1990թ. օգոստոսի 23 – ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐ ՍԿԻԶԲԸ
Հայաստանի Անկախության Հռչակագրի կապակցությամբ երկրի գլխավոր բանակցողի հերթական ձանձրալի բողոքի ակցիան զուրկ էր որևէ հիմնավորումից։ Սակայն նա դա արեց, քանի որ պարտադրված էր անել և անել հենց նման ցնորամիտ մատուցմամբ։ Անկասկած, նրա վախի աղբյուրը Հռչակագրի հանդեպ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների վերաբերմունքն է։ Ձգտելով ընթացող բանակցություններում գոհացնել վերջիններիս՝ այս անգամ նա դիմեց մերձքաղաքական ստրիպտիզի գայթակղիչ ժանրին, ուստի կարիք է առաջացել հմայաթափ անել մեր հայրենակիցների բանից անտեղյակ կամ դյուրահավատ հատվածին։ Առավելևս, որ դա իմ պարտքն է՝ որպես 1990 թվականին Հռչակագրի նախագծերի քննարկման և վերջնական տեքստի քվեարկության մասնակցի։
ՔՊ-ի առաջնորդի ստի ու ճամարտակության նպատակը Հռչակագրի ընդունման համազգային և միջազգային մթնոլորտն անտեսելու նենգ դիտավորությունն է։ Իրականությունն այն է, որ 34 տարի առաջ ընդունված այդ պատմական փաստաթղթի բովանդակությունը թելադրված էր հայ ժողովրդի գերակա ցանկությամբ: Այդ ժամանակաշրջանի հասարակական գիտակցությունը ձևավորողները Ցեղասպանության հիշողության կենդանի կրողներ էին, որոնց համար Մեծ եղեռնի մոռացումը հավասարազոր էր ազգուրացության։
Հռչակագիրն ընդունվեց այն ժամանակ, երբ դրանից ընդամենը 2 տարի առաջ ադրբեջանական ծայրահեղականները Սումգայիթում որսում ու խողխողում էին իրենց խաղաղ համաքաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։ Ավելին, ադրբեջանցիներն արդեն սկսել էին ռազմական գործողություններ՝ ինչպես բուն Արցախում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններին։ Խղճի մտոք դիտարկողը Հռչակագրում կնկատի Ադրբեջանի հայկական բնակավայրերից ու Բաքվի ջարդերից փրկված տնավեր փախստականների տառապանքի կնիքը, ԼՂԻՄ-ի օրինական իշխանությունների օրավուր սաստկացող տագնապներն իրենց հայրենակիցների վաղվա օրվա նկատմամբ։
Քննարկվող նախագծերում կային արմատական դրույթներ, և կարող էր ընդունվել համազգային երազանքին առավել համահունչ բանաձև, մանավանդ որ, աշխարհի համակրանքն ինքնորոշման ձգտող Արցախի և ժողովրդավարական Հայաստանի կողմն էր։ Սակայն Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդում տիրապետողը հավասարակշիռ և շրջահայաց գործելու ոգին էր։
Անկախության Հռչակագրում միախառնված էին անկախ պետականության ամենազորության նկատմամբ վստահությունը, Հայրենիքի ամեն թիզ հողի համար անձնազոհության պատրաստակամությունը, ազգային համերաշխության ու միասնության հաստատման հրամայականը և պատմական արդարության վերականգնման խեղդող ակնկալությունը։ Սա՛ էր ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ոգին, ուստի անհնար էր անգամ պատկերացնել Գերագույն Խորհրդում Հայոց պատմության մերժմանը մոլագար խանդավառությամբ տրված որևէ ուժի ներկայություն, ինչպիսին ՔՊ-ն է։ Հռչակագիրը սահմանել էր հաղթանակող ժողովրդի համար ուղենիշներ և նախատեսված չէր նրանց համար, ովքեր կստիպեն սեփական ժողովրդին ենթարկվել թշնամու կամքին և զոհաբերել ազգային արժանապատվությունը հանուն կուշտ կյանքի։
Հռչակագիրը մեր ժողովրդի վերածնության պահանջի արձագանքն էր, և մենք չընկրկեցինք. հաղթեցինք մարտի դաշտում, ազատագրեցինք Արցախը, ներգրավվեցինք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին, ձեռնամուխ եղանք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հիմք դրեցինք աննախադեպ սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումների։ Խոստովանում եմ. թույլ տվեցինք բազմաթիվ և կոպիտ սխալներ, բայց երբեք չգնացինք դավաճանության։
Մթնոլորտն ամբողջությամբ հասկանալու համար հարկ է նկատի առնել ոչ միայն Հայաստանում, այլև նախկին միութենական հանրապետություններում տիրող համազգային զարթոնքը և բոլոր 15 հանրապետություններում (Ռուսաստանից սկսած և ավարտված Թուրքմենստանով) բորբոքված ազգայնականությունը, որի զգացմունքային դրդիչը հարևանների և կայսրության հետ փոխհարաբերությունների պատմությունը կտրուկ վերանայելու փորձերն էին։ Այս կամ այն սրությամբ յուրաքանչյուրն ուներ իր «Ղարաբաղը»։ Բալթյան երկրների համար դա Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր, Ուկրաինայի համար՝ «Գոլոդոմորը», Ռուսաստանի համար՝ այլ հանրապետություններում բնակվող միլիոնավոր ռուսների ճակատագիրը… Նման պայմաններում վերածնվող հայկական պետականությունը չէր կարող լիովին անզգայունակ լինել ազգայնականության նկատմամբ։ Ազգայնականության ցունամին, ի վերջո, կազմալուծեց Խորհրդային Միությունը։ Սակայն Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերի քաղաքական սթափ և պատասխանատու դիրքավորումը ստիպեց Գերագույն Խորհրդի տարաբնույթ մեծամասնությանը Հռչակագրի փոխզիջումային բանաձևումներ գտնել ծայրահեղ ազգայնական առաջարկներով հանդես եկած մեր գործընկերների հետ. բոլոր կողմերն էին հասկանում՝ Անկախության Հռչակագիրը չէր կարող հաստատվել ձայների պարզ մեծամասնությամբ։ Անկախ պետականության հաստատման իրավական և քաղաքական հիմքը պետք է դրվեր միայն ընդհանուր համաձայնությամբ և դառնար միավորող գործոն ապագա փորձությունների դեմ հանդիման։
Ամփոփեմ միտքս. անիմաստ է ցանկացած փորձ՝ միանշանակ գնահատել որևէ երկրի Անկախության հռչակագիրը։ Լավագույնը, ինչ կարող է անել իմաստուն քննադատը, դա ուսումնասիրել այն որպես հարուստ գեղարվեստական կտավ՝ հիշելով, որ մեկ ուրիշը նույն կտավի վրա կբացահայտի այլ երանգներ և նախշեր:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
Արտակարգ և լիազոր դեսպան