
ԹՊԿ առաջնորդները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, որում հիշատակվում է «Զանգեզուրի միջանցքը»

Գաբալայի հռչակագիրը ստորագրվել է Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովում, որն այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում: Փաստաթուղթն ընդունվել է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո։
Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից հետո Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Բայրամովի խոսքով, փաստաթուղթը մասնավորապես անդրադառնում է «Զանգեզուրի միջանցքին»։ ԹՊԿ առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն զգալի ներդրում կունենա թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդման, առևտրաշրջանառության ավելացման և ներտարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում։