«Որ պահին պատերազմը կանգնեցվեց, Ռուսաստանը հայացքը թեքելու է դեպի Հարավային Կովկաս, Թուրքիայի հետ որոշակի հարցեր ունի». Գրիգոր Բալասանյան
Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։
Այս օրերին ԱՄՆ նորընտիր նախագահն աշխարհի տարբեր երկրների ղեկավարների կողմից, այդ թվում՝ Հայաստանի, ստացել է շնորհավորանքներ։ Նրան շնորհավորել է նաև նրա մրցակիցը՝ դեմոկրատ Քամալա Հարիսը։
Ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան Հարավային Կովկասում, այդ թվում՝ հայ-ամերիկյան հարաբերություններում Թրամփի ընտրվելուց հետո։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Թրամփի ընտրվելը, մեծ հաշվով, Հայաստանին ոչինչ չի տալու, ուղղակի պետք է ֆիքսել, որ այն իրավիճակը, որը կա, դրանից վատ արդեն չի կարող լինել։
«Թրամփի ընտրվելն անկասկած տարածաշրջանում է իրավիճակ փոխելու, որովհետև Թրամփը բազմիցս է խոսել այն մասին, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեցնելու է։ Չեմ կարծում, թե պատերազմը կանգնեցնելու է 24 ժամում, դա պոպուլիզմ է, բայց կանգնեցնելու է։ Հետևաբար, որ պահին պատերազմը կանգնեցվեց, Ռուսաստանը, բնականաբար, իր հայացքը թեքելու է դեպի Հարավային Կովկաս, որովհետև Թուրքիայի հետ որոշակի հարցեր ու հարցադրումներ ունի։
Իրանի հետ քաղաքականությունը ևս փոխվելու է։ Թրամփը փորձելու է խանգարել ռուս-իրանական աճող ռազմատեխնիկական և ռազմավարական համագործակցությանը։ Այս առումով, այո, կլինեն փոփոխություններ»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը։
Ըստ միջազգայնագետի, ռուս-թուրքական հարաբերություններում ևս կլինեն փոփոխություններ, Էրդողանը չի պահպանելու թվացյալ չեզոքությունը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում։
«Էրդողանի առաջին հայտարարությունը, որ՝ մենք մնում ենք դաշնակիցներ, և այլն, խոսում է այդ մասին։ Դրան զուգահեռ՝ ռուսական կողմից արդեն բացահայտ դժգոհություներ են հնչում արտգործնախարարի մակարդակով, որ Թուրքիան այդքան էլ ազնիվ չի գործում և այնքան էլ չեզոքություն չի պահում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։
Այս բոլորը ի մի բերելով, պետք է հասկանանք մեկ բան, որ փոփոխություններ լինելու են և այդ փոփոխությունները մեծ են լինելու, հետևաբար՝ այստեղ Հայաստանը պետք է կարողանա պահել ոչ միայն իրեն, այլև փորձի այդ փոփոխություններն ինչ-որ չափով ծառայեցնել ազգային շահերին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններում և «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում Թրամփի դիրքորոշմանը, ապա Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ այս հարցում Թրամփը կարող է այլ ճանապարհով գնալ, որտեղ անհրաժեշտ կլինեն նաև հայկական կողմի ջանքերը։
«Պետք է հայկական կողմը փորձի Թրամփին համոզել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է նաև Միացյալ Նահանգները, որը պատասխանատու է արցախահայերի ինքնորոշման իրավունքի համար։ Սա նաև Միացյալ Նահանգներն էր ընդունել, և Ադրբեջանը միակողմանիորեն որոշեց, որ ինքնորոշման իրավունքը չպետք է լինի, և ցեղասպանության վտանգի տակ էթնիկ զտման ենթարկեց և բռնի տեղահանեց արցախահայերին»,- ասաց միջազգայնագետը։
Գրիգոր Բալասանյանը չի կարծում, որ «միջանցքի» հարցում Թրամփը կարող է շարունակել նախորդի՝ Բայդենի քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակումը կլինի, սակայն, եթե «միջանցքի» հարցում սկսեցին նույն քաղաքականությունը վարել, ապա դա հանգեցնելու է Իրան-Ռուսաստան հարաբերությունների ավելի ջերմացմանը, ինչը ձեռնտու չէ Թրամփին։
«Թրամփը՝ որպես ռացիոնալ ու բիզնեսմեն մարդ, մի փոքր ավելի այլ պրիզմայով է նայելու այս ամենին։ Կարծում եմ՝ առաջին հերթին Միացյալ Նահանգների շահերից ելնելով։
Թուրքիան ու Ռուսաստանը Հարավային Կովկասում գնալու են մրցակցության՝ մեկը մյուսին տարածաշրջանից բացահայտ հանելու համար»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյան։