Բաժիններ՝

Ռուսաստանը «ստվերային նավատորմն» օգտագործում է հետախուզական դիվերսիոն գործունեության համար. Զելենսկի

Ռուսաստանը տանկերներն օգտագործում է ոչ միայն Ուկրաինայի դեմ պատերազմի համար միջոցներ ստանալու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։

Այդ մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։Նա նշել է, որ լսել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի զեկույցը։

«Մեր հետախուզությունն ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ թույլ չտալու, որ Ռուսաստանն այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերն օգտագործի Եվրոպայում դիվերսիաներ և անկայունացման այլ փորձեր կատարելու համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ Կիևը գործընկերներին տրամադրում է անհրաժեշտ ողջ տեղեկությունը և ակնկալում է, որ ռուսական միջամտությանը հակազդեցությունը զգալիորեն ավելի ուժեղ կլինի։

«Այժմ ռուսաստանցիները տանկերներն օգտագործում են ոչ միայն պատերազմի համար գումար վաստակելու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։ Սա կանխելը լիովին հնարավոր է», – ընդգծել է նա։ 

Արտաքին հետախուզության պետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ կոնկրետ խնդիրներ, մասնավորապես, թե պատժամիջոցների շրջանցման որ սխեմաները պետք է կասեցվեն առաջին հերթին։

«Արտաքին հետախուզության ղեկավարին հանձնարարել եմ  գործընկերների հետ աշխատել նաև այն ուղղություններով, որոնք կարող են Ուկրաինայի համար ապահովել անհրաժեշտ զենքի և սարքավորումների ավելի շատ իրական մատակարարումներ», – հավելել է նախագահը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանը տանկերներն օգտագործում է Եվրոպայի երկրների վրա անօդաչու թռչող սարքեր արձակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս