Համատեղ զորավարժություններն ուղերձ են՝ Իրանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ առանց երրորդ կողմերի միջամտության. Վիտալի Մանգասարյան

Իրանը և Ադրբեջանն Իրանի Արդաբիլ նահանգում սկսել են «Արազ-2024» քառօրյա համատեղ զորավարժությունները։

Զորավարժությանը մասնակցում են ադրբեջանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Նպատակն է՝ կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։

Նշենք, որ նոյեմբերի 4-ին էլ Կասպից ծովում են Ադրբեջանը և Իրանը համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացրել՝  «AZIREX-2024»:

Կարդացեք նաև

Իրան-Ադրբեջան այսօրինակ ռազմական համագործակցության, մասնավորապես, «Արազ-2024» քառօրյա զորավարժությունների նպատակի, բնույթի, տողատակերի և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ:

Կարծում եմ՝ Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունների կազմակերպումը պայմանավորված է մի քանի կարևոր տարածաշրջանային և միջազգային հանգամանքներով:

Նախ արձանագրենք, որ թեմայի վերաբերյալ Իրանի փորձագիտական և պաշտոնական շրջանակներից նշում են, որ իրանա-ադրբեջանական զորավարժությունները նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը՝ ընդգծելով օտարերկրյա ուժերի բացակայության կարևորությունը տարածաշրջանում։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը զգալիորեն մեծացել է, մասնավորապես, կապված է «Զանգեզուրի միջանցքի» հարցի և Թուրքիայի ու Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների հետ:

Ըստ իս, զորավարժությունների միջոցով Իրանը փորձում է մեղմել այդ լարվածությունը և ընդգծել իր կարևորությունը տարածաշրջանում։ Սա կարևոր է հատկապես տարածաշրջանում արտաքին ուժերի՝ մասնավորապես, ՆԱՏՕ-ի և Իսրայելի աճող ներկայության ֆոնին, ինչն Իրանի համար ռազմավարական սպառնալիք է դիտվում։

Իրանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները հարևանների հետ և խուսափել ավելորդ լարվածությունից։

Իրանը միշտ ակտիվորեն հանդես է եկել տարածաշրջանում արտաքին ուժերի (ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իսրայելի) ռազմական ազդեցության դեմ։ Այսօրինակ զորավարժությունները նաև ուղերձ են այն մասին, որ Իրանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ առանց երրորդ կողմերի միջամտության։

– Կարո՞ղ է այսօր Հայաստանն իրեն թույլ տալ Իրանի հետ համատեղ զորավարժության անցկացում, և արդյո՞ք սա միայն մեր ցանկությունից է կախված:

– Իրանի հետ այս կամ այն միջոցառումներ իրականացնել-չիրականացնելը կախված պետք է լինի երկու կողմից՝ իրանական և հայկական։

Ցավոք, մերօրյա իրականության մեջ, երբ հատկապես դիվանագիտական բլոկում կոմպետենտության լուրջ խնդիր կա, Հայաստանի շահերից բխող բարենպաստ լուծումներ դժվար է պատկերացնել։

Այս թեմայի վերաբերյալ իրանական կողմից բազմիցս հնչել են հայտարարություններ, որ, այսպես ասած, գնդակը Հայաստանի դաշտում է։ Կարծում եմ, այս պահին մենք իրանական կողմի հետ մեր ունեցած հնարավորությունների ընդամենը մի քանի տոկոսն ենք օգտագործում՝ սկսած զորավարժություններից, վերջացրած տնտեսական տարաբնույթ հնարավորություններով, որոնք կամ չենք օգտագործում, կամ էլ օգտագործում ենք ոչ լիարժեք:

Եվ եթե ՀՀ ղեկավարությունը մտահոգություն ունի, որ Իրանի հետ լայնածավալ զորավարժությունները կարող են խնդիրներ առաջացնել, Հայաստանն Իրանի հետ կարող է զարգացնել պաշտպանական համագործակցությունը տարբեր կերպ, այդ թվում՝ տեխնոլոգիական, տեղեկատվության և փորձի փոխանակման ոլորտներում, ինչը, կրկնում եմ, կամ չի արվում, կամ էլ արվում է թերի և բացթողումներով:

– Ի դեպ, վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, և, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան խզել է առևտրային կապերն Իսրայելի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մեկնաբանել էր, որ, ըստ էության, որոշ դեպքերում ադրբեջանական գործոնը հաշվի չի առնվում, նոր իրողությո՞ւն է: Մյուս կողմից, ադրբեջանական քաղաքական վերլուծաբանները նկատում են, որ Ադրբեջանը և Թուրքիան միշտ էլ տարբեր դիրքորոշումներ են ունեցել Իսրայելի հետ կապված: Ի՞նչ չերևացող և երևացող վիճելի հարցեր կան Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

– Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, չնայած դաշնակցային բնույթին, որոշ ուղղություներով ունեն լարվածություն և շահերի բախում: Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի համար բնական գազի հիմնական մատակարարներից մեկը՝ ապահովելով արտոնյալ գներ։ Սակայն Թուրքիան փորձում է դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները, այդ թվում՝ Իրանից և Ռուսաստանից գազի ներմուծման միջոցով։ Բնական է, որ այդ ամենն ադրբեջանական կողմի համար մտահոգիչ է։

Իսրայելի հետ առևտրային կապերի դադարեցումն Ադրբեջանի համար, կարծում եմ, ունի ռազմավարական նշանակություն, քանի որ Ադրբեջանն Իսրայելի հետ սերտ ռազմական և դիվանագիտական հարաբերությունների մեջ է։

Այս համատեքստում, թեև Թուրքիան և Ադրբեջանը մնում են դաշնակիցներ, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ շահերի բախում կա, հատկապես այն ֆոնին, երբ Թուրքիայից ամենաբարձր մակարդակով ժամանակ առ ժամանակ հնչում են հայտարարություններ, թե Արցախյան վերջին պատերազմի հաղթանակը Թուրքիան է նվիրել Ադրբեջանին, ինչը, մեղմ ասած, դուր չի գալիս պաշտոնական Բաքվին։

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանին զենքի մատակարարման մասին գործընկեր երկրների կողմից մամուլում տեղեկությունների արտահոսքը, դրանց ճիշտ ու սխալ լինելը, այդ տեղեկությունները տեղական մամուլ չբերելը: Օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը նման հորդոր-հաղորդագրություն էր տարածել, հատկապես նկատի ունենալով հնդկական մամուլի հրապարակումները: Ինչպե՞ս պետք է կարգավորվի այս հարցը: Օրինակ, նոյեմբերի 26-ին էլ հունական մամուլն էր գրել, որ Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել ՀՕՊ C-300 համակարգեր:

Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ միջազգային մամուլում տարածված տեղեկությունները, ներառյալ՝ Հունաստանից Ս-300 ՀՕՊ համակարգերի փոխանցման մասին, բնականաբար, առաջացնելու էին քննարկումներ, հատկապես, երբ իշխանության տարբեր մանր և միջին դեմքեր զենքի ձեռքբերման հետ կապված զգայուն հարցերը փորձում են տարբեր ձևով փաթեթավորել և ներկայացնել հասարակությանը՝ «աննախադեպ» երևույթի տրամաբանության մեջ: Սակայն այս հարցում ճշգրտումներ են անհրաժեշտ, քանի որ նման տեղեկատվությունը սովորաբար հիմնված է ապատեղեկատվության կամ սխալ մեկնաբանությունների վրա:

Հունաստանը վերջին օրերին հերքել է Ս-300 համակարգերի փոխանցումը Ուկրաինա կամ այլ երկրներ՝ ընդգծելով, որ դրանք անհրաժեշտ են Հունաստանի ազգային անվտանգության ապահովման համար:

Այս համատեքստում Հայաստանը պետք է վերանայի տեղեկատվական դաշտում իր ռազմավարությունը՝ խուսափելու համար ոչ ստույգ տվյալների տարածումից, որոնք կարող են վնասել՝ ինչպես դիվանագիտական հարաբերություններին, այնպես էլ՝ ռազմավարական ծրագրերին: Դրա համար անհրաժեշտ է, որ պատկան գերատեսչությունները լինեն առաջին աղբյուրը նման կարևոր նորությունների դեպքում՝ կանխելով սխալ մեկնաբանություններն ու աղմուկը: Անհրաժեշտ է նաև հստակ ընդգծել Հայաստանի անվտանգության կարիքները՝ միջազգային գործընկերների հետ ավելի սերտ աշխատանք կազմակերպելով:

Ամեն դեպքում, ինչքան էլ փորձեն մեղադրել այս կամ այն մարդկանց, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքական գործիչներին, տեղեկատվական անվտանգության ամբողջ պատասխանատվությունը պետության ուսերին է, և եթե ինչ-որ հարցերում արձանագրվում են թերություններ, ապա այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Տեսանյութեր

Լրահոս