Բաժիններ՝

Ֆրանսիայի հեռացող վարչապետը հայտարարել է մինչև տարեվերջ բյուջեի հաստատման հեռանկարների մասին

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն, որի հրաժարականն ավելի է խորացրել երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, հայտարարել է, որ մինչև 2025 թվականի ավարտը բյուջեի հաստատման հույսեր ունի։ Նրա խոսքով՝ դա «ավելի հեռավոր է» դարձնում խորհրդարանը ցրելու հնարավորությունը։

Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ 

Լեկոռնյուն հայտարարել է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անցկացված խորհրդակցությունները ցույց են տվել կուսակցությունների պատրաստակամությունը՝ տարեվերջին համաձայնության գալու բյուջեի շուրջ։

Նրա խոսքով՝ կա փոխհամաձայնություն և ցանկություն մինչև դեկտեմբերի 31-ը Ֆրանսիայի պետական բյուջեն հաստատելու վերաբերյալ։

Լեկոռնյուին նախորդող վերջին երկու վարչապետները հեռացվել են օրենսդիր մարմնի կողմից ծախսերի ծրագրի շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով։

Տարբեր քաղաքական կուսակցությունների հետ բանակցություններից հետո Լեկոռնյուն, որն այժմ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնակատարն է, նաև նշել է, որ խորհրդարանը ցրելու հնարավորությունն ավելի հեռու է թվում։

Ֆրանսիայի ընդդիմությունը Լեկոռնյուի հրաժարականից հետո պահանջել է, որ կա՛մ նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից, կա՛մ խորհրդարանի ցրվի, և նոր ընտրություններ անցկացվեն։ Լեկոռնյուն հրաժարական էր տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում: 

Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևել է ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս