Կարևոր փաստեր, որոնց մասին Ալիևին չեն հիշեցրել Փաշինյանը, Ֆրանսիան և Կիսելյովը

«Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի վերազինմանը և Հնդկաստանի, Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարմանը, ինչպես հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությանը, և նշել, որ իրենց մտահոգում է այս ամենը:

Ըստ Ալիևի, մի շարք փաստեր հուշում են, որ «վտանգը բավականին լուրջ է», քանի որ Մակրոնի կառավարության կողմից Հայաստանին մատակարարվող զենքը «հարձակողական է, մահաբեր և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»: Եվ ոչինչ, որ հենց նույն Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանին պաշտպանողական սպառազինություն են վաճառում, և, ըստ էության, այս առումով ունեն կարմիր գծեր:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը 1000 կիլոմետրից ավելի է, սահմանամերձ բազմաթիվ բնակավայրեր կան, նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրերի մեծ մասը, մենք, իհարկե, չենք կարող պարզապես դիտորդի դերում լինել։ Եվ մենք մեկ անգամ չէ, որ Հայաստանին և ԱՄՆ Պետդեպարտամենտի նրանց հովանավորողներին հասկացրել ենք, որ զինումը պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեր խոսքը տեղ չի հասել, Հայաստանի զինումն առաջ է գնում յոթ մղոնանոց քայլերով: Իհարկե, Ֆրանսիան առաջատար է այդ հարցում, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդում՝ ԱՄՆ-ն:

Ֆրանսիան և Հնդկաստանը չեն էլ թաքցնում, որ մահաբեր զենք են մատակարարում Հայաստանին: Իսկ ԱՄՆ-ը չի էլ ընդունում, չնայած որ մենք հետևել էինք ռազմատրանսպորտային ինքնաթիռներին, որոնք վայրէջք էին կատարել հայկական օդանավակայանում և ռազմական բեռ հասցրել: Եվ մենք, բնականաբար, ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել, ու 2025 թվականի ռազմական բյուջեն ռեկորդային է լինելու՝ մոտ 5 միլիարդ դոլար: Այդ գումարի առնվազն 60 տոկոսը մենք չէինք ծախսի, եթե այդպիսի սպառնալիք չլիներ»,- հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանը սպառազինության մրցավազքին չի դիմանա, եթե անգամ այդ «սպառազինության մեծ մասն Արևմուտքից ստանում է կամ անվճար, կամ կրեդիտային տարբերակով», և, որ չնայած մաքսիմալ աջակցությանը, «գետնի վրա, եթե սադրանք լինի, Մակրոնը և ԱՄՆ Պետդեպը նրանց չեն օգնելու», ինչպես չօգնեց Մակրոնը 2020 և 2023 թվականներին:

Կարդացեք նաև

Նախքան Ալիևի հիշատակված հարցազրույցում ռազմական մյուս հայտարարություններին անդրադառնալը, մի քանի դիտարկում՝ արդեն ներկայացվածի հետ կապված, ընդ որում, մի կողմ ենք թողնում Ադրբեջանի ակտիվ զինման փաստը:

Առաջին, Հայաստանին ֆրանսիական զենքի մատակարարումից դժգոհող և դրանում վտանգ տեսնող Ադրբեջանի նախագահը, չգիտես ինչու, մոռանում է Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածությունները, պայմանագրերը, որոնք այդ ժամանակ մտահոգում էին հայկական կողմին, և այդ ժամանակ էլ Ֆրանսիայի ղեկավարությանը, հենց նույն Մակրոնին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող խորհրդի ղեկավարներն ու ՀՀ իշխանություններն էին առաջարկում դադարեցնել դա, իսկ Ֆրանսիայից վստահեցնում էին, որ Ադրբեջանին չեն վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում՝ հիշեցնելով էմբարգոյի մասին:

Իսկ ադրբեջանական կողմը, մասնավորապես, 2020 թվականի պատերազմից առաջ՝ 2018-2019 թվականներին, ներկայացնում էր այն, ինչ պատրաստվում է Ֆրանսիայից գնել:

Օրինակ, 2018-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայից գնել ՀՕՊ համակարգեր` «ASTER 30 SAMP/T», «VL Mica», և, որ դրանք բավականին հուսալի են և թույլ են տալու պաշտպանել Ադրբեջանի օդային տարածքը:

Իսկ 2019-ին Փարիզում կայացած «Paris Air Show-2019»-ի շրջանակում ադրբեջանական կողմը հանդիպել էր ֆրանսիական Nexter, Thales, CS Communication, Lacroix ընկերությունների հետ: Ավելին, այդ ժամանակահատվածում ոչ միայն խոսվում էր Ադրբեջանի կողմից Ֆրանսիայից ՀՕՊ համակարգերի և Dassault Rafale բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման մտադրության մասին, այլ նաև Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական համատեղ ծրագրերի մասին: Այս շարքը կարելի է լրացնել: Ի դեպ, տարբեր տեղեկություններով՝ Ադրբեջանը ֆրանսիական արբանյակով է նաև դիտարկել Արցախի տարածքը:

Երկրորդ, 2024թ. ապրիլին «Փաստինֆոյին» տված հարցազրույցում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադառնալով Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք վաճառելու պատրաստակամությանը, մասնավորապես, նշել էր.

«ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ, ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է»,- ասել է նա:

Իհարկե, դա այդպես է: Ամեն դեպքում, հարկ ենք համարում հիշեցնել, որ 2013 թվականին Ադրբեջանն աղմուկ էր բարձրացրել, թե Ֆրանսիան և Գերմանիան Հայաստանին մատակարարել են «MILAN» հակատանկային համակարգեր (համատեղ արտադրություն), ինչի առումով ադրբեջանական կողմը բողոքի նոտա էր հղել այս երկրներին:

Իսկ այդ համակարգերը ցուցադրվել էին ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Մասնագետները նշում էին, որ «Միլան» համակարգն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ. շուրջ 50000 մարտական և ուսումնական արձակումներից թիրախի խոցմամբ են ավարտվել ավելի քան 92%-ը։

Ավելի ուշ տեղեկություններ շրջանառվեցին, որ այդ համակարգը Հայաստանը գնել է Հունաստանից։

Երրորդ, Ալիևն ասում է, որ Հայաստանի հետ իրենց սահմանի երկարությունը 1000 կիլոմետրից ավելի է, և, որ սահմանամերձ բազմաթիվ բնակավայրեր կան, նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրերի մեծ մասը, ուստի ՀՀ զինումը սպառնալիք է: Եվ այստեղ չենք կարող չհիշեցնել, որ տարիներ շարունակ Ադրբեջանի բանակն իր մարտական դիրքերը տեղակայում էր սեփական բնակավայրերի մոտ՝ վահան դարձնելով սեփական բնակչությանը: Դեռ չենք խոսում, որ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքի ներխուժումից հետո վտանգված է ՀՀ խաղաղ բնակչության անվտանգությունը: Ինչպես ասում են՝ ով է բողոքում խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնալիքից:

Իսկ Իլհամ Ալիևը «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի անհրաժեշտություն չկա, հիշեցնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշայի հռչակագրում» կետ կա, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում, և, որ տարեկան թուրք-ադրբեջանական համատեղ ավելի քան 10 զորավարժություն է տեղի ունենում:

Ալիևի փոխարեն նշենք, որ Ադրբեջանը Թուրքիայի շնորհիվ է հաղթել 44-օրյա պատերազմում, որ պատերազմի օրերին Ադրբեջանի ԳՇ-ն թուրք գեներալներն են ղեկավարել, որ Թուրքիայի աջակցությամբ է իր բանակը վերածում թուրքական մոդելի փոքր բանակի, իսկ թուրք գեներալն Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական է նշանակվել:

Եվ ժամանակ առ ժամանակ, ինչպես վերջին օրերին ևս, Թուրքիայի բանակի ղեկավարությունից գալիս են Ադրբեջան, այցելում հրամանատարական կետեր՝ ստուգումների:

Մասնավորապես, օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուին, ով Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալուց հետո այցելել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի շտաբ և մանրամասն ծանոթացել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետում կատարվող աշխատանքներին: Չմոռանանք Նախիջևանում և Նախիջևանի առանձին համազորային բանակի վրա թուրքական ազդեցությունը:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:

Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:

«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:

«Ռազմինֆո»-ն, դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, գրել էր նաև՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ պատերազմը:

Իսկ քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ Ավելին, Տոնոյանը հայտնել էր, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին: Այս պայմաններում, բնական է, որ Ադրբեջանին թուրքական ռազմաբազաներ պետք չեն, առանց այն էլ Թուրքիայից կախվածություն ունի բավարար, եթե անգամ չընդունի: Իսկ թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը ՆԱՏՕ-ից չէր դժգոհում, երևի մի օր կամ անկողմնակալ մի հարցազրուցավար կհարցնի, կամ՝ ՀՀ իշխանությունները միգուցե կասեն:

Ալիևի հարցազրույցում հնչեցրած պնդումները, ինչպես ավելի վաղ գրել էր 168.am-ը, թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների հանդիպումները Բաքվում և Թուրքիայում, նաև Ադրբեջան-Իսրայել արտաքին քաղաքական հանդիպումները հուշում են, որ Ադրբեջանը ռազմական ինչ-որ գործողության է պատրաստվում:

Ի դեպ, Ալիևը ռուսական կողմին տված իր հարցազրույցում խոսում է ԱՄՆ ռազմական աջակցության մասին Հայաստանին, թեև ԱՄՆ-ը այն հերքել էր, Իրանը ևս չէր հաստատել, որ նման բան են ֆիքսել:

Իսկ 168.am գրել էր, որ երբ այս տարվա հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել էր «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել էր, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն էր Հայաստան ֆիքսել:

Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ-ում չի աշխատելու ամերիկյան բանակի ներկայացուցիչ:

Բացի այս, 168.amի հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշել է, որ Միացյալ Նահանգներն օգնություն տրամադրելուց հաշվի է առնում ոչ թե՝ ում է տրամադրում, այլ՝ ում դեմ է տրամադրում, և, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանը նույնքան կարևոր, եթե ոչ՝ ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է, քան Հայաստանը:

Այնպես որ, Ադրբեջանը հնարավոր սադրանքի հիմքեր է ստեղծում՝ պատասխանատու կարգելով Հայաստանին և նրա «հովանավորներին»:

Տեսանյութեր

Լրահոս