
Պուտինը հույս է հայտնել, որ Ալյասկայում ձեռք բերված «ըմբռնումները» կբացեն խաղաղության տանող ճանապարհը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ այն «ըմբռնումները», որոնց հաջողվել է հասնել Ալյասկայում ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում, կնպաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի, մեր մյուս ռազմավարական գործընկերների ջանքերն ու առաջարկները, որոնք կոչված են նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Ըմբռնումները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում վերջերս կայացած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպմանը, հուսով եմ, նույնպես ընթանում են այդ ուղղությամբ՝ բացելով խաղաղության տանող ճանապարհն Ուկրաինայում», – ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։
«Այսօր և վաղը նախատեսված երկկողմ հանդիպումների ժամանակ ես, անշուշտ, ավելի մանրամասն և հանգամանորեն կտեղեկացնեմ իմ պաշտոնակիցներին Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների մասին», – հավելել է նա։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ այն կարող է կայուն և երկարաժամկետ կարգավորվել միայն այն դեպքում, երբ վերացվեն դրա սկզբնապատճառները:
«Որպեսզի ուկրաինական կարգավորումը կրի կայուն և երկարաժամկետ բնույթ, պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները, վերականգնվի արդարացի հավասարակշռությունն անվտանգության ոլորտում», – ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա 2025 թվականի նոյեմբերին Մոսկվայում: