Քաղաքական դուալիզմի 5000 երանգները. Փաշինյանի ու Ալիևի քիմիան

Հայկական քաղաքականության ամենամեծ հակասություններից մեկը ներքին ու արտաքին կյանքում գոյություն ունեցող հակադրությունն է: Գրեթե բոլոր կենսական հարցերում իշխանությունը երկրի ներսում հանդես է գալիս մի սկզբունքով, դրա սահմաններից դուրս՝ միանգամայն այլ, որպես կանոն, տրամագծորեն հակառակ մոտեցմամբ: Օրինակները՝ մեկը մյուսից ցցուն:

Ուղղահայաց, բովանդակությամբ տոտալ ավտորիտարիզմի ձգտող իշխանական ու պետական կառավարման համակարգ կայացրած Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանը լքելուն պես, հատկապես արևմտյան ուղղությամբ ներկայանում է որպես քնքույշ ժողովրդավար, դեմոկրատիայի ու քաղաքացիական ազատությունների աննկուն պաշտպան:

Ներքաղաքական խոսույթում նա օգտագործում է ընդհուպ հայհոյանքը, լավագույն դեպքում՝ ընդդիմախոսների արժանապատվությունը խոցող գռեհիկ բառապաշար, սակայն երկրից դուրս դառնում է բարեպաշտ առանձնյակ՝ զգուշորեն արտահայտվելով անգամ իրեն ծաղրող թշնամական ղեկավարների նկատմամբ:

Սեփական երկրի նախկին նախագահներին գրեթե ամեն օր վիրավորում է ամենավերջին բառերով, Հայաստանից դուրս պետության կամ որևէ միջազգային կառույցի նախկին շեֆ է փնտրում՝ լուսանկարվելու համար, քծնում,  որոշներին անգամ վճարում է՝ նախկին կարգավիճակով պայմանավորված ծառայությունների դիմաց:

Կարդացեք նաև

Ներքին ու արտաքին հարթություններում Փաշինյանի սկզբունքային հակադրությունն արտահայտվում է մի կողմից՝ պետության, մյուս կողմից՝ իր համար կենսական նշանակություն ունեցող մի հարցում: Հայաստանը նրա համար 29,743 քառ/կմ տարածք ունեցող երկիր է, որը որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի, պատմական հիշողություն չունի, անցյալ ու տեսլական չունի, ոչինչ չունի, բացի «միջազգային իրավունքով», «Ալմա Աթիի հռչակագրով» հատկացված այս հողակտորից:

Այսինքն՝ Հայաստանի պարագային նա առաջնորդվում է միայն, բացառապես, անվերապահորեն լեգիտիմությամբ, միջազգային օրենքով և ոչ մի միլիմետր այդ օրենքից դուրս:

Ժամանակակից աշխարհում դա, իհարկե, քաղաքական անմեղսունակություն է, քանի որ այսօրվա գլխավոր օրենքը որևէ օրենքի բացակայությունն է: Բայց դա այլ քննարկման նյութ է: Տվյալ համատեքստում, եթե Փաշինյանն աաջնորդվեր նույն՝ բացառապես լեգիտիմության սկզբունքով, այսինքն՝ նաև սեփական իշխանությունը  վարեր միայն օրենքի հիման վրա, ապա պետք է սահմանափակեր իր կյանքը՝ սկսած իշխանության լծակներից, մինչև ճոխ կենցաղավարություն:

Միայն Սահմանադրությամբ ու օրենքով առաջնորդվելու դեպքում նա չէր կարող իրեն ենթարկեցնել ողջ ուժային համակարգը, դատական համակարգը չէր կարող վերածել աշխատանքի տեղավորման «սմս-ային ծառայության», չէր կարողանալու շրջել տասնյակ զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյուներով, մարդու վրաերթի ենթարկելու դեպքում էլ՝ լավագույն դեպքում հրաժարական էր ներկայացնելու: Այս ողջ պատկերը, սակայն, Նիկոլ Փաշինյանի մասին չէ ու նրա համար չէ:

Նա Հայաստանի իշխանական համակարգի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Ալիևը՝ Արցախի պարագային:

Օկուպացրել է օրենքով իրեն չպատկանող ամեն ինչ, և ինչպես Ալիևն է իր քայլերը հիմնավորում «պատմական արդարության մասին» զառանցանքներով, այնպես էլ Փաշինյանն է սեփական իշխանազավթումը «օրինականացնում» անհեթեթ իրավական ձևակերպումներով:

Աշխարհն ըմբռնումով է մոտենում՝ ինչպես Ալիևի, այնպես էլ՝ Փաշինյանի օկուպացիային՝ առաջին դեպքում իրենց շահերին ծառայեցնելով բռնազավթված հայկական Արցախը, երկրորդ պարագայում՝ բռնազավթված հայկական իշխանությունը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս