«Հայաստանի նման փոքր պետություններին ԱՄՆ-ը օգտագործում է իր հակառակորդների դեմ». Հենրիխ Դանիելյան
Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վաշինգտոնում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն։ Բլինքենը հայտնեց, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը փնտրում է, թե ինչ դաշինք կարող է ստեղծել, որ վնասի Ռուսաստանին և Իրանին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա հիշեցրեց, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնք ժամանակին ԱՄՆ-ի հետ նման փաստաթուղթ են ստորագրել:
«Պետք է հասկանանք, որ այս համագործակցությունը ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համագործակցությունների նման չէ, մենք նմանատիպ ռազմավարական գործընթացի մեջ չենք մտել: Մեր ռազմավարական դաշնակցի թշնամու հետ է մեր հարաբերություններն առաջ տանում, որը մեզ բերելու է աղետալի վիճակի: Կեղծ եվրաինտեգրման ներքո գնում ենք դեպի ուկրաինացում, և կեղծ այս ռազմավարական դաշնակցային գործընթացները բերելու են շատ վատ հետևանքներ»,-ընդգծեց Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի նման փոքր պետություններին ԱՄՆ-ը օգտագործում է իր հակառակորդների դեմ.
«Իրանը մեր դարավոր բարեկամն է, Ռուսաստանի հետ ունենք տասնյակ և հարյուրավոր միասնական գործընթացների մասնակցություն: Մենք երկիր ենք եղել, որը Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վարել է շատ բալանսավորված քաղաքականություն: Ունեցել ենք հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Հնդկաստանի, և՛ Չինաստանի, և՛ հավաքական Արևմուտքի հետ՝ չմտնելով այն դաշտ, որ ինչ-որ մեկից ինչ-որ մի բան պոկենք՝ մյուսի հաշվին: Երրորդ նախագահը միշտ բանակցել է, թե ինչ ենք մենք ստանալու: Երբեք չենք բանակցել տալու կամ մանրադրամ լինելու մասով, ինչպես այսօրվա կառավարիչներն են անում: Այսօր վարվում է հակաիրանական, հակառուսական քաղաքականություն»:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է բացառապես սեփական իշխանությունը պահելու մասին.
«Իր իշխանությունը պահելու համար նա մատաղ է անում Հայաստանն այնպես, ինչպես Արցախը մատաղ արեց: Նիկոլ Փաշինյանը ստերի քողի տակ իր քայլերն է ձեռնարկում:
Նույն կերպ սուտ են հայ-ամերիկյան հարաբերությունները, եվրաինտեգրման խոսակցությունները: Իրականությունն այն է, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային իշխանություն: Ըստ իս, մեր անվտանգային համակարգի ձևավորումն է, որը բերում է մեր երկրի հարատևման, ապագային, այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան-Չինաստան-Հնդկաստան, ԲՐԻԿՍ-ի ֆորմատի մեջ: Ամենաառաջնայինը, մենք պետք է մեր ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները վերականգնենք: ՌԴ-ի հետ դիվանագիտական փոխհրաձգությունը 2018-ից սկսել են և կշարունակեն այնքան ժամանակ, մինչև մեզ գցեն Ուկրաինայի օրը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում