
Ֆրանսիայի նախագահականը հայտնել է կառավարության նոր կազմը

Ֆրանսիայի նախագահական պալատը հոկտեմբերի 12-ի երեկոյան հայտարարել է հրաժարականից օրեր հետո երկրի վարչապետի պաշտոնին վերադարձած Սեբաստիան Լեկոռնյուի կառավարության կազմը։
Ժան Նոյել Բարոն վերստին ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Զինված ուժերի նախարար է դարձել աշխատանքի նախկին նախարար Կատրին Վոտրենը։ Ներքին գործերի նախարար է նշանակվել Փարիզի ոստիկանության ներկայացուցիչ Լորան Նունիեսը։ Ժերալդ Դարմանենը վերանշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Ռոլան Լեսկյուրը մնում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարար։ Իր պաշտոնը պահպանել է նաև մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում կրկին նշանակել էր Լեկոռնյուին, ով մեկ ամսից քիչ պաշտոնավարելուց հետո՝ հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։
«Ես որպես պարտականություն եմ ընդունում հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ հնարավոր ամեն ինչ անել մինչև տարեվերջ Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և մեր հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար», – նշանակվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցում հայտարարել էր Լեկոռնյուն։