Բաժիններ՝

ԵՄ երկրների ղեկավարները սեպտեմբերի 4-ին կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. FT

Մի շարք եվրոպացի ղեկավարներ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Ֆրանսիայում պլանավորում են քննարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ:

Այս մասին հաղորդում է Financial Times-ը (FT)։Ըստ հրատարակության աղբյուրների՝ ակնկալվում է, որ ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացրած ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով սեպտեմբերի 4-ին կհավաքվեն Փարիզում` բարձր մակարդակի քննարկումները շարունակելու համար։

«Ներկաների թվում կլինեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը», – նշում է FT-ն։

Այս հանդիպման մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել։

Ինչպես սպասվում է, հանդիպմանը կշարունակեն քննարկել անվտանգության երաշխիքները, որոնք ԱՄՆ-ն և ԵՄ երկրները կարող են տրամադրել Ուկրաինային հակամարտության ավարտից հետո։

Դրանց թվում է Եվրոպայից մի քանի տասնյակ հազար զինծառայողների տեղակայումն Ուկրաինայում, ասվում է հոդվածում։

Իր հերթին, FT-ին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայում աշխատում են «ամերիկացիների աջակցությամբ բազմազգ ուժեր տեղակայելու» ծրագրի վրա։ 

«Նախագահ Թրամփը մեզ վստահեցրել է, որ ամերիկյան աջակցությունը կլինի երաշխիքների մի մասը։ Նա բազմիցս և հստակորեն հաստատել է դա», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս