Հայ-ամերիկյան փաստաթուղթը դեկլարատիվ բնույթ է կրում․ Արեշև

ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի հավանության ու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման ֆոնին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց օրերս մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մեր երկխոսությունը շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրված է Ռուսաստան։ Նա հրավերն ընդունել է։ Մենք նրան սպասում ենք, հուսով եմ, որ այցը շուտով կկայանա»,- հայտնեց Սերգեյ Լավրովը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պարզաբանեց, որ նախարար Արարատ Միրզոյանի այց Ռուսաստան նախատեսվում է. այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ։ Այսինքն՝ այն պայմանավորված չէ ՀՀ վերջին որոշումներով, սակայն, ըստ ամենայնի, այդ որոշումները կպայմանավորեն Միրզոյան-Լավրով առաջիկա հնարավոր հանդիպման օրակարգը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը մեզ հետ զրույցումնախ անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությանը՝ նշեց, որ այն կրում է հռչակագրային բնույթ և չի ենթադրում ԱՄՆ-ից Հայաստանի նկատմամբ նոր պարտավորություններ ու հանձնառություններ, առավել ևս՝ երաշխիքներ։ Սակայն, նրա կարծիքով, սրա հիման վրա հնարավոր է այլ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կարող են իրենց բնույթով ավելի կարևոր լինել։ Սակայն, վերլուծաբանի համոզմամբ, դա տեղի չի ունենա հատկապես նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։

Կարդացեք նաև

Վերլուծաբանը գտնում է, որ Թրամփը Ռուսաստանի հանդեպ, այդ թվում՝ այս ռեգիոնում, չի դիրքավորվելու այնպես, որպեսզի ավելացնի Ռուսաստանի հետ առճակատումը՝ հատկապես սպասվող բարձրաստիճան բանակցությունների ֆոնին։

«Կարծում եմ՝ ԱՄՆ նոր ադմինիստրացիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կշարունակի հենց այն տեղից, որտեղ կանգ էր առել Բայդենի վարչակազմը, սակայն լուրջ առաջընթացներ, դատելով աշխարհաքաղաքական մի շարք գործընթացներից, չեմ ակնկալում։ Կարծում եմ՝ նոր ադմինիստրացիան ռեգիոնը դիտարկելու է մեկ ամբողջության մեջ։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական սպասվող նախարարական բանակցություններին, ապա քաղաքագետը կարծում է, որ դրանք բեկումնային որևէ տարր չեն պարունակելու։

Նրա կարծիքով, կողմերը քննարկելու են աշխատանքային, գործնական և հատկապես տնտեսական համագործակցության հարցեր։

Արեշևի խոսքով՝ Ռուսաստանում շատ լավ պատկերացնում են իրերի դրությունը, դրանց հեռանկարների բոլոր հնարավորությունները և հարկ եղած դեպքում հրապարակային անդրադարձներ են անում և զգուշացնում, որ, օրինակ՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր չէ համադրել ԵԱՏՄ անդամակցության հետ։

«Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ևս ռուսական կողմն արտահայտվեց՝ զգուշացնելով դրա հնարավոր վտանգների մասին։ Բայց, կարծում եմ, տեսնում են, որ սա դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ է, որը, չեմ կարծում, թե մոտ ապագայում նոր բազմաթիվ բաղադրիչներով հարստանա։ Բացի այդ, Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի Հայաստանը մնա՝ որպես տնտեսական գործընկեր, ինչից ՀՀ իշխանությունները չեն հրաժարվի»,- նկատեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքականությանը, ապա, նրա կարծիքով, ԵՄ անդամակցության գործընթացի մասին հայտարարելով, ինչպես նաև այս փաստաթղթով Երևանը փորձում է Արևմուտքում երաշխավորներ գտնել այն ժամանակ, երբ Մոսկվան զբաղված է սեփական խնդիրներով Ուկրաինայում։ Բացի այդ, նրա խոսքով, այսպիսով Երևանը փորձում է սեփական պատասխանատվությունը բոլոր հարցերում կիսել այլ երկրների հետ։

Նշենք, որ օրերս իր մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումն ինքնիշխան երկրների որոշումն է։ Սակայն, ըստ Լավրովի, գլխավորն այն չէ, թե ինչ է ստորագրվում, և ինչպես է փաստաթուղթը կոչվում, գլխավորն այն է, թե ինչ է ենթադրում այդ փաստաթուղթը։

«Մեր մոտ ևս մի շարք համաձայնագրերի դեպքում կիրառվում էր ռազմավարական գործընկերություն տերմինաբանությունը, սակայն երբեք համաձայնագրերը չեն ենթադրել այս կամ այն կողմի համար հանդես գալ երրորդ կողմի դեմ։ Ժամանակակից աշխարհում՝ խաղաղ ժամանակ, մենք երբեք չենք ամրագրել, որ ռազմավարական գործընկերներ ենք, ուստի մյուս կողմը պետք է միանա պատժամիջոցների երրորդ երկրների դեմ, ինչպես Սերբիայից են պահանջում։ Հայաստանից ևս պահանջելու են»,- ասել էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։

Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել էր, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Արեշևի խոսքով, չի բացառվում, որ այս հարցը քննարկվի։ «Սակայն Ռուսաստանը ներկայումս կենտրոնանում է համագործակցության վրա, որին ՀՀ-ն այլընտրանք չունի»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս