«Եթե այդ կանոնադրությունում նկատի ունեն «միջանցք»՝ Մեղրիով, կներեք, սա Հայաստանի համար գրոշի արժեք չունի. «նաղդը թողած, նիսյայի հետևից չեն ընկնում»». Խոսրով Հարությունյան
Հունվարի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված կանոնադրության հինգ բաժիններից մեկը վերաբերում է տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությանը։
Ըստ այդմ, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական-շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական հասանելիությունը։ Երկու երկրները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդրումների ավելացման ռազմավարական հնարավորությունները:
Նաև մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են նաև աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը:
Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում այս կանոնադրությունն ի՞նչ կարող է տալ Հայաստանին, հայկական կողմն ինչպե՞ս կարող է այն օգտագործել ի շահ Հայաստանի։
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադառնալով այս հարցերին և առհասարակ ստորագրված կանոնադրությանը՝ նախ խոսեց կանոնադրության իրավական կարգավիճակի մասին, ասելով՝ կանոնադրությանը ծանոթացել է, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում անվանումը՝ կանոնադրություն, քանի որ փաստաթղթի անվանումն էականորեն փոխում է դրա իրավական կարգավիճակը։
«Այսինքն՝ այն համաձայնագիր չէ, փաստաթուղթ չէ, որը պարտադիր ենթակա է խորհրդարանների կողմից վավերացման։ Այն ավելի շատ խոսում է մտադրությունների մասին, այդպես եմ հասկանում, նույնիսկ ռուսական տարբերակում այն ներկայացված է՝ որպես խարտիա, սա նույնիսկ խարտիա էլ չէ, ոչ էլ հռչակագիր է։
Այդ կանոնադրությունում դեռևս արձանագրվածը չի նշանակում փոխադարձ պարտավորվածություն, տվյալ դեպքում ամերիկյան կողմից դրանք կյանքի կոչելու համար։ Այն իր կարգավիճակով բավականին զիջում է միջպետական բոլոր մնացած փաստաթղթերին, քանի որ խորհրդարանների կողմից վավերացման կարիք չունի»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Խոսրով Հարությունյանը։
Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե ո՞րն է Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակների ընդհանրությունը, արդյո՞ք Միացյալ Նահանգներն իր ռազմավարական նպատակներին հասնելու հարցում Հայաստանի կարիքն ունի, եթե այո, ապա որո՞նք են այդ նպատակները։
«Խոսքը չի գնում համագործակցության մասին. օրինակ, խոսք չկա երկու երկրների միջև փոխադարձ աջակցության կամ համագործակցության մասին, խոսքը ռազմավարական գործընկերության մասին է։ Հետևաբար՝ պետք է ենթադրել, թե երկու կողմերը երկարաժամկետ հեռանկարում ունե՞ն ռազմավարական ընդհանուր հետաքրքրություններ, որոնց հասնելու համար նրանք գնում են համագործակցելու՝ մեկը մյուսին լրացնելու ճանապարհով։
Ինքս նման ռազմավարական բնույթի նպատակներ չեմ տեսնում։ Իհարկե, կարող եմ թվարկել ԱՄՆ ռազմավարական նպատակները մեր տարածաշրջանում, բայց ես չգիտեմ՝ ինչպիսին է ՀՀ-ի դերակատարումն այդ ամենում։
Օրինակ, տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղելը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նպատակ է, այդ նպատակների մեջ է մտնում Իրանի ռազմավարական, տարածաշրջանային ազդեցությունն էական նվազեցնելը։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե այս ամենն ինչո՞վ է բխում Հայաստանի շահերից։ Օրինակ, հայ-իրանական հարաբերությունները գցել լուսանցք, մղել 10-րդ պլան՝ Հայաստանին ձեռնտո՞ւ է, նույնն էլ կարելի է ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին։
Մենք կարող ենք Ռուսաստանի հետ ունենալ բազմաթիվ խնդիրներ։ Միացյալ Նահանգներն իր դաշնակցի՝ Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում ունեն բազում խնդիրներ, բայց դա չի խանգարում նրանց համագործակցության համար, որովհետև ընդհանուր նպատակ ունեն։ Նրանք Մերձավոր Արևելքում, ինչպես տարածված է ասել՝ Արևմտյան Ասիայում, ունեն ընդհանրություններ, մեկը մյուսին լրացնելով՝ փորձում են լրացնել միմյանց ռազմաքաղաքական, տնտեսական դիրքը բավականին կարևոր աշխարհագրական տարածքում»,- հավելեց Խոսրով Հարությունյանը։
Այս համատեքստում նա շեշտեց՝ հաշվի առնելով այս ամենը, հավելյալ մեկնաբանությունների կարիք կա, երբ ստորագրված կանոնադրությունն անվանում են ռազմավարական։
Խոսելով տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ ոլորտում համագործակցությունից, Խոսրով Հարությունյանը նկատեց՝ Միացյալ Նահանգներն առևտրի ոլորտում Հայաստանի կարիքը չունի, քանի որ Հայաստանն այն պետությունը չէ, որի հետ առևտրատնտեսական համագործակցությունը կարող է շատ էական նշանակություն ունենալ Միացյալ Նահանգների համար։ Նա ենթադրում է, որ լավագույն դեպքում Միացյալ Նահանգները կարող է հնարավորություններ բացել, որպեսզի Հայաստանի արտադրողներն առանց լուրջ մաքսային արգելքների ներթափանցեն ամերիկյան շուկա, սա խիստ կասկածվում է, բայց չի բացառվում։
Խոսրով Հարությունյանը հիշեցրեց՝ ժամանակին ԵՄ-ի հետ Հայաստանն ուներ «GSP+» առևտրային ռեժիմ՝ կային արտադրատեսակներ, երբ ԵՄ շուկան բաց էր Հայաստանի համար, առանց հավելյալ մաքսային սահմանափակումների։
Միացյալ Նահանգների արտադրանքի Հայաստան մուտքը դժվարացված չէ, այստեղ համագործակցության օգտակար ինչ-որ եզրեր կարելի է տեսնել։
Ինչ վերաբերում է տրանսպորտային հաղորդակցություններին, Խոսրով Հարությունյանը հիշեցրեց Օ՛Բրայենի հարցազրույցը, որը ներկայացնում էր ամերիկյան, Բայդենի վարչակազմի ընկալումները, թե ինչպես են տեսնում Արևելք-Արևմուտք, կամ, ինչպես Օ՛Բրայենն էր ասում՝ միջին ասիական էներգետիկ ռեսուրսները Եվրոպա-Արևմուտք հասցնելը։
«Այս ամենը նրանք տեսնում են միայն Սյունիքով։ Օ՛Բրայենի ամբողջ մեկնաբանությունները վերաբերում էին դրան։ Խորապես համոզված եմ՝ Սյունիքով՝ Ադրբեջանին ու Թուրքիային միացնելը Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի տալու։ Ավելին՝ խորացնելու է Հայաստանի շրջափակումը։
Եթե Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի տրանսպորտային այդ «միջանցքների» պատասխանատու դերակատարումն ընդունելը կամ դրան նպաստելը, ապա այդ կերպ հնարավոր կլինի նաև խաղաղության համար երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում։
Օ՛Բրայենը հստակ ասում էր՝ խոսքը գնում է Մեղրիով միջանցքի մասին։ Հիմա եթե այդ կանոնադրությունում սա նկատի ունեն, ապա, կներեք, սա Հայաստանի համար գրոշի արժեք չունի»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ՝ նույն խնդիրները հավասարաչափ կան նաև էներգետիկ ոլորտում։ Բոլորն էլ լավ հասկանում են, որ էներգետիկ ոլորտի մասին խոսելիս՝ հասկանում են ատոմային էներգետիկայի խնդիրը։ ԱՄՆ-ում ևս հասկանում են, և նրա նպատակն է Հայաստանում Ռուսաստանից հնարավորին չափով էներգետիկ ներկայությունը բացառելը։
«Եթե ուշադիր էիք, ապա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքում հղում կար 1-3 համաձայնագրի, այն 1951 թվականին Միացյալ Նահանգների կողմից ընդունված ատոմային տեխնոլոգիաները երրորդ երկրներ արտահանելու թույլտվության մասին է։ Այդ համաձայնագրում կա բաժին, կոչվում է՝ «1,2,3» բաժին, որը բացառապես վերաբերում է ատոմային տեխնոլոգիաների արտահանմանը։ Միացյալ Նահանգներն ունի նման համաձայնագիր Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Այսինքն՝ սա խոսում է էներգետիկ ոլորտում բավականին երկարաժամկետ համագործակցության մասին։ Բայց Հայաստանի պարագայում խոսքը գնում էր մոդուլային ռեակտորների տեղադրման մասին, այսինքն՝ մոդուլային ռեակտորները 200-300 մգվտ հզորությամբ ռեակտորներ են։ Նման ռեակտորներ Միացյալ Նահանգներում որևէ մեկը չի արտադրում, Իլոն Մասկն է փորձում դա անել, չգիտենք՝ կստացվի՞, թե՞ ոչ։
Հետևաբար, մենք պարտավոր ենք մինչև 2036 թվականը (մեր ատոմականի գործարկման թվականը երկարաձգվել է մինչև 2036 թվական) անպայման ունենալ սեփական նոր ատոմակայան, ընդ որում՝ հավանաբար դա չի կարող լինել մոդուլային, որովհետև նման փորձառություն, ինչպես նշեցի՝ շատ ազդեցիկ խաղացողներ չունեն։
Հիմա նոր տեխնոլոգիան նշանակում է նոր ինժեներական դպրոց, նոր կադրեր, ժամանակ, ծախսեր։ Մեր ատոմակայանը մեզ համար ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները, ինժեներական կադրեր ապահովելու դարբնոց էր դարձել, այն պահանջել է մեծ ծախսեր, որն իր վրա վերցրել է Խորհրդային Միությունը»,- նշեց Խոսրով Հարությունյանը։
Նա նաև շեշտեց, որ այստեղ վտանգն այն է, որ այսպես երկար կարող է հարցը քննարկվել, արդյունքում՝ Հայաստանը մոդուլայինը չունենա և զրկվի ատոմային էներգետիկայի հնարավորություններից։
«Վերջին հաշվով ատոմային էներգետիկա ունեցող պետության տնտեսությունը համարվում է ոչ թե պրիմիտիվ, այլ բարդ տնտեսություն, որը պահանջում է բոլորովին այլ մտածելակերպ ու տնտեսության կազմակերպում։ Օրինակ, կարելի է դառնալ ռեստորանային բիզնես, ծառայություններ մատուցող պետություն, բայց արդյո՞ք սա է մեր ապագան, սա կարո՞ղ է տարածաշրջանում ապահովել մեր՝ քիչ թե շատ դերակատարում ունենալը։ Հայկական մի խոսույթ կա՝ «նաղդը թողած, նիսիայի հետևից չեն ընկնում»»,- ամփոփելով խոսքը նշեց Խոսրով Հարությունյանը։