«Չբարկացնեք, թե չէ կհարվածենք». Լուկաշենկոն՝ «Օրեշնիկի» մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է դեկտեմբերին «Օրեշնիկը» մարտական հերթապահության դնելու պլանները, սակայն հայտարարել է, որ իր երկիրը «պատերազմի մեջ չի մտնի, եթե չբարկացնեն»:
«Ես ուզում եմ, որ նրանք (արտասահմանյան ընդդիմախոսները) հասկանան, որ մենք կարող ենք հարվածել, եթե վատանա։ Այ, մենք կնստենք Պուտինի հետ, որոշում կկայացնենք և կհարվածենք։ Ուրեմն, մի բարկացրեք: Չէ՞ որ Ուկրաինայում պատերազմը սկսվեց հենց դրանից։ Դոնբասում ռուսախոսներին ծանակեցին, սպանեցին, թունավորեցին։ Դա իմ աչքի առաջ էր», – ասել է նախագահը։
Նա հիշեցրել է, որ Մինսկի հարթակում ժամանակին ձեռք են բերվել խաղաղ պայմանավորվածություններ, սակայն դրան ընդդիմացողները որոշել են գնալ խաբեության ճանապարհով, ինչն էլ հանգեցրել է ներկա իրավիճակին:
«Պարզվում է՝ չէին պայմանավորվել։ Պարզվում է՝ Մինսկ էին եկել, որ Ռուսաստանին էլ, մեզ էլ խաբեն։ Խաբեցին. դե ինչ, հասա՞ք ձեր ուզածին: Արդեն երկու միլիոն ուկրաինացի է զոհվել և հաշմանդամ դարձել, ուրեմն ինչո՞ւ եք բարկացնում: Նորմալ ապրում էիք։ Եվ լեհերը, և լիտվացիները և մյուսները», – ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ աշխարհը «անհասկանալի ժամանակներ» է ապրում, և պետք է պինդ ու տոկուն լինել:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Մինսկը հնարավոր է համարում չեղարկել «Օրեշնիկ» հրթիռային համալիրի տեղակայումն այն դեպքում, եթե ԵՄ-ն գնա ապաէսկալացման:

