
Սրանք են քաղաքականության նշանները` ոչ թե լայն սպառման համար նախատեսված պրոպագանդան. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Նոբելյան մրցանակի թեմայով Պուտին-Թրամփ հեռակա շփմանը: Հակոբ Բադալյանը մասնավորապես գրել է.
«ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ իրեն աջակցելու համար:
«Շնորհակալություն, նախագահ Պուտին», գրել է Թրամփը: Խոսքը Նոբելյան մրցանակի վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին է, որ նա այսօր արել է Դուշանբեում, երբ նրան հարցրել են Թրամփի՝ Խաղաղության նոբելյան մրցանակ չստանալու մասին:
Ինչու՞ եմ ես այս թեման արժանացնում այսքան ուշադրության.
Կհնչի գուցե տարօրինակ, բայց հենց այս դրվագներն են արտահայտում այն իրական պրոցեսները, որ ծավալվում են Թրամպ-Պուտին ձեւաչափով, այլ ոչ թե, օրինակ, Ուկրաինային «Տոմոհավկ» հրթիռներ տրամադրելու վերաբերյալ բաց թողնվող ինֆոները կամ Պուտինից հիասթափվելու մասին Թրամփի հայտարարությունները:
Ես իհարկե գիտեմ, որ հայկական դաշտում հենց դա է հորդառատ ձեւով մատուցվում հանրությանը, որովհետեւ մատուցողների խնդիրը բոլորովին այն չէ, որ հանրությունը առավելագույնս մոոտենա քաղաքական պրոցեսների հնարավորինս ամբողջականությանը եւ իրատեսականությանը, այլ այն, որ հանրությունը վերածվի մատուցողների «ֆանն-ակումբի»:
Եվ ուշադրության արժանացրեք այն, ինչ զուգահեռ ասում է Մելանյա Թրամփը, որն Անկորիջում ամուսնու միջոցով նամակ էր փոխանցել Պուտինին, ուկրաինացի երեխաների թեմայով: Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Պուտինն արձագանքել է նամակին, եւ ԱՄՆ առաջին տիկինը հայտնել է, որ միայն վերջին 24 ժամում Ուկրաինայում իրենց ընտանիքների հետ վերամիավորվել է 8 երեխա:
Սրանք են քաղաքականության նշանները, ոչ թե լայն սպառման համար նախատեսված պրոպագանդան»: