«Ամենապասլեդնի մարդկանցից պիտի լինեմ, որ Արցախը հանձնող, դավաճան բառը ներկայացնող կառույցի հետ ճանապարհ գնամ»․ Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ի հետ միավորվելու մասին․ Aravot.am

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հաստատակամորեն հայտարարել է Գյումրու՝ մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով Գյումրիում և Գյումրիից դուրս շրջանառվող ասեկոսեներին, թե ինքը ձայներ է հավաքելու՝ հետագայում ՔՊ-ի հետ իշխանություն կազմելու կամ իր ձայները պարզապես նրանց նվիրելու պայմանով։ Տեսանյութի տակ գրված է, որ պատասխանում է իր անվանակցի՝ Դոգի հայտարարությանը, թե «Պարոն Վարդան Ղուկասյանը պետք է երդվի, որ Գյումրու գալիք ՏԻՄ ընտրություններում իր հավաքած ձայները չի փոխանցելու ՔՊ-ին»:  Փոխանցում է Aravot.am-ը։

«Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ այլ երդումով. այլ ձեր այո-ն թող լինի՝ այո, և ոչ-ը՝ ոչ, որ կեղծավորության պատճառով չընկնեք: Հակոբոս 5: 12-14», -աստվածաշնչյան տողեր է մեջբերել Գյումրու նախկին քաղաքապետը։

Վարդան Ղուկասյանն ի պատասխան նման լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը համարում է Արցախը հանձնած, դավաճան կառույց։

«Իմ ապրած կյանքը ցույց է տվել, թե ես ոնց եմ ապրել և ընդհանրապես ես միանալու ոչ մի բան չունեմ ու ընդհուպ ՔՊ-ի հետ ճանապարհ գնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ իմ բարոյականությունը ու իմ ապրած կյանքը ինձ թույլ կտան։

Արցախը հանձնող և էդ դավաճան բառը ներկայացնող կառույցի հետ ես ո՞նց կարող եմ ճանապարհ գնալ, դավաճան դա Հուդան է, Վասակ Սյունեցին է, Մերուժան Արծրունին է Անին հանձնող Վեստ Սարգիսն է, և ես եթե էդ մարդկանց հետ ճանապարհ գնամ, ուրեմն ես «ամենապասլեդնի» («ամենավերջին».-խմբ.) մարդկանցից պիտի լինեմ, և ամոթ է իմ արյանը՝ իմ պապերիս և իմ կաթին մորս, որ կերել եմ։

Դա մեկ, ես ընդհանրապես էս հարցը փակեցի։ Եվ իմ ապրած կյանքում չի եղել մի բան, որ մի բան ասեմ և ինչ-որ խաղեր տամ, քաղաքականությունն էդպես է պահանջում, մյուսն էնպես է պահանջում․․․ Հետո ես ո՛չ թռնող եմ, ես թռցնող եմ ամբողջ իմ կյանքում, հետո եթե մեկը պիտի միանա, ես պիտի նայեմ դրանց բարոյականությունը, դրանց ապրած կյանքը, դրանք ինչ են շնչում, աստվածապաշտ են, հայրենիք սիրող են, խիղճ ունե՞ն, մա՞րդ են, ասում է՝ ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։

Ես ո՞նց կարող եմ նմանատիպ մարդկանց հետ ճանապարհ գնալ, ամեն թռչուն իր երամն ունի, իմ երամի մարդիկ չեն այդ մարդիկ և իմ ոլորտի։ Դա մեկ։ Երկրորդ մեկընդմիշտ փակում ենք»։

Ըստ նախկին քաղաքապետի՝ նման լուրեր են տարածում, որ ազդեն իր վարկանիշի վրա, բայց նրա ասելով՝ իզուր են չարչարվում, ժողովուրդն իրեն լավ է ճանաչում։

Գյումրին 13 տարի գլխավորած նախկին քաղաքապետն անդրադարձավ նաև իրեն Վարդանիկ անունով դիմելուն՝ հայտարարելով, որ չի փախնում այդ անունից, չի նեղվում։

«Մեկ-մեկ շատ են ասում՝ Վարդանիկ, Վարդանիկ, Վարդանիկ, ես ասեմ, որ Վարդանիկ բառից կյանքում չեմ փախնում: Ուրեմն՝ իմ անունը Վարդան է և փոքր ժամանակվանից ես միշտ մեծ տղաների հետ եմ ընկերություն արել և ամենափոքրը ես եմ եղել և ինձ փոքրուց ասել են Վարդանիկ: Բայց հենց թոռս ծնվավ, ես ասացի՝ «իկ»-ը պեռեվոդ եմ արել իմ թոռիս վրա։

Տղերք ջան, հիմա ես արդեն 64 տարեկան եմ, բացի այդ ամենից՝ Գալստյան Լյովա կար, ասում էին Լյովապետ (խոսքը Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանի մասին է, հեղ․), ասում են՝ ընկեր պետ, մի հետաքրքիր մարդ ենք բռնել, մի հատ ուզում ենք ծանոթանաս։ Որ գալիս է Գալստյանը,, էդ մարդուն, որը տարիքով 86 տարեկան է, ասում է՝ հոպար անունդ ի՞նչ է, ասում է Աշոտիկ, Լյովապետն ասում է՝ Աշոտը հասկացանք, «իկ»-ը ո՞րն է , ասում է՝ ղ-ի տղա, դու «իկ»ից բան չես հասկնա։ Այսինքն` էդ «իկ»-ից հո ամեն մարդ չի հասկանում, մենք էդ «իկ»-ի ղադրը գիտենք։ Հետո իմ հորից, թեևս հորս 7-8 տարի եմ տեսել, նա սովորեցնում էր, թե թեկուզ թշնամի լինես, կոնֆլիկտ ունես, կամուրջները մի այրիր։ Մի հատ ֆորտուշկա թողեք, տղերք ջան, էդպես էր ասում հայրս, ամեն ինչ մի այրեք, մի վառեք»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա գեղարվեստական ֆիլմից օրինակ բերելով՝ խորհուրդ տվեց թշնամիներին այնպես ապրել, որ սրբություններին ու ընտանիքներին չկպնել։

Վարդան Ղուկասյանն ասաց՝ իր թեկնածությունն առաջադրում է, որովհետև անելու շատ բան ունի քաղաքի համար, հենց քարոզարշավը սկսվի, ամեն ինչ կներկայացնի։ Նա կոչ արեց մնալ չափի ու շնորհքի մեջ, դուրս չգալ չափ ու սահմանից, որովհետև հետագայում բոլորը պատասխան պիտի տան։ Նա նաև նախազգուշացրեց՝ եթե իր հարազատներին, իր ընտանիքների անդամներին կպնեն, լուրջ խնդիրներ են ունենալու։

Տեսանյութեր

Լրահոս