Էմոկրատիան՝ որպես ճգնաժամային կառավարման ձև

Մեր քաղաքական իրականությունն ավելի ու ավելի դժվար է նկարագրել շատերին հայտնի ավտոկրատիա, օխլոկրատիա կամ կակոկրատիա (հուն.` κακός – վատ + իշխանություն) կատեգորիաներով, քանի որ դրանք այլևս չեն արտացոլում այն խորքային ճգնաժամը, որը պատել է ազգային քաղաքական դաշտը։ Մեր հանրային ոլորտում ոտնատակ են տրվել մտավոր հիմնավորումների նուրբ ծիլերը և վերջնականապես խեղդամահ արվել քաղաքացիական երկխոսությունը:

Այս իրականությունը նկարագրելու համար նոր եզրույթ փնտրելիս ես կանգ առա «էմոկրատիա» (emocracy, անգլ․` emotion – զգացմունք + իշխանություն) տերմինի վրա, որը մի քանի տարի առաջ ներմուծել է բրիտանացի առաջատար պատմաբան Նայլ Ֆերգյուսոնը։ Նրա ձևակերպմամբ, էմոկրատիան այն մշակույթն է, որտեղ զգացմունքներն առավել կարևոր են, քան բանականությունը։ Էմոկրատիա բառն ինքնին արտաքուստ նման է դեմոկրատիային (ընդամենը մեկ տառ է պակասում), սակայն նրանց միջև հսկայական անդունդ կա, և այդ անդունդը հասուն բանավեճի բացակայությունն է, որի պայմաններում դեմոկրատիան այլասերվում է, դառնում էմոկրատիա։ Հայաստանի հանրային տիրույթում, ցավոք, իշխանություն են հաստատել հույզերը՝ դուրս մղելով ողջախոհությունն ու բանականությունը։

Չնայած անվտանգային և բնապահպանական աղետալի վիճակին, հանցավորության ու արտաքին պարտքի աննախադեպ աճին՝ դրանց համարժեք արձագանքելու և լուծումներ տալու կառավարության ունակությունը նվազել է մինչև անկարողության աստիճան։ Դրա հետ շաղկապված անկում է ապրում հասարակության մի զգալի մասի մշակութային և մտավոր ներուժը, տարրական կենցաղավարության մակարդակը։ Սա հնարավորություն է տալիս կառավարիչներին քողարկել սեփական մտավոր և կազմակերպական մերկությունն աղմկահարույց ձեռնարկներով, որոնք հիշեցնում են պլացեբո՝ լոկ դրական հոգեբանական ազդեցության գործադրելու նպատակին հիվանդին տրվող կեղծ դեղահաբ։

Էմոկրատիայի տրամաբանությունը 2018 թվականից ի վեր մեզանում դարձավ հեղափոխականների կառավարության արտաքին քաղաքականության անբաժան մասը։ Իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ընթացող բանակցությունների տապալումը, 2020թ. պատերազմի աղետալի ելքը և Արցախի կորուստը մինչ օրս հասարակությանը հրամցնում է քաղաքական դավադրապաշտության և խորհրդապաշտության կանոններով։ Արդյունքում հանրության մոտ արմատ է գցել աշխարհի հուզական ընկալումը և, համապատասխանաբար, նոր ադրենալինի ազդեցություն ունեցող կեղծ դեղահաբի լրացուցիչ չափաբաժնի պահանջարկը։

Կարդացեք նաև

Այս գործում կառավարությանն աջակցեցին Հայաստանի արևմտամետ ուժերը, որոնք հանդես եկան ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ։ ԵԱՏՄ և ԵՄ արտաքին տնտեսական ռեժիմների անհամատեղելիության պատճառով ԵԱՏՄ-ից հարկադրաբար դուրս գալու հեռանկարային ռիսկերի վերաբերյալ հարցին ֆինանսների նախարարը, ոչինչ չասելով բուն հարցադրման վերաբերյալ, քաղաքական վերնախավին բնորոշ ոճով հպանցիկ նշեց, որ «վերլուծվում և հաշվի են առնվում բոլոր ռիսկերը», թեև առանց այդ ռիսկերը գնահատելու՝ արդեն որոշում է կայացվել սկսել եվրաինտեգրման գործընթացը։ Հանրությանը հարկ չեն համարել որևէ բանական հիմնավորում ներկայացնել առ այն, թե ինչպիսի վտանգներ է պարունակում տարածաշրջանային մեկ ինտեգրացիոն համակարգից մյուսին անցնելը։ Արտաքին քաղաքականության բնագավառում դրսևորվող ցուցադրական ինքնավստահությունը և կույր համառությունը վկայում են, որ իշխողները պատրաստ են ինքնահաստատվել ցանկացած գնով։

Այս համատեքստում տեղին է հիշատակել ժամանակակից քաղաքական ռեալիզմի դպրոցի հիմնադիր Հանս Մորգենթաուին վերագրվող մի միտք, որը նա ասել է ԱՄՆ նախագահ Թրումենի վարչակազմի արտաքին քաղաքականության մասին. «Նրանք արդեն մեկ անգամ ստել են, հիմա ստիպված կլինեն նորից ստել, որովհետև ճշմարտությունն ասելը կնշանակի ընդունել, որ նրանք նախկինում են ստել»։

Բովանդակային քննարկման փոխարեն, տեղեկատվական դաշտը հեղեղվում է ծայրահեղ կողմնակալ կոչերով` թե՛ եվրաատլանտյան ինտեգրման կողմնակիցների, թե՛ նրանց հակառակորդների կողմից։ Հանրային տարածքում Եվրոմիության անդամակցության ճանապարհին Եվրասիական տնտեսական միությունը լքելու հնարավոր հետևանքների որևէ հաշվարկված սցենարի բացակայությունն ընթացող «բանավեճը» տանում է զուտ հուզական դաշտ և հակադիր ճամբարների բաժանում՝ թե՛ Հայաստանի հանրությանը, թե՛ սփյուռքահայությանը։ Նման պայմաններում արտաքին քաղաքական նախաձեռնության հանդեպ անաչառ հետաքրքրություն դրսևորելն իշխանությունների համար խիստ անցանկալի է, հետևաբար՝ այն, ինչ հնարավոր չէ բանականորեն հիմնավորել, պետք է քողարկվի։ Իսկ սա, իր հերթին, լավ առիթ է գաղափարական առաջնորդների համար՝ էլ ավելի կատարագործելու մանիպուլյացիայի իրենց արվեստը։

Այդուհանդերձ, մտահոգիչ է ոչ միայն կառավարության վարքագիծը, այլև ազգային քաղաքական մտքի շարունակական խաթարումը։ Դա թույլ է տալիս երկիրը հեշտությամբ ներքաշել նոր աշխարհաքաղաքական էքսպերիմենտների մեջ՝ մոռացության մատնելով անգամ 2020-ի ողբերգության հետևանքները։ Ինչպես ասել է մի իմաստուն, «Մեկի իշխանությունը մյուսի հիմարության մշտական կարիքն ունի»։ Ի վերջո, զարմանալի չէ, որ այլոց ձեռքում գործիք դառնալով՝ անխոհեմներն ունակ են ցանկացած չարիքի՝ առավելևս, որ մտագարի պես անկարող են զանազանել չարը բարուց։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան

Տեսանյութեր

Լրահոս