Ցանկությունների դեկլարացիա է. թիրախում են հայտնվում հայկական «խաղաղ ատոմը», Ռուսաստանից իրականացվող գազի մատակարարումները. Վահե Դավթյան
Հայաստանի իշխանությունները տարին սկսեցին դեպի հավաքական Արևմուտք նոր շրջադարձով․ հունվարի 9-ին կառավարությունը կանաչ լույս վառեց ԵՄ անդամության խնդրով հանրաքվե անցկացնելու հարցն ԱԺ-ում քննարկելու համար, իսկ հունվարի 14-ին ստորագրվեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Այս իրողություններին ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունից հորդորեցին ընտրություն կատարել, բայց դեռևս Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև։
«Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա մասնակցության հետ»,- նախօրեին մամուլի ասուլիսում նշեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հիշեցրեց ՌԴ-ի՝ ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։
Իսկ Օվերչուկը մասնավորապես ասել էր․ «Անհնար է պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ կետում կարող են համատեղվել։ Այդ պատճառով էլ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը դիտարկում են Հայաստանում, այս երկրին կանգնեցնում է ընտրության առջև»։
168․am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ Հայաստանն այս պահին ի վիճակի՞ է այդ ընտրությունը կատարել։
Ի պատասխան՝ Վահե Դավթյանը նախ նկատեց, որ ընտրություն կատարելու համար պետք է ունենալ իրական այլընտրանք, ինչն այս պահին Հայաստանը չունի և չի ունենա տեսանելի ապագայում՝ հաշվի առնելով տարածաշրջանի, աշխարհագրական ու աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, ձևավորվող ուժային բալանսը, արտաքին խաղացողների դերակատարումը:
«Կարելի է անվերջ խոսել արտաքին վեկտորի փոփոխության մասին, կարելի է ստորագրել ու վավերացնել դրան ուղղված բազմաթիվ համաձայնագրեր, բայց կա աշխարհաքաղաքական օրգանիկա, որը հնարավոր չէ հաղթահարել: Հարավային Կովկասը, լինելով Մեծ Մերձավոր Արևելքի մաս, քաղաքակրթորեն չի կարող լինել եվրոպական աշխարհաքաղաքական նախագծի մասնակից»։
Ըստ քաղաքագետի՝ վերջինի դրսևորումներից է Վրաստանում ընթացող քաղաքական խորքային տրանսֆորմացիան։
«Փաստացի, Հարավային Կովկասում դերակատարում պահպանելու, անվտանգ ու կայուն միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է նախևառաջ աշխատել մեզոմակարդակում՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: Եվ միայն այս եռանկյունում ճիշտ տեղավորվելու պարագայում է հնարավոր արդյունավետ քաղաքականություն իրականացնել մակրոմակարդակում, որտեղ, կարծում եմ, առաջնահերթ ուղղություններ պետք է լինեն Չինաստանն ու Հնդկաստանը՝ հաշվի առնելով վերջիններիս ազդեցության աճը գլոբալ քաղաքականության մեջ:
Աշխարհում այսօր տեղի է ունենում աջ շրջադարձ, այն դառնում է ավելի ասիակենտրոն, ու այդ պայմաններում ձախ վեկտորով շարժվելն առնվազն ռազմավարական անհեռատեսության նշան է,- նշեց Վահե Դավթյանը՝ հավելելով,- Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին բացարձակ մերկապարանոց է և որևէ աղերս չունի այսօրվա քաղաքական իրողությունների հետ: Նախ՝ ԵՄ ընդլայնումն արդեն մոտ 20 տարի է՝ ինչ մտել է փակուղի՝ հաշվի առնելով վերոնշյալ աշխարհաքաղաքական պատնեշները, մյուս կողմից՝ ԵՄ-ն այսօր գտնվում է սեփական առաքելության վերաիմաստավորման փուլում, ինչի մասին վկայում են թե՛Եվրախորհրդարանում, թե՛ ԵՄ առանձին երկրներում՝ աջ, երբեմն էլ ուլտրաաջ ուժերի դիրքերի ամրապնդումը: Այս պայմաններում ԵՄ-ն պատրաստ չէ ընդլայնման նոր ալիք սկսել»։
Մասնագետի համոզմամբ՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն ունենալու է զուտ քաղտեխնոլոգիական նշանակություն՝ հատկապես գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությանը, դրանով նախատեսվող տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցության մասին դրույթներին ու «խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին հիշատակումներին անդրադառնալով՝ Վահե Դավթյանն արձանագրեց, որ ստորագրված փաստաթուղթն իրենից ընդամենը ցանկությունների դեկլարացիա է ներկայացնում:
«Որպես այդպիսին, այն չի սահմանում ռազմավարական հարաբերություններ՝ ինչպես դա փորձում են ներկայացնել մերձիշխանական շրջանակները: Պետք է հասկանալ, որ միջազգային հարաբերություններում երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք դիվանագիտական ու իրավաքաղաքական միջոցառումներ, ձևավորել պայմանագրային բազա, վավերացում ապահովել օրենսդիրում, և այլն:
Չմոռանանք, որ 2018-ից ի վեր՝ Հայաստանի առաջին դեմքը ոչ մի անգամ չի ընդունվել Սպիտակ տանը: Ամեն դեպքում, կգործի՞ այդ կանոնադրությունը «գետնի վրա», թե՞ ոչ, կախված է Թրամփի աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, Թրամփ-Պուտին երկխոսությունից, Իրանի վերաբերյալ կայացվելիք որոշումներից և այլն»,-մանրամասնեց նա։
Քաղաքագետն առևտրատնտեսական փոխգործակցության առնչությամբիր դիտարկումներում շեշտեց՝ ԱՄՆ-ը օբյեկտիվորեն չի կարող լինել Հայաստանի առանցքային գործընկերների շարքում, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը ևս, առկա են նաևմի շարք խոչընդոտներ՝ կապված լոգիստիկայի ու ներդրումային միջավայրի հետ։
«Էներգետիկայի առումով, իհարկե, կան որոշակի մտավախություններ․ թիրախում է հայտնվում հայկական «խաղաղ ատոմը», որի զարգացումը փորձելու են տանել փոքր հզորության մոդուլային ռեակտորի կառուցման ճանապարհով: Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ ատոմային մեծ հզորությունների բացառումը Հայաստանի համար խիստ վտանգավոր է ոչ միայն էներգետիկ, այլ նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Դրան զուգահեռ՝ կարող են հարցականի տակ հայտնվել Ռուսաստանից իրականացվող գազի մատակարարումները, իսկ դա մեր էլեկտրաէներգետիկ արտադրության մոտ 43%-ն է:
Իրանական գազամուղը ևս չի կարող դիտարկվել՝ որպես անվտանգության բարձիկ, քանի որ փաստացի ռուսական «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Մյուս կողմից՝ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը ևս պատկանում է Մոսկվային, և դա հաշվի չառնելն առնվազն միամտություն կլինի:
Փաստացի, ՀՀ-ԱՄՆ էներգետիկ փոխգործակցության հիմնադրույթները ներկայացվել են 2019 թ. USAID-ի կողմից մշակված էներգետիկայի զարգացման պլանում, որում հստակ սահմանված է Հայաստանի էներգահամակարգում ռուսական ու իրանական ազդեցության նվազեցման առաջնահերթությունը: Սակայն իրական այլընտրանք, որպես այդպիսին, չի առաջարկվում՝ բացառությամբ էքսպերիմենտալ նշանակության մոդուլային ԱԷԿ-ից ու վերականգնվող էներգետիկայի օբյեկտներից, որոնց ՕԳԳ-ն բավարար չէ մեր էներգետիկ անվտանգության ապահովման համար: Կարող եք զուգահեռներ անցկացնել ռուսական գազից հրաժարված Եվրոպայի էներգետիկ շուկաների հետ»,- պարզաբանեց էներգետիկ փորձագետը։
Վահե Դավթյանի համոզմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին փաստաթղթում առկա հիշատակման ներքո էլ պետք է առավելապես հասկանալ արտատարածքային «Զանգեզուրյան միջանցքը», որն ԱՄՆ-ը ձգտելու է կյանքի կոչել Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային երթուղին դիվերսիֆիկացնելու նպատակով:
«Մեծ հաշվով, դա լինելու է նաև «ՆԱՏՕ-ի միջանցք»-ը՝ հակաիրանական պլացդարմի ձևավորման հեռանկարով: Կյանքի կկոչվի՞ այս սցենարը, թե՞ ոչ, կրկին կախված է Թրամփի առաջիկա որոշումներից ու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ նրա պայմանավորվածություններից»,- ամփոփեց քաղաքագետը։