Գեներալ Արայիկ Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է. Ինչո՞ւ 2021թ. մայիսին Ադրբեջանը կարողացավ մտնել ՀՀ ինքնիշխան տարածք, ով է պատասխանատու
ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է. նա ավելի քան 1.5 տարի կամ մոտ 1 տարի 8 ամիս գտնվում էր անազատության մեջ, այժմ մոտ 2 ամիս է՝ տնային կալանքի տակ է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնել է գեներալ Արայիկ Հարությունյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
«Իրեն մեկ անգամ էլ էին տնային կալանք տվել, հետո վերացրել էին: Հիմա նորից ժամկետը լրացել էր, խափանման միջոցի հարցը քննարկվեց, և դատարանն անհրաժեշտ գտավ, որ իր վարքագիծը կարող է ապահովվել տնային կալանքի միջոցով, այստեղ հաշվի է առնվել գործի քննության ժամանակ նրա վարքագիծը, անցած զինվորական ուղին, առողջական վիճակը: Այդ բոլորը հանգամանքներ են, որոնք հաշվի են առնվում կալանքի կամ խափանման միջոցը փոխելու հարցի քննության ժամանակ»,- մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ դատական գործն ապացույցների հետազոտման փուլում է:
Ինչ վերաբերում է վկաների թվին և ինքնությանը, Արայիկ Հարությունյանի փաստաբանը ճիշտ համարեց գաղտնի պահել՝ սահմանափակվելով. «Վկաների մի մասը հարցաքննվել է, մի մասն էլ շարունակում է հարցաքննվել»:
Ի դեպ, «Դատալեքս» համակարգում վկաների մասին կան որոշակի տեղեկություններ, իհարկե, նրանց անունները լայն հանրությանը ոչինչ չեն ասում, բայց, բնականաբար կլինեն նաև հայտնի անուններ, և հենց այդ նպատակով էլ, թերևս, Սամվել Դիլբանդյանը չցանկացավ գաղտնազերծումներ անել:
Փոխարենը՝ նա նշեց, որ գեներալն իրեն առաջադրված մեղադրանքը շարունակում է չընդունել:
«Իհարկե, չի ընդունում, ի՞նչ է արել, որ ընդունի»,- շեշտեց նա:
Հակադարձմանը, որ առաջադրված մեղադրանքն ավելի շատ վերաբերում է իր հրամանատարական պարտականություններից բխող գործողությունները չկատարելուն, փաստաբան Դիլբանդյանն արձագանքեց. «Իրենից ինչ հասնում է, ինքն արել է ամեն ինչ էլ»:
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»:
Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին: Իսկ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:
Հիշեցնենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Այս տեսանյութը քննության առարկա նախաքննության փուլում չի դարձել, համենայնդեպս, գեներալ Հարությունյանի փաստաբանական թիմը մեր հարցերին ի պատասխան՝ հակառակ տեղեկությունը չի տվել:
Ավելին, 168.am-ը գրել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ակամա խոստովանել էր՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:
Իսկ այս գործով անցնում է նաև գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր, իսկ ավելի ուշ նրան այլ բանակային զորամիավորումում էր պաշտոն վստահվել:
Ի դեպ, այս գործին առնչվող՝ «Դատալեքս» համակարգում տեղադրված տեղեկության մեջ նման ձևակերպումներ կան՝
– Հիմնական դատալսումների ընթացքում հետազոտվել են մեղադրանքի կողմի ապացույցների ծավալում ընդգրկված բոլոր արտավարութային փաստաթղթերը:
– Հետազոտված ապացույցների կապակցությամբ ցուցմունքներ են տվել մեղադրյալներ Արայիկ Հարությունյանը և Վիգեն Սիմոնյանը, ովքեր ըստ էության կասկածի տակ չեն դրել նշված ապացույցների բովանդակությունը:
– Հարցաքննությունների ընթացքում Արայիկ Հարությունյանը և Վիգեն Սիմոնյանը ըստ էության ընդունել են իրենց մեղսագրված արարքների հիմքում դրված փաստական հանգամանքները, մասնավորապես իրենց հրամանատարության տակ գտնվող զորամասերի պահպանության տեղամասերում ընկած ՀՀ պետական սահմանի որոշակի հատվածներում մարտական հենակետեր տեղադրված չլինելու հանգամանքը՝ դրանք պատճառաբանելով օբյեկտիվ անհնարինությամբ:
– Առերևույթ հանցավոր դեպքի վերաբերյալ ենթադրյալ փաստական տվյալները արձանագրված են համապատասխան գաղտնի փաստաթղթերում, և նախաքննություն իրականացնող մարմինը տվյալ փաստաթղթերը ամրագրել է համապատասխան արձանագրությամբ, ճանաչել որպես արտավարութային փաստաթուղթ և կցել սույն քրեական վարույթին:
168.am-ը՝ «Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը հեռացավ 2020թ. նոյեմբերի 20-ին. դրանից 3 օր առաջ նա 2-րդ բանակային կորպուսում էր, ի՞նչ կապ ուներ Քարվաճառի ուղղությունը» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը ծանոթանալու նպատակով, և հանդիպել 44-օրյա պատերազմից վերադարձած ու Քարվաճառը պահած ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի մարտիկներին, շնորհակալություն հայտնել նրանց իրենց վստահված առաջնագիծն անսասան պահելու համար: Երկրորդ զորամիավորման յուրաքանչյուր զինծառայողի կենսագրությունում մի հերոսական դրվագ կա:
«Զինուժի» պատրաստած տեսանյութում խոսվում է, որ բանակային զորամիավորումն անմիջապես անցել է զորքի վերախմբավորման, և վերաբաշխման աշխատանքներով է զբաղված, այնուհետև այդ ժամանակ ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Արայիկ Հարությունյանը որոշակի մանրամասներ է հայտնում և ներկայացնում այն փոփոխությունները, որոնք փուլային տարբերակով նախատեսված էին իրականացնել նախքան պատերազմը զբաղեցրած բնագծերում, նաև լինելու էին միջոցառումներ, որոնք պիտի ապահովեին պետական սահմանի անձեռնմխելիությունը և անառիկությունը:
«Նախարարին ներկայացվեցին այն բնագծերը, որոնք զբաղեցրած ենք եղել մինչև այս պահը, և թե ինչ է նախատեսվում համաձայն ԳՇ պետի (Օնիկ Գասպարյանի) կողմից հաստատված դիրեկտիվայի: Այսինքն, ըստ մարտական խնդիրների, կիրականացվեն միջոցառումները: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, տղերքն ուժեղ են, որևէ խնդիր չկա»,- հրապարակված տեսանյութում շարունակել էր գեներալ Հարությունյանը:
Սրանից 3 օր հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը որոշում է հեռանալ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: Իսկ Քարվաճառն անկրակոց հանձնվեց նոյեմբերի 25-ին՝ նոյեմբերի 15-ի փոխարեն:
Իսկ թե ինչ միջոցառումներ պիտի իրականացվեին, որոնք, ըստ էության, չիրականացվեցին, և որի պատճառով հետո նաև Գեղարքունիքի մարզի հատվածում՝ 2021 թվականի մայիսին, ադրբեջանական կողմը կարողացավ առաջխաղացում ապահովել և մինչ օրս չի պատրաստվում դուրս գալ, հայտնի չէ:
Բայց հիշեցենք 2021 թվականի մայիսի վերջին նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը. «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:
Թե ինչու իրենց առաջադրված մեղադրանքը չընդունող զինվորականները Նիկոլ Փաշինյանին առնչվող նման փաստերի և հայտարարությունների վրա ուշադրություն չեն հրավիրում, կարող ենք միայն ենթադրություններ անել: