Գազարով ու բրնձով ֆիննական թխվածքաճաշ
Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 100 գ բրինձ
- 250 մլ ջուր
- 380 մլ կաթ
- 500 գ գազար
- 1 կտոր կոճապղպեղ
- աղ, աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի
- 2 ճ/գ մեղր
- 1 հատ ձու
- 2-3 ճ/գ կարագ
- 5-6 ճ/գ աղացած չորահաց
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ լցրեք լվացած բրինձը: Ավելացրեք ջուրն ու կաթի կեսը: Թավան կափարիչով ծածկեք, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի:
Ավելացրեք մնացած կաթը: Ժամանակ առ ժամանակ խառնելով՝ 20-25 րոպե եփեք: Հանեք կրակի վրայից ու հովացրեք:
Գազարն ու կոճապղպեղը փոքր անցքերով քերիչով քերեք: Խառնեք բրնձի, աղի, աղացած սպիտակ պղպեղի ու մեղրի հետ:
Ձուն մի փոքր հարեք: Ավելացրեք մնացած բաղադրիչներին և մեկ անգամ ևս խառնեք:
Տապակը պատեք կարագով ու վրան լցրեք չորահացի մի մասը: Հավասար շերտով բաշխեք բրնձա-գազարային խառնուրդը: Վրան փոքրիկ անցքեր արեք ու կարագի կտորներ դրեք մեջը: Վրան ցանեք մնացած չորահացը:
Տապակը մոտ 50-55 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից, թողեք 10-15 րոպե և մատուցեք: