ՀՀ իշխանությունները էսկալացիայի ռիսկ են տեսնում, մտավախություններ ունեն․ Տարասով
Օրերս Իլհամ Ալիևի՝ ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցին պատասխան հարցազրույցով («Արմենպրեսին») արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Իր հարցազրույցներին ոչ այնքան բնորոշ կարճ տեքստային հարցազրույցով Փաշինյանն անդրադարձել է Ալիևի վերջին հարցազրույցի թեզերին, ինչպես նաև նոր էսկալացիայի ռիսկին, սահմանազատման գործընթացին ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին հարցին։
Նշենք, որ Ալիևը հաճախ է հանդես գալիս՝ ինչպես ծրագրային ելույթներով, այնպես էլ հարցազրույցներով, որոնցում բաց և թափանցիկ ներկայացնում է Հայաստանին ուղղված ադրբեջանական պահանջներն ու սպառնալիքները։ Վերջին հարցազրույցն ըստ էության հերթականներից էր, այն իր բովանդակությամբ բացառիկ չէր։
Միայն որոշ նրբությունների բացառմամբ՝ այն ընդհանուր առմամբ հաստատում էր Բաքվի մոտեցումները հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայի ու ապագայի հարցում, վերահաստատում Բաքվի նախապայմանները, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար և ամրապնդում դիրքորոշումները մնացած այլ հարցերի վերաբերյալ, ինչպես ՀՀ-ի կողմից սպառազինությունների ձեռքբերման, ՀՀ-ից ԵՄ դիտորդների դուրսբերման հարցերը, անպես էլ մի քանի այլ պահանջներ, որոնք լավագույնս ծանոթ են հայաստանյան հանրությանը։
Սակայն առավել ուշագրավ փաստն այն է, որ այս հարցազրույցին Փաշինյանը որոշեց արձագանքել անմիջապես ու նման ֆորմատով՝ կենտրոնանալով միայն հարցազրույցի ու ռեգիոնալ էսկալացիայի, ինչպես նաև Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջների վրա։
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»,- արձագանքելով ռեգիոնալ էսկալացիայի հավանականության վերաբերյալ հարցին՝ ասել է Փաշինյանը։
Հատկանշական է նաև, որ Փաշինյանն իր հարցազրույցում խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի մասին։ Հենց վերջերս էր ելույթներից մեկում Իլհամ Ալիևը, ըստ էության, իջեցնելով ՀՀ իշխանությունների մակարդակը համայնքային ներկայացուցիչների մակարդակի, ասել էր, թե նրանք պետք է բանակցեն, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այդ հայտարարությանը, սակայն, ՀՀ իշխանությունները որևէ մակարդակով չեն պատասխանել։
Սակայն նախօրեի հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ:
«Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով՝ պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետևաբար՝ մարդկանց վերադարձն այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ»,- երեկ նշել է Փաշինյանը։
Նորություններից էր նաև այն, որ ըստ Փաշինյանի, եթե չկա կոնֆլիկտ, կարելի է չպահել կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափը։
«Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- ասել է Փաշինյանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ, կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168.am–ի հետ զրույցում ասաց, որ երկու հարցազրույցներում ընդհանուր առմամբ լուրջ տարաձայնություններ չեն երևում, հատկապես ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի պահանջներին դիմադրություն գրեթե չկա։
Տարասովի դիտարկմամբ, Ադրբեջանի բարձրացրած շատ հարցեր ընդունելի են Երևանի համար, սակայն խաղաղություն չկա, դրա հեռանկարը ևս չկա։
«Եվ, կարծում եմ, որ գլխավոր խնդիրներից մեկը ոչ միայն պատերազմն ու դրա հետևանքներն են, այլև աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ռեգիոնում վերջին տարիներին, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների օգնությամբ, երբ ՀՀ-ն սկսեց քիչ-քիչ ՌԴ-ի հետ դաշնակցությունից հրաժարվելու գործընթացը։ Խախտվեց ավանդական աշխարհաքաղաքական բալանսը, Արևմուտքը, չնայած շատ մեծ ցանկությանը, չկարողացավ այդ դերը ստանձնել։ Դրա փոքր ցուցադրությունը տեղի ունեցավ վերջերս, երբ Ադրբեջանը մերժեց ԱՄՆ միջնորդության բոլոր առաջարկները, իսկ առաջարկներ եղան մի քանի մակարդակներում։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մինչև վերջին օրն աշխատելու է գործընթացում հաջողության հասնելու համար։ Սակայն դա ակնհայտորեն չի հաջողվում, Ադրբեջանը բացահայտորեն քննադատում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, մերժում նրանց միջնորդությունը»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Իսկ կողմերի միջև, նրա որակմամբ, ծանր իրավիճակ է, քանի որ Ադրբեջանը մաքսիմալ ճնշումներով փորձում է հասնել առավելագույնին։
«Էսկալացիան ինձ համար տրամաբանական չի թվում, սակայն ներկայիս իրավիճակները չունեն որևէ տրամաբանական գիծ ու բացատրություն, ինչպես, օրինակ՝ սիրիական իրավիճակում։ Ուստի նման իրավիճակում, իհարկե, ռիսկեր կան, ու թերևս հայկական կողմի նմանատիպ արագ արձագանքն Ադրբեջանի ղեկավարի հարցազրույցին գուցե նպատակ ունի ահազանգել վտանգների մասին, հայկական կողմը որոշակի անհանգստություն ունի, ուստի ազդարարում է, որ հայկական կողմից նման ռիսկ չկա։ Սա թե ներքին, թե արտաքին լսարանի համար արվող հայտարարություն է։ Իսկ թե ինչ խնդիր է լուծում, թերևս, ընթացիկ, ևս մեկ անգամ հայտարարվում է Երևանի դիրքորոշումը, քանի որ բանակցությունների բացակայությունը կարող է իրավիճակը տանել սրման»,- նկատեց Տարասովը։
Սակայն, նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ Թուրքիան, բացի առաջընթացը, Սիրիայում քրդական լուրջ խնդրի է բախվում։ «Թուրքական կողմը դա կարծես միայն հիմա է զգում, Սիրիայի նոր իշխանությանն աջակցելով՝ Էրդողանը ցանկանում է, որպեսզի սիրիական նոր իշխանական ուժը վերահսկողություն հաստատի սիրիական ողջ տարածքի նկատմամբ, այնինչ կան քրդաբնակ և քրդական ազդեցությամբ շրջաններ, իսկ քրդերին աջակցում է ԱՄՆ-ը։ Ուստի Թուրքիան չի կարող ուղիղ թիրախավորել քրդերին, օպերացիա իրականացնել այնտեղ, ինչն էլ նշանակում է, որ ներսում դիմակայությունը պետք է շարունակվի։ Սա այս փուլում լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար, Թուրքիան ցանկանում է իր կողքին ունենալ ոչ թե բաժան-բաժան եղած Սիրիա, այլ միասնական տարածք, որը կարծես չի հաջողվելու։ Ես Սիրիայի վերջին զարգացումները կորակեի քրդական թակարդ Էրդողանի համար։ Այս փուլում որքանո՞վ է հնարավոր էսկալացիա Անդրկովկասում՝ շատ բարդ է ասել»,- նկատեց նա։
Տարասովի կարծիքով, ուշագրավ է, որ Երևանն ու Բաքուն կոնսենսուս ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը պաշտոնապես կասեցնելու հարցում։
«Ըստ էության նույնիսկ առանց կոնսենսուսի բարդ է պատկերացնել, որ այդ ձևաչափը երբևէ կկարողանա վերակենդանանալ։ Սակայն հասկանալիորեն Ադրբեջանն այդ պահանջը դնում է պաշտոնապես, որպես հակամարտության ավարտ՝ ներկայիս պայմաններով, միջազգայնորեն ամրագրող գործողություն։ Այն պետք չէ գերագնահատել, որովհետև եթե հարկ լինի՝ այս կամ այն կենտրոնը կբարձրացնի այս կամ այն հարցը կամ կհամարի հակամարտությունը չկարգավորված, սակայն Ադրբեջանն ընթանում է իր համար առկա խնդիրները վերացնելու ճանապարհով՝ նվազեցնելով հետագայում ստեղծվելիք խնդիրների հավանականությունը»,- ասաց Տարասովը։