Բաժիններ՝

Միլիարդներ են ծախսում ֆեստիվառների, շոուների վրա, բայց չեն կարողանում ապահովել մաքուր օդ. Աղբավայրի հարցն անհապաղ պետք է լուծվի, ազդում է հանրության առողջության վրա. Վարդանյան

Այսօր գիշերը Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։

168.am-ին առավոտյան ՆԳՆ-ից փոխանցել էին, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Հրդեհի կադրերը, սակայն, դեռ երեկ գիշերվանից էին տարածվել։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- փոխանցել էին գերատեսչությունից։

Այս տարի առաջին անգամ չէ, որ այս աղբավայրում հրդեհ է բռնկվում, ամռանն աղբավայրում կրկին հրդեհ էր եղել։

Կարդացեք նաև

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, հանրային առողջապահության փորձագետ Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարը, նաև մայրաքաղաքի ղեկավարը չունեն առաջնահերթություններ, օրինակ, չեն կարողանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի երևանցին կարողանա ուղղակի շնչել։

«Այդ աղբավայրն իր բնույթով այնպիսին է, որ մշտական խնդիր է, և այս հարցը մշտական լինելու է։ Վերջին շրջանում, գուցե նաև աղբավայրը սխալ կառավարելու հետևանքով, մենք տեսնում ենք այսքան հաճախացած հրդեհներ, աղբավայրում այսքան հրդեհներ մենք նախկինում չենք ունեցել։

Այս հարցն անհապաղ պետք է լուծվի, քանի որ անմիջական ազդեցություն ունի բնակչության առողջության վրա։ Եթե մենք կարող ենք ընտրողաբար վերաբերվել սննդին, ջրի աղտոտման պարագայում ընտրել շշալցված ջուրը և վտանգից զերծ պահել մեր օրգանիզմը, նույնը չենք կարող անել օդի աղտոտվածության պարագայում։ Դրա համար էլ ստիպված ենք այս աղտոտված օդը շնչել»,- 168.am հետ զրույցում նշեց Քրիստինա Վարդանյանը։

Նա շեշտեց՝ դա մեծապես ազդում է երեխաների առողջության վրա, քանի որ նրանք համարվում են թիրախային խումբ, և երբ հայտարարվում է, թե հայերը երեխայակենտրոն ազգ են, ապա այս գործողություններից այդ ամենը չի երևում։

«Միլիարդներ են ծախսում ֆեստիվառների, տարբեր շոուների, բալետի, Ամանորի տոնակատարությունների, Երևանի համար երգերի ու այլ բաների վրա, բայց ե՞րբ են հասկանալու, որ երևանցու համար, որի հարկերի հաշվին այդքան ծախսում են, պետք է օդի աղտոտվածության հարցն առաջնային լուծեն։ Այս հարցը չի լուծվելու այն մեթոդներով, որը կիրառում են, 21-րդ դարում վաղուց պետք է արդեն աղբավայրեր չլինեին, որովհետև դրանք որևէ ստանդարտի չեն համապատասխանում, դրա համար հարցը վերջնական պետք է լուծվի»,- նշեց նա։

Ըստ նրա, «COP» իրականացնելը լավ է, բայց այն ոչ մի բանի մասին է այն դեպքում, որ աշխարհից փորձագետներին հավաքում են ու ցույց են տալիս, թե սեփական բնակչությանն օդի աղտոտվածության հետ կապված ինչ ռիսկերի առաջ են կանգնեցրել։

«Հանրային առողջապահության ոլորտի տասնյակ փորձագետներ, նաև համակցված այլ մասնագետներ, ասում են, որ Երևանում օդի աղտոտվածության հետ կապված ունենք խնդիրներ, քանի որ ելակետային բազմաթիվ ռիսկեր կան կանաչ տարածքի սակավության, տրանսպորտի, շինարարության, ջրային մակերեսների, հանքերի և այլնի հետ, բայց Երևանի քաղաքապետարանում հայտարարում են, թե Երևանում օգոստոսին ու սեպտեմբերին կա առողջ օդ ու լավ ցուցանիշներ։ Հետևաբար, երբ Տիգրան Ավինյանը գնում է աղբավայր, դա որևէ բան չի կարող փոխել։ Չեմ զարմանա, որ նա աղբավայրից հայտարարի՝ «հրդեհ չի եղել, սա ընդդիմադիրների վառ երևակայությունն է»։

Երբ թվային տվյալներով ցույց ես տալիս, երբ ՄԱԿ-ի փորձագետը հայտարարում է, որ տարածաշրջանում ամենաղտոտված օդը Երևանում է, և Շրջակա միջավայրի նախարարության հիդրոմոնիթորինգի կենտրոնն անվերջ տալիս է Երևանում օդի աղտոտվածության գերազանցում, բայց քաղաքապետը բարձր ամբիոնից ասում է, որ նման խնդիր չկա, ի՞նչ եք սպասում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ միլիարդներ ծախսվեցին ծառերի հատման վրա, ամբողջ փոքր կենտրոնը մերկացրեցին, փոխանակ զբաղվեին միայն լանջերի կանաչապատմամբ, որտեղից հիմնական աղտոտվածությունը, փոշին իջնում է քաղաքի կենտրոն։

«Սխալ կառավարում, սխալ առաջնահերթություն, սա է խնդիրը»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս