«Արցախից սկսվեց Ռուսաստանի մայրամուտը. Պուտինի շրջապատը գործում է ՌԴ-ի դեմ». Գագիկ Համբարյան
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ընդամենը թղթի կտոր է և ոչինչ չի տալու Հայաստանին:
«Դա ընդամենը երկու գերատեսչությունների միջև ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի կանոնակարգ է: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Դոնալդ Թրամփը կցանկանա այդ թղթի կտորը բանի տեղ դնել: Հայաստանի իշխանություններն իմիտացիա են անում, որ իբր «և՛-և՛» են անում, բայց իրականում Հայաստանը տանում են դեպի Թուրքիա: Ի դեպ, նշեմ, որ զուգարանի թուղթն ավելի մեծ արժեք ունի, քան Արաբաթ գործակալ Միրզոևի և Էնթոնի Բլինքենի միջև ստորագրված թղթի կտորը»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը ևս ձախողել է իր արտաքին քաղաքականությունը. «Ռուսներն արտաքին քաղաքականություն չունեն: Ես հասկանում եմ, որ այն, ինչ հիմա անում է Ֆրանսիան Հայաստանում, անում է, որ Թուրքիան գա այստեղ, իրենք չեն էլ թաքցնում դա: Բայց այդ նույն ռուսը, որ այստեղ գրեթե ոչինչ չի անում և մեկը մյուսի հետևից պարտություն է կրում, իր ձախողումների համար փորձում է մեղադրել Նիկոլին»:
Նա ընդգծեց, որ ստիպված է մշտապես նշում, որ Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանն է, որովհետև մեծ ընտրություն չունենք այս պահին՝ կա՛մ Ռուսաստան է, կա՛մ Թուրքիա:
«Հասկացանք, որ Նիկոլը հակահայ է, բայց Ռուսաստանը գոնե իր ազգային և պետական շահերից ելնելով՝ քայլեր չի՞ձեռնարկելու: Այդ նույն «Զանգեզուրի միջանցք»-ի թիվ մեկ զոհերից մեկը դառնալու է Ռուսաստանը, որովհետև Արևմուտքի կողմից առաջ տարվող իբր տնտեսական ծրագիրն աշխարհաքաղաքական նպատակներ ունի: Նույն Արևմուտքը, Թուրքիայի հետ համագործակցելով, փորձ է անելու քանդել Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը: Եթե Հնդկաստանի և Չինաստանի քանդման գործընթացն ավելի ուշ է ներկայացվում թուրքերի կողմից, ապա առաջին զոհերի մեջ, բացի Հայաստանից, լինելու է Ռուսաստանը: Ամբողջ Հյուսիսային Կովկասը ներկայացվում է՝ որպես Թուրքիայի ապագա տարածք: Եթե Կրեմլում վեր ընկած մերձպուտինյան կեղծ շրջապատը՝ Պեսկով, Վալենտինա Մատվիենկո, Սանկտ Պետերբուրգի քաղաքագլուխ Բեգլով, ՌԴ Արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկին, որը Թուրքիայում ունի մի քանի միլիոն դոլարանոց վիլլա… Նավալնին ապացուցում էր, որ Նարիշկինն ունի վիլլա Թուրքիայում, ո՞նց կարող է այդ մարդը պրոռուսական դիրքորոշում ունենալ: Ես հասկանում եմ, որ մարդը, որը 24 տարի ղեկավարում է երկիրը, չի կարող նորմալ մնալ, նա կտրված է իրականությունից: Այդ մարդու կողքին գտնվող թուրք-ադրբեջանական տանդեմն ամբողջությամբ գործում է ՌԴ-ի դեմ: Ռուսաստանը փորձում է իր արտաքին ձախողումները բարդել միայն Հայաստանի վրա: Այդպես չի լինում»,- ընդգծեց նա:
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Հայաստանի կորուստն էլ ավելի է մեծացնելու իր կործանման սկիզբը. «Հայաստանը միշտ զսպաշապիկ է եղել թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Ինչպես Արցախն էր մեզ համար շատ կարևոր, այնպես էլ Ռուսաստանի համար Հայաստանը պետք է կարևոր լինի: Արցախից սկսվեց ՌԴ մայրամուտը՝ Մերձավոր Արևելքում. Արցախը կորցնելուց հետո կորցրեցին Սիրիան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: