«Ձերբակալվելու պատճառը գործունեությունս էր. արցախահայությունը սկսել է կոշտ ու վճռական արձագանքել. պահանջ ունի Արցախը հանձնողից». Անաստաս Իսրայելյան
Նոյեմբերի 6-ի առավոտյան իրավապահները ձերբակալել էին «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին և հաջորդ օրը բաց թողել։ Այդ ժամանակ Անաստաս Իսրայելյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ նրան ձերբակալելու հիմքերն առայժմ չի կարող բացահայտել, բայց շատ հավանական է՝ նրան կալանքի չտանեն, քանի որ ձերբակալման հիմքը փուչ է։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Անաստաս Իսրայելյանը որոշակի մանրամասներ հայտնեց իր ձերբակալումից և քննիչների կողմից տրված հարցերից։
Նախ, Անաստաս Իսրայելյանին ձերբակալել են բոլորովին այլ գործի շրջանակներում, սակայն արդեն ձերբակալումից հետո տվել են իր գործունեության հետ կապված հարցեր, օրինակ՝ արցախահայերի հետ հանդիպելիս ի՞նչ հարցեր են քննարկում, ինչո՞ւ է հանդիպում արցախահայերի հետ, ինչո՞ւ է նրանց վերաբերյալ այս կամ այն հարցերը բարձրաձայնում, և այլն։
«Ինձ ձերբակալելուց հետո ասացին՝ այսինչ թվականին, այսինչ երկրում իրադարձություն է եղել, դուք ներկա եղե՞լ եք։ Ասացի՝ նման բան չի եղել, եթե կա՝ փաստերը ներկայացրեք, իհարկե, չներկայացրեցին, հետո կտրուկ անցան այլ թեմայի վերաբերյալ հարցերի։ Հարցաքննության ընթացում հասկացա, որ ինձ ձերբակալելու պատճառը վերջին շրջանում իմ ծավալած գործունեությունն է արցախահայերի մասով։ Արագ ընթացքով ամեն ինչ տեղի ունեցավ, քննիչներն ագրեսիվ չէին, ուղղակի իրենց հարցերն էին տալիս։ Ինձ հետո բաց թողեցին, նույնիսկ մի թուղթ էլ չեմ ստորագրել՝ միայն ստորագրել եմ, որ իրերս տան, ու վերջ»,- ասաց Ա. Իսրայելյանը։
Նրա դիտարկմամբ՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո ՀՀ իշխանություններն իբրև թե արցախահայերին աջակցելու ծրագրեր մշակեցին, գովազդեցին, բայց այդ ծրագրերը լավ տարածելուց հետո արդեն որոշում կա, որ հաջորդ տարվանից այդ աջակցության ծրագրերից ոչ բոլորը կարող են օգտվել։ Մինչդեռ հազարավոր արցախահայեր շարունակում են չունենալ աշխատանք, տուն։
«Արցախահայերի վիճակն օրեցօր ավելի է բարդանում ու աղետալի դառնում, որոշումները, որոնք ընդունում է այս իշխանությունը, այդ խնդիրները չեն լուծում։
Այս ամենը մեզ համար ահազանգ է, որովհետև նախ Արցախը հանձնեցին, հիմա էլ ցինիկ վերաբերմունքի են արժանացնում արցախահայերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկել եմ ձևավորել «Արցախը մենք ենք» հարթակը, որպեսզի իրար գլխի հավաքվելով՝ հասկանանք՝ ի վերջո, մեզ պատուհասած այս ողբերգությունից ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գանք, ինչպե՞ս կկարողանանք օգնել բռնի տեղահանված արցախցիներին, և այլն։
Բացի այդ, Արցախից կան որոշակի շրջանակներ, որոնք աշխատում են ՀՀ իշխանությունների հետ, նրանց պատճառով իշխանությունները հայտնում են, թե հանդիպել են արցախահայերի հետ, և իրենց որոշումներն ընդունում են նրանց կարծիքը հաշվի առնելով»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ եթե իսկապես ՀՀ իշխանությունը ցանկանում էր արցախահայերի շահերից ելնելով որոշումներ ընդունել, ապա Արցախն Ադրբեջանին չէր նվիրի, իսկ դրանից հետո էլ գոնե այնպես կաներ, որ արցախահայերը Հայաստանից չարտագաղթեին։
«Մենք ուզում ենք ապրել Հայաստանում, շենացնենք Հայաստանը, որպեսզի Արցախ վերադառնալու ճանապարհն ավելի հեշտ հարթենք։ Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ արցախահայերի արտագաղթի ծավալն ահագնացող է, սակայն պետության կողմից որևէ բան չի արվում արտագաղթը նվազեցնելու համար, օրվա իշխանության քաղաքականությունը հակառակ էֆեկտն է ունենում։
Ես խիստ կասկածներ ունեմ, որ այս իշխանությունն Արցախը հենց այնպես է նվիրել, Արցախի վրա միլիարդներ է աշխատել։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որ նա իր ծրագրերն իրականացնում է ուրիշների միջոցով, որպեսզի հարկ եղած պահին նրանց մեղավոր կարգի, նույնն անում է նաև արցախահայերի սոցիալական աջակցության ծրագրերի առումով, որ վերջում հայտարարի՝ այս կամ այն նախարարն է մեղավոր։ Փաստը մնում է փաստ, որ արցախահայերի համար իրականացվող ծրագրերը ձախողվել են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ըստ Անաստաս Իսրայելյանի՝ հակառակ այս ամենին՝ շարունակելու է իր գործունեությունը, քանի որ տեսնում է՝ արցախահայերն ուզում են իրենց պահանջները ներկայացնել ՀՀ իշխանությանը։
«Այս իշխանությունը ձախողել է ու հիմա փորձում է ամեն ինչ անել՝ տեսնելով, որ իր դեմ գնալու են հակառակ պրոցեսներ։ Արցախահայությունը սկսել է ավելի կոշտ ու վճռական արձագանքել. պահանջ ունի Արցախն Ադրբեջանին հանձնողից»,- եզրափակեց Անաստաս Իսրայելյանը։