Այդ անհավասարակշիռ պահվածքով հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն իր մաղձը, ատելությունն արտահայտեց զինվորականության նկատմամբ. Գեղամ Մանուկյան
Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձել էր գեներալներին, և որոշների մոտ տպավորություն էր, թե նա «դասալիք» և «վախկոտ» է անվանել միայն Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական և ռազմական էլիտային, քանի որ Փաշինյանը պատասխանում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, երբ միջամտել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Գալստյանը հարցրել էր՝ Բաքվի բանտերում պատանդների կարգավիճակում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և Արցախի հարցի մասին Փաշինյանն ինչո՞ւ չի բարձրաձայնում:
168.am-ը գրել էր, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ միայն Բաքվում բանտում գտնվող գեներալներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից առաջ ՊԲ-ում պաշտոններ զբաղեցրած արցախցի գեներալներին։ Իսկ 168.am-ը դեռ մեկ տարի առաջ էր գրել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերից Փաշինյանի հայտարարությունները «ղարաբաղցի գեներալների» մասին հեռահար նպատակներ էին հետապնդում:
Ավելին, ըստ էության, Փաշինյանը դասալիք և վախկոտ էր համարել քրեական գործերով անցնող և քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր գեներալներին:
Նշենք, որ հարցուպատասխանի ժամանակ նախքան Փաշինյանի վերը նշված հայտարարությունը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը դիմել էր Փաշինյանին՝ ասելով, որ նա բոլորին մեղադրում է, բացի ինքն իրենից:
«Այդ մեղադրանքները… հիմա մեղադրվողների մեջ են ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի նախկին երկու հրամանատարները (գեներալ Արայիկ Հարությունյան՝ 2021 թվականի մայիսին ադրբեջանական առաջխաղացումների գործով, գնդապետ Վահրամ Գրիգորյան՝ 2021 թվականի նոյեմբերյան մարտերի գործով։– Մ.Պ. ),նրանցից մեկին (գնդապետ Վահրամ Գրիգորյանին։- Մ.Պ.) հետո հանեցին Ազատ գյուղի կացարանում հրդեհից հետո, թե պատասխանատուն ինքն է: Այսինքն, լավ, ինչքա՞ն կարելի է, էլի: Ինչքա՞ն կարելի է, աշխարհի տակ մարդ չի մնացել, որ արածի, ավերի համար մեղավոր կարգեք, մարդ չի մնացել: Նայեք, 2.5 տարի է՝ ԱԱԾ մեկուսարանում նստած է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, քաղաքական պատվերով»,- ասել էր Գեղամ Մանուկյանը:
Այսինքն, ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ Լիլիթ Գալստյանի հարցի ընթացքում Գ. Մանուկյանի միջամտությունը հենց այս համատեքստում էր, ինչը նա հաստատեց 168.am-ի հետ զրույցում:
«Հարցուպատասխանի ժամանակ ես հերթական անգամ բարձրաձայնեցի, որ Նիկոլ Փաշինյանը, աշխարհում մարդ չի մնացել, որ իր կատարած հանցանքները, զանցանքները կոծկելու համար մեղավոր հռչակի, ու հիշեցրեցի՝ 2 բանակային կորպուսի նախկին 2 հրամանատարները քրեական գործերով են անցնում. մեկը (գեներալ Արայիկ Հարությունյանը։- Մ.Պ.) շարունակում է մնալ կալանքի տակ, բայց որևէ կերպ նա չի խոսում այն արածների մասին, որ ինքն է արել:
Հիշեցրեցի նաև, որ մաքուր քաղաքական պատվերով 2.5 տարի բանտում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:
Դա լղոզեց, չանդրադարձավ, իսկ հետո այլ պատասխանի ժամանակ կարծես վերհիշելով դա, հերթական անգամ հոգեկան զեղման մեջ փորձեց մտնել, և այդ ժամանակ էր, որ թացն ու չորը խառնելով՝ բոլոր զինվորականներին, գեներալներին, հրամանատարներին մեղադրեց կենացներ ասելու և այլնի մեջ:
Իրականում իր մաղձը, ատելությունը զինվորականության նկատմամբ հերթական անգամ արտահայտեց այդ անհավասարակշիռ պահվածքով»,- նշեց նա:
Հավելենք, որ «Արեգա» բարձունքից նահանջելու հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվող Միքայել Արզումանյանը 2023 թվականի հուլիսին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ որպես թիրախ է ընտրվել:
168.am-ը 2022 թվականին ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի օրոք Միքայել Արզումանյանի կադրային տեղաշարժերը, որոնք, շատ հնարավոր է՝ եղել են ոչ թե՝ հանունի ինչ-որ բանի, այլ՝ ընդդեմ, ինչպես պաշտպանության նախարար նախկին Արշակ Կարապետյանի դեպքում, և այսպես շարունակ:
Ի դեպ, մոտ 3 տարի հրթիռների գործով անազատության մեջ է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, և ինչպես նա է հայտարարել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից, և, որ գործ ունենք քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ:
Այսինքն, այն բարձրաստիճան զինվորականները, որոնց թվում է՝ մի օր չեն հայտնվի Նիկոլ Փաշինյանի թիրախում, սխալվում են: Մի բան հստակ է՝ Փաշինյանը հոգու խորքում նրանց մասին մտածում է այն, ինչ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, և մի օր նրանց ուղղությամբ է «շպրտելու»՝ ինչպես են հլու և հնազանդ կատարել իր հրամանները, կամ մեղադրելու է անօրինական հրամաններ կատարելու համար:
Ինչպես 168.am-ին տված հարցազրույցներից մեկում նկատել էր Դավիթ Տոնոյանը՝ դա «կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից»: