Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պես՝ յուրաքանչյուրս այսօր Բաքվի բանտում է, նրանք այնտեղ են՝ մեր փոխարեն․ Ավետիք Չալաբյան

Արցախի կորուստը մեծագույն ցավ և ողբերգություն է, Արցախը մեր ազգային երազանքի իրական մարմնացումն էր։ Մեր ազգի լավագույն ներկայացուցիչները ժամանակին նվաճեցին Արցախի ազատությունն ու անկախությունը, և երեսուն տարի շարունակ Արցախը մեր ազգային իղձերի իրականացման առհավատչյան էր։ Այս վարչախումբն արդեն բացահայտ պնդում է, թե պետք էր հրաժարվել Արցախից, իբր Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Նրանք չէին կարող այդ մասին խոսել միանգամից իշխանափոխությունից հետո, այդ պատճառով Արցախը հանձնեցին փուլային կերպով, ստորաբար, հասարակությանը դրա մեջ ներքաշելով, մեղքը բարդելով ում վրա ասես՝ ուժայիններից մինչև Արցախի իշխանություններ։ ՀՀ-ն ձեռքերը լվաց և չաջակցեց արցախցիներին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Հասարակության մեծամասնությունը գիտակցում է, թե ինչ է տեղի ունեցել, այն է՝ Արցախի դավաճանական հանձնում այս վարչախմբի կողմից։ Կա նաև ընկալում, որ Արցախի հարցի հանգուցալուծումն ապագայում է լինելու։ Սրանք հողին են հավասարեցրել սերունդների արյունն ու քրտինքը, այդ թվում՝ առաջին արցախյան պատերազմի հազարավոր զոհերի։ Պետք է հարց տալ՝ եթե այս աղետը տեղի ունեցավ Արցախի հետ, ո՞րն է երաշխիքը, որ դա տեղի չի ունենա ՀՀ-ի հետ, այնպես, ինչպես ամիսներ առաջ՝ Կիրանցում։ Այս վարչախումբը պատրաստ է հանձնել ՀՀ տարածքի ցանկացած կտոր, միայն թե պահպանի իշխանությունը։ Այս վարչախումբն իր բոլոր չիրականացած խոստումները բարդում է այլոց վրա։ Օրինակ, Արցախի կորուստը բարդում են Արցախում ընդամենը երկու շաբաթ պաշտոնավարած նախագահ Սամվել Շահրամանյանի վրա»,- ասաց հասարակական գործիչը:

«Ջերմուկի և Իշխանասարի վրա թշնամին հարձակվեց սրանց հետ պայմանավորված, այդ պատճառով՝ նրանց դիմադրություն չցուցաբերվեց։ Դրա արդյունքում Պրահայում ստորագրվեց Արցախի հանձնման մասին փաստաթուղթ։ Թշնամին Հայաստանի տարածքից մի քայլ անգամ չնահանջեց, ավելին՝ Կիրանցի հատվածում առաջ եկավ։ Փաշինյանի համար խաղաղության պայմանագիրն ունի երկու նպատակ՝ նախ խաբել սեփական ընտրազանգվածին, թե իբր խաղաղություն է բերել, և ապա՝ այս վարչախմբի արտաքին պատվիրատուներին որոշակի արդյունք ցույց տալ։ Այդ պատվիրատուները շահագրգիռ են, որ այդ փաստաթղթի ստորագրումը տեղի ունենա հնարավորինս շուտ»,- նշեց Ավետիք Չալաբյանը:

Կարդացեք նաև

Հասարակական գործչի կարծիքով՝ Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ այս վարչախումբը շտապում է, հետևաբար՝ փորձում է այդ փաստաթղթի համար հնարավորինս աննպաստ պայմաններ սահմանել.

«Օրինակ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին դարձյալ ակտիվ խոսակցություններ են սկսվել։ ՌԴ-ն ու Իրանը՝ առանց մեր մասնակցության, քննարկում են այս թեման։ Տպավորությունն այն է, որ Սյունիքի մարզն այլևս ՀՀ-ին չի պատկանում, և մենք մեր վերահսկողությունը կորցրել ենք Սյունիքի նկատմամբ։ Արցախի հանձնումը բերեց մեր անվտանգային համակարգի փլուզման, և եղած տարածքում մենք այլևս ռազմավարական խորություն չունենք։ Հստակ պաշտպանական ռազմավարություն չկա, որ եթե, օրինակ, Ադրբեջանը փորձի կտրել Սյունիքը, ինչ է պետք անել»:

«Այս վարչախումբն արդեն քանի տարի է՝ զբաղված է Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդմամբ։ Կա՛ այլընտրանք, և դա բաղկացած է մի շարք տարրերից։ Մեր պաշտպանական համակարգը պետք է օգտագործի երկրի ներսում առկա ներուժը, օրինակ՝ ներգրավի ՊԲ նախկին զինծառայողներին, զարգացնի տեղական ռազմարդյունաբերությունը, ստեղծի պահեստազոր, և այլն։ Թեև Բաքվում պատանդառված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչ, բայց Բաքվի բանտերում է գտնվում մեզնից յուրաքանչյուրը։ Նրանք Բաքվի բանտում են՝ մեր փոխարեն, մեզնից յուրաքանչյուրը կարող էր գտնվել այնտեղ նույն տրամաբանությամբ»,- ամփոփեց Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս