207 միլիոն դրամ, կամ 540 հազար դոլար՝ յուրայինի հ/կ-ին. Փաշինյանի աշխատակազմի գաղտնի գործարքը

Հրապարակախոս, խմբագիր, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը գրում է. 

«207 մլն դրամ կամ շուրջ 540.000 դոլար է ՀՀ վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգով ու առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության հատկացրել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին, 2020-25թթ.-ին։ Այդ մասին իմանում ենք վարչապետի աշխատակազմի գաղտնազերծված որոշումներից։ ՀԿ-ն զբաղվում է հայագիտական ուսումնասիրություններով։

ՀԿ հիմնադիր ու նախկին նախագահ Վարդան Ազատյանը կառավարության ու վարչապետի որոշմամբ 2024թ. նշանակվում է նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։ Բայց դա էլ բավարար չէ, Վարդան Ազատյանն ընտրվում է վարչապետին կից հանրային խորհրդի անդամ։

 

ԲԱՅՑ, ինչո՞ւ է ՀՀ վարչապետը որոշել որ առանց մրցույթի ուu գաղտնի ընթացակարգով, ամեն տարի պետք է 38-41 մլն դրամ հատկացնի հենց այդ ՀԿ-ին ու հենց նրանց հետազոտություններին։ Ինչո՞ւ գաղտնի, չէ որ ՀԿ գործունեության ոլորտը կապ չունի պետության ներքին ու արտաքին անվտանգության, պաշտպանության, ատոմային էներգետիկայի կամ այնպիսի ոլորտների հետ, որոնք, ինչ-որ իմաստով, կարելի է հիմնավորել որպես պետական գաղտնիք կամ գաղտագրման ենթակա։

Իսկ պատասխանը սկսվում է 2019թ.-ից, երբ պարոն Ազատյանը մի գրքույկ է գրում՝ «Ովքեր արեցին հեղափոխությունը» վերնագրով, որտեղ խորհրդածում է, որ հեղափոխություն արեց «հեթանոս ժողովուրդը» (օջախը)։ Կհիշեք երևի «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» Փաշինյանի այնքան հավանած ու օգտագործված կարգախոսը, որը հավանաբար ազդվել կամ ներշնչվել էր հենց Ազատյանի գրքույկից։ Այդ գրքույկում, Ազատյանը, նաև, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանին ու նրա թավշյա հեղափոխություն համեմատում է Հիսուս Քրիստոսի մաքառման, պայքարի ու հաղթանակի հետ։ Գրքույկն իհարկե լավագույնս գնահատվում է, որի մասին Փաշինյանն ինքը խոսում է այդ օրերին՝ շատ տպավորված ու ոգևորված։

Այնքան տպավորված, որ, հավանաբար, այցելում է ՀԿ էջ, նայում է նրանց հետազոտություններն ու աշխատանքները, կլանվում ու որոշում որ վարչապետի աշխատակազմից պետք է գաղտնի, առանց մրցույթի ու ամենամյա հատկացումներ անի ինստիտուտին։ Հետո, ենթադրաբար, չի բավարարվում այդ քայլերով ու որոշում է, որ պարոն Ազատյանից ավելի արժանի մտավորական չկա, որը կարող է զբաղեցնել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։

«Իրական Հայաստանում» մտավորականներն ու նրանց հիմնադրած և ղեկավարած ՀԿ-ը արժանվույնս գնահատում են։ Եկատերինա կայսրուհին էլ ժամանակին իր հոգածության կենտրոնում էր պահում Վոլտերին ու Դիդրոյին։ Հատկապես, եթե այդ մտավորականները լոյալ են իշխանությանը, լոյալ են երկրի ղեկավարին և  հեղափոխությունից այս կողմ գեթ մեկ տառ, բառ կամ նախադասություն, կարծիք չեն հայտնել ՀՀ ներքին կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Հեղափոխությունն այնպիսի պանծալի ու ավարտուն իրադարձություն էր, որ այլևս գրքույկներ գրելու ու հեթանոս ժողովրդի օջախակերտ պայքարը գովերգելու կարիք չկա, կամ ժամանակ չկա։ Կամ էլ, միգուցե, մտքեր չեն հղանում, իսկ գտնված բառերն ու արտահայտությունները խղճուկ են այս իրականությունը նկարագրելու համար։

Կարևորն այն է, որ Փաշինյանն է անհրաժեշտաբար ու տարեկան 38-41մլն դրամ գտնում այդպիսի պանծալի մտավորականների հիմնադրած ինստիտուտին աջակցելու համար։ Բայց, հավանաբար, ամոթից ու երկյուղածությունից որ հասարակությունը չիմանա թե ինչ արժանիքների համար է ինքն օգնում նրանց հասարակական-հանրային գործունեությանը, անում է դա գաղտնի։

Ի վերջո, ՀԿ-ն էլ է, երևի, ամաչում այդ օգնությունից, միգուցե իրենց արժանի չհամարելով այդպիսի հոգածությանը, բայց և չհրաժարվելով գումարից, որովհետև իրենց կայքում էլ չենք գտնում գեթ մեկ նշում այդ օգնության, ծախսած փողերի ու ստացված արդյունքների մասին»։

 

Տեսանյութեր

Լրահոս