գոյություն չունի՝ 40-45 կիլոմետրանոց հատվածը»,- վերջերս մի քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել տնտեսագետը:
Մեկ ամիս առաջ 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշել էր, թե այդ պահի դրությամբ իրանական կողմին մտահոգում է Մեղրիի պահը, այն միջանցքը, որ պետք է տրամադրվի, առհասարակ, Զանգեզուրի և ՀՀ-ի հարավային շրջանների ճակատագիրը:
«Արդեն իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել այն տեսակետը, որ, եթե պիտի Մեղրիի միջանցք տրվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար, այդ դեպքում պետք է համարժեք և համաչափ մի միջանցք էլ տրվի Նախիջևանի տարածքով, որպեսզի Իրանը կարողանա կապ ունենալ ՀՀ-ի հետ, ինչո՞ւ չէ՝ ՀՀ-ի վրայով դեպի հյուսիս: Այս մասին արդեն խոսում են և հարաբերականորեն անվանում են «խաղաղության միջանցք»»,- նշել էր Արամ Շահնազարյանը: