Ադրբեջանի բանակում բարձր պաշտոններ են վստահում 44-օրյա պատերազմի հերոսներին և թուրքական բանակի նրբություններից տեղյակներին
2024 թվականի փետրվարի 14-ին ՀՀ զինված ուժերում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
Կարեն Գրիգորյանը ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրով նշանակվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Թեմուր Շահնազարյանը նշանակվել էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Արթուր Երոյանը ևս նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։
Իսկ մայիսի 15-ին էլ բանակում բարեփոխումների և կառուցվածքային փոփոխությունների համատեքստում կատարվել են կադրային վերանշանակումներ և միայն մեկ նոր նշանակում: Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Բանակում նշված կառուցվածքային փոփոխություններին 168.am-ն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության դերի բարձրացման և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թուլացման համատեքստում:
Ադրբեջանի զինված ուժերում ևս ժամանակ առ ժամանակ կադրային փոփոխություններ են լինում հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թուրքական մոդելի բանակ ունենալու ճանապարհին:
Հունվարին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը նշանակվել է Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևին։
Հիքմեթ Միրզոևը մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին և 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ավելին՝ եղել է այդ գործողությունների գլխավոր ղեկավարներից մեկը:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հենց Միրզոևն է ղեկավարել Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի և Շուշիի «ազատագրման» օպերացիաները:
Իր հարցազրույցում գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, ասել էր, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:
Իսկ Հիքմեթ Միրզոևի նշանակումն Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, ըստ էության, տեղավորվում է Ալիևի՝ երկրի զինված ուժերի հզորացման, հատուկ նշանակության ուժերի զարգացման տեսլականի տրամաբանության մեջ:
2023 թվականի ամռանը Ալիևը՝ շեշտելով 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ջոկատների «առանձնահատուկ հերոսությունը», նշել էր, որ բանակում հատուկ նշանակության ջոկատների թիվը պետք է ավելանա, որպեսզի Ադրբեջանի «անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնեն թշնամու ուժերին»։
Այս տարվա հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մի շարք պահանջներ էր ներկայացրել Հայաստանին, այդ թվում՝ Տավուշի գյուղերի վերադարձ, և ուղիղ հայտարարել, որ 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքներից չեն հեռացնելու զորքը, իսկ մեր տարածքում նրանք տեղակայված են կարևոր մարտավարական և ռազմավարական բարձունքներում, ինչի շնորհիվ Ադրբեջանն ունի գերակշռություն՝ այդ ուղղություններով հետագա ռազմական գործողություններ ծավալելու համար, իսկ այստեղ, ըստ մասնագետների, զգալի դեր ունեն նաև մոբիլ խմբերն ու հատուկ նշանակության ուժերը:
Շարունակելով Ադրբեջանում կադրային փոփոխությունների և նշանակումների թեման, նշենք, որ օրերս Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդ Մուշֆիգ Մամեդովը նշանակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ-պաշտպանության փոխնախարար, այսինքն, դարձյալ լավ է տիրապետում թուրքական «ռազմական նրբություններին»: Նա գեներալի կոչում է ստացել 2023 թվականի նոյեմբերին:
Մայիսի 18-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Նամիկ Իսլամզադեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար:
Նրա կենսագրականի մեջ նշվում է, 1992 թվականին Թուրքիա է ուղարկվել ուսումը շարունակելու նպատակով, որն ավարտվել է 1996-ին՝ օդաչու-փորձարկող մասնագիտացմամբ: Իսլամզադեն 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հերոս է: Մասնակցել է Ֆիզուլիի՝ Վարանդայի գրավմանը և ոչ միայն: Գեներալի կոչում ադրբեջանցի զինվորականը ստացել է 2020 թվականի դեկտեմբերի 7-ին:
Այս ամենը հանրագումարի բերելով՝ հարկ է նկատել, որ Ադրբեջանի նախագահը երկրի զինված ուժերում բարձր պաշտոններ է վստահում 2020 թվականի պատերազմով անցածներին և թուրքական բանակի չափորոշիչներին տիրապետողներին:
2022 թվականին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն «ղեկավարած» թուրք գեներալը՝ Բախտիար Էրսայը, Զաքիր Հասանովի խորհրդական է նշանակվել:
Գուցե մի օր Ադրբեջանն ավարտի թուրքական մոդելի բանակաշինությունը և սա Ադրբեջանին դարձնի առավել անկախ՝ թուրքական ռազմական աջակցությունից: Գուցե: Բայց փաստ է, որ ՀՀ պաշտպանության նախարարարությունը պետք է հաշվի առնի Ադրբեջանի բանակում կադրային նշանակումները, ինչո՞ւ չէ, նաև՝ դաշնակից և գործընկեր երկրներում կատարվող: Օրինակ, ՌԴ պաշտպանության նախարար փոխվեց, Շոյգուին եկավ փոխարինելու տնտեսագետ՝ Անդրեյ Բելաուսով: Նման բաները չպետք է անտեսել, իսկ ՌԴ ՊՆ-ում այս նշանակմանն առանձին կանդրադառնանք: