Հայաստանում ԵՄ դիտորդները փոխհրաձգության ժամանակ արագ լքում են իրենց համար վտանգավոր հատվածները. Զախարովան ԵՄ առաքելության երկարաձգման մասին
Ռուսաստանը պարբերաբար խոսում է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելության բացասական վերաբերմունքի և կոնֆրոնտացիոն էության մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը երկու տարով երկարաձգելու ԵՄ առաջարկը։
«Այս առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են։ Ավելին, դրան միանում են նաեւ ՆԱՏՕ-ի երկրները։ Ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է, որն օգտագործվում է հավաքական Արեւմուտքի ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու համար։ Մեզ համար նրա նպատակները պարզ են՝ իրավիճակի ապակայունացում և դրա օգտագործումը Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ», – ասաց նա։
Զախարովան նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունից բացի ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի վերածելուց ոչինչ պետք չէ սպասել։
«ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության», – ասել է Զախարովան։
Ռուս դիվանագետը կիսեց ադրբեջանական կողմի վրդովմունքը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելությունը տեղակայելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու. «Ինչո՞ւ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, ով արտաքին դիտորդ չէ և ով շահագրգռված է կայունության մեջ»։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ ԵՄ-ն Հայաստանն օգտագործում է որպես ազդեցություն տարածելու գործիք և դիտորդական առաքելության հովանու ներքո լրտեսական գործունեություն է ծավալում տարածաշրջանում։