Վրաստանի ընտրություններում կորոշվի նաև Հայաստանի իշխանության ապագան. ՔՊ-ում գիտեն՝ դատվելու են պետական դավաճանության համար, Փաշինյանի հույսն Էրդողանն է. Ստեփան Դանիելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Միշտ էլ, երբ ընդդիմությունը թուլացել է, իշխանության ներսում տարբեր թևերի պայքար է սկսվել՝ ֆինանսների և ազդեցության համար։ Հիմա էլ նույնն է կատարվում ՔՊ-ում։ Արտաքին հովանավորներին նույնպես լծակներ են պետք, որոնք ստանալու համար իշխանության ներսում թևերի պայքար պետք է ընթանա։
Ուկրաինայի խորհրդարանը հիմնականում Արևմուտքի վերահսկողության տակ է, ու այնտեղ պայքար է գնում տարբեր արտաքին ազդեցությունների խմբերի միջև։ ՔՊ-ում էլ, եթե ուշադրություն ենք դարձնում՝ ով ում հետ է հանդիպում, ինչ է անում, հասկանում ենք, որ այո՛, այնտեղ կա արտաքին հետք ու արտաքին ազդեցության խմբեր։
- Տեղական ընտրություններն այսօր ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Իշխանափոխությունը բերում է արտաքին կողմնորոշումների փոփոխության։ Հիմա դա շատ ավելի սուր է տեղի ունենում, ու անգամ Հայաստանի նման փոքր երկրի ընտրությունները կարող են բերել աշխարհաքաղաքական փոփոխությունների ու հասցնել ընդհուպ պատերազմի։
- Վրաստանի բնակչությունը ռուսամետ չէ։ Վրաստանի այս իշխանությունը ոչ թե ռուսամետ է, այլ իշխանությունը հասկանում է, որ իրենց փորձում են ներքաշել Ուկրաինայի նման պատերազմի մեջ ու չեն ուզում դրա մասնակիցը դառնալ։ Վրաստանում խնդիրը հետևյալն է՝ մենք Վրաստանը պատերազմական գոտի սարքո՞ւմ ենք, Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Վրաստանում դաս են քաղել 2008թ․ռուս-վրացական պատերազմից, երբ ռուսական տանկերը կանգնեցվեցին միայն Թիֆլիսի մատույցներում, ու Արևմուտքը Վրաստանին որևէ հարցում չօգնեց։
- Աջարիայում պատկերը փոխվում է։ Չինական ներդրումները վաղուց գերազանցել են թուրքական ներդրումներին, և թուրքական ազդեցությունն այնտեղ թուլանում է։ Վրաստանում սա էլ են լավ հասկանում, որ նաև գերագնահատված է Արևմուտքի տնտեսական ներուժի փաստարկը։
- Անակլիայի խորջրյա նավահանգիստը պետք է կառուցվեր արևմտյան ռեսուրսով, բայց վրացիները ժամանակին հասկացան, որ ամերիկացիներն այն ցանկանում են դարձնել ռազմական նավահանգիստ Ռուսաստանի դեմ, ու հրաժարվեցին դրանից։ Հիմա չինացիները հաջողությամբ կառուցում են Անակլիայի նավահանգիստը։
Հիշեցնենք, որ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման գլխավոր նախապայմաններից մեկն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը նշել էր Անակլիայում խորջրյա նավահանգստի կառուցման հարցում Չինաստանի հետ համագործակցությունից Թբիլիսիի հրաժարվելը: Վրաստանն ի սկզբանե հատուկ նշանակություն էր ձեռք բերել ԱՄՆ-ի և հատկապես Եվրամիության համար՝ որպես տարանցիկ ուղի և պոտենցիալ էներգետիկ հանգույց, առավել ևս՝ Սև ծովով ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացման նախագծի համատեքստում։
- Վրաստանում 400.000-ից ավելի ադրբեջանական բնակչություն կա, որոնց մի մասը թեքվում է դեպի Թուրքիա։ Դա էլ են հասկանում Վրաստանում։ Վրաստանի դեստաբիլիզացիայի համար պոտենցիալ կա։ Եթե Վրաստանի տարածքում տեռորիստական գործողություններ լինեն, Ադրբեջանի նավթամուղներն ու գազամուղները, որոնք անցնում են Վրաստանի տարածքով, կարող են լրջորեն վնասվել։ Դա կյանքի հարց է Ադրբեջանի համար, ու չի բացառվում, որ ադրբեջանական զինական ուժը պաշտպանի դրանք Վրաստանի տարածքում։
- Բոլոր սոցհարցումների տվյալներով՝ ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթում է․ կարծում եմ՝ պարտությունից հետո ընդդիմությունը մասերի կբաժանվի, և իշխանությունը նրանց նկատմամբ վերահսկողություն կսահմանի, եթե, իհարկե, իրադարձությունները չզարգանան ընտրական տրամաբանությունից դուրս։
- Վրաստանում որոշվում է ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի ճակատագիրը։ Վրաստանի ընտրություններում որոշվում է նաև Հայաստանի իշխանության ապագան։ Եթե Վրաստանն ընտրություններից հետո Արևմուտքի հետ վատացնի իր հարաբերությունները, Հայաստանի գործող իշխանությունը կմնա միակը, որի հետ Արևմուտքը կունենա սերտ հարաբերություններ։ Եվ եթե անգամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ապա այն շատ հեռու է գտնվում, որպեսզի անհրաժեշտության դեպքում Արևմուտքն ուղղաթիռից կարողանա սնունդ նետել Հայաստանի բնակչության համար։
- Հայաստանի իշխանությունը բավականին տեսանելի կերպով ուղղակի գտնվում է թուրքական և ադրբեջանական ազդեցության տակ։
- Փաշինյանը Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպեց ինչ-որ երաշխիքներ ստանալու համար։ Թուրքիան վաղուց է ներկայիս իշխանության փայատերը։
- Ադրբեջանի և Թուրքիայի միջև շատ լուրջ հակասություններ կան։ Ադրբեջանը թեքվել է դեպի Ռուսաստան, պայմանագրեր են կնքվել։ Ադրբեջանում չեն կարող լինել ուժեր, որոնք կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի համար, իսկ Ադրբեջանում նման թուրքական ուժեր կան։ Մյուս կողմից՝ կան նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև բավականին լուրջ հարաբերություններ։ Երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, Ադրբեջանում գտնվող թուրքական և իսրայելական ուժերը սպառնալիք կդիտվեն Իրանի և Ռուսաստանի համար։
- Իրանը մասնատելու շատ լուրջ արևմտյան ծրագիր կա։ Այստեղ լուրջ է քրդական գործոնը։ Եթե քրդերն ապստամբեն Ադրբեջանի դեմ, դա շատ լուրջ խնդիր է դառնալու Թուրքիայի համար։ Իսկ Իրանում քրդերն ամենաարագ բազմացող խումբն է, մինչդեռ Թուրքիայում թուրքերի աճը մեծ չէ, ու սա լրջորեն անհանգստացնում է Թուրքիային։
- Եթե Թուրքիան Ադրբեջանին ասում է՝ Ղարաբաղում դուք չեք հաղթել, այլ մենք, դա նշանակում է՝ Ադրբեջան, դու մեզ պարտական ես։
- ԱՄՆ-ի համար պետք է, որ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը վերջնականապես լուծվի, ռուսական ռազմաբազան հանվի Հայաստանից, դեպի Արևելք ճանապարհն աշխատի, որ հետագայում թուրքական աշխարհները միանան։
- Ադրբեջանն ունի պարտավորություններ Ռուսաստանի առաջ և շատ լուրջ վախեր՝ Իրանից։ Ադրբեջանը շատ լուրջ դիլեմայի առաջ է կանգնած Ռուսաստան-Իրան-Արևմուտք հանգույցում և չի կարող ընտրություն անել ու Խաղաղության պայմանագիր կնքել։ Այդ պատճառով էլ Ադրբեջանում սա հիստերիայի պատճառ է դառնում, դրա համար են նրանք Արցախում գյուղեր ու քաղաքներ ավերում, որ հայերը չվերադառնան, որովհետև Ադրբեջանը հասկանում է՝ Արցախի, արցախցիների վերադարձի հարցը փակված չէ։
- Ադրբեջանը չի կարող կնքել Խաղաղության պայմանագիրը, որովհետև որտեղ որ այն կնքվի, պիտի ընդունվի այնտեղի պայմանները․ Ռուսաստանում՝ ռուսական, Արևմուտքում՝ արևմտյան։ Որտեղ էլ այն կնքի, մյուս կողմից հարված է ստանալու։ Դրա համար նա չի կնքում այդ պայմանագիրը, սպասում է, մինչև տեսնի՝ ինչ է լինում, ով է իշխանության գալիս ԱՄՆ-ում, որովհետև Թրամփի գալով՝ նրա դիրքերն ուժեղանալու են։
- Հայաստանի իշխանությունները քաղաքական սուբյեկտ չեն։ Դրսում նրա կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում, ինչպես չի հետաքրքրի այս բազկաթոռի կարծիքը, որի վրա մենք նստած ենք։ Հայաստանի այսօրվա ղեկավարությունն այս բազկաթոռն է, որի կարծիքը ոչ ոք չի հարցնում, որովհետև նրանք օբյեկտ են։ Իսկ օբյեկտի կարծիքն իմաստ չունի քննարկել։
- Ես ամենավատ երազում կպատկերացնեի, որ մի օր մենք նստելու ենք ու մեկնաբանենք Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Բայց, ցավոք սրտի, նա ՀՀ ԱԺ նախագահն է, ու ստիպված ենք դա անել։ Քաղաքականության մեջ մնալու ՔՊ-ի նպատակը պատերազմի պարտության մեղքն իրենց վրայից գցելն է։ Իրենք անընդհատ որևէ պատճառաբանություն են բերելու 44-օրյա պատերազմում իրենց խայտառակ պարտությունն ու իրենց քաղաքականությունն արդարացնելու համար։ Իրենք գիտեն, որ հետագայում դատվելու են պետական դավաճանության համար, ու հիմիկվանից ամեն ինչ անում են, որ լեգիտիմացնեն Ադրբեջանի գործողությունները։ Բայց նույնիսկ այդ արդարացումներն իրենց չեն փրկելու, որովհետև նույնիսկ դա իրենց համար մեղադրանք է։ Իրենց մինչև 2020թ․ առաջարկվել էր տալ Արցախի 5 շրջաններն ու կանխել պատերազմը, բա թող անեին։
- Ադրբեջանի նախագահը շատ լավ հասկանում է, որ Արցախի հարցը փակված չէ, ու մի օր դրա համար պատասխան են տալու։ Դրա համար ուզում են փակել Մինսկի խմբի թեման ու իրավական բոլոր հիմքերը ստեղծել Արցախի հարցը վերջնականապես փակելու համար։
- Իսրայելը ստեղծվել է կրոնական պատկերացումների վրա, որ իրենք վերադարձել են իրենց Ավետյաց երկիրը: Ավետյաց երկիրը, առաջին հերթին, Երուսաղեմն է, որտեղ գտնվել է Տաճարը: Ըստ հրեական կրոնական պատկերացումների՝ դա երկրագնդի վրա միակ տեղն է, որտեղ Աստված անձամբ ներկա է: Այնտեղ Աստծո ճակատին լույս է իջել: Տաճարը ժայռի գմբեթում է գտնվում, որի կողքին գտնվում է Ալաքսա մզկիթը: Իրենք այդ երկիր եկել են այդ գաղափարի շուրջ: Արաբ հասկացությունն էլ է ստեղծվել կրոնի շուրջ: Մի կրոն նախկին սիրիացիներին, եգիպտացիներին, բերբերներին, ասորացիներին դարձրել է արաբ: Երկու կողմից, իհարկե, կա կրոնական հիմքը: Երուսաղեմի հին անունը Ալ-կուդս է եղել, երբ 1-ին դարում Երուսաղեմն ավերվեց, հետո Պարսկաստանը գրավեց, ապա 7-րդ դարում արաբները եկան, գրավեցին Երուսաղեմն ու այդ մզկիթը սարքեցին: Հրեաներն են վերադարձրել Երուսաղեմ անունը: Իսկ 81-82թթ., երբ Տաճարը հռոմեացիներն ավերեցին, Յուպիտերի պաշտամունքի վայրը սարքեցին ու Երուսաղեմի անունը Էլիա-Կապիտոլինա էր այդ ժամանակ և ևս մի քանի դար: Պարզապես, քանի որ Ավետարանի մեջ «Երուսաղեմ» բառը կար, ու այդ անունը սուրբ է, այն վերադարձվեց: Այսինքն՝ հիմքում և՛արաբների, և՛ հրեաների, և՛ բողոքական շատ եկեղեցիների համար, որի անդամ է նաև Դոնալդ Թրամփը, Երուսաղեմը գրավելը և վերադարձնելը կարևոր է Մեսիայի գալու համար: Հիմքում շատ մարդկանց համար այս պատերազմը Երրորդ տաճարը ստեղծելու համար է: Իսկ Երրորդ տաճարն այդ մզկիթն է, որտեղ ժամանակին Մուհամեդը գիշերով եկել է, հանդիպել 7 մարգարեների հետ ու ստացել իր հիմնական գիտելիքները: Առանց կրոնի հրեաներն ու արաբները գոյություն ունենալ չեն կարող։
- Նեթանյահուն իր իշխանությունը պահում է Պառլամենտում աջ ծայրահեղական կրոնական խմբակցության միջոցով։ Նեթանյահուն հանցագործ է, և երբ Իսրայելում ընտրություններ լինեն, ու նա իր իշխանությունը կորցնի, դատվելու է Հաագայի դատարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։