Ռուսաստանի հետ պետք է խոսել. կոմունիկացիաների պայքարում մեր գլխավոր խաղաթուղթը պետք է լինի Հյուսիս-Հարավ ճանապարհը. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեր պայքարը ոչ թե իշխանության, այլ պետության գոյաբանական խնդիրների համար քաղաքական պայքար է։ Իհարկե, խաղաղությունը շատ կարևոր է մեր պետության համար, բայց մենք չէինք դնի նպատակ՝ հանուն խաղաղության ամեն ինչ տալ։ Մենք կբերեինք օրակարգ, բայց դրա անունը չէինք դնի խաղաղության խաչմերուկ։ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Արևմուտքին իրականում մեր խաղաղությունը հետաքրքիր չէ։ Փաշինյանը խաղաղության թեման մեջտեղ էր բերել ժողովրդից 2021թ․ քվե գողանալու համար։ Սրանց ասած խաղաղությունն իրականում խաղաղություն չէ՛։ 
  • Իրանի համար շատ լուրջ խնդիր է Զանգեզուրի միջանցքի ու դրա վերահսկողության թեման։ 
  • Ադրբեջանցիները, ինչ հնարավոր է, Նիկոլից ստացել են, և հիմա պարտիան շարունակվում է։ Նրանց համար խաղը չի ավարտվել։ Նպատակ ունեն Սյունիքն ամբողջովին վերցնել և դրա մասին հայտարարում են: 
  • Մեր գլխավոր խաղաղաթուղթը պետք է լինի Հյուսիս-Հարավ ճանապարհը:
  • Դեռևս ուշ չէ։ Մենք առաջարկում ենք, որ բոլոր տեսակի կոմունիկացիոն հարաբերությունների մեջ կարևորություն ստանա ոչ թե դեպի Նախիջևան գնացող, Միջին միջանցքով անցնող ճանապարհը, այլ Հյուսիս-Հարավ ճանապարհը և ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին (BRICS)։ Եթե մենք լինեինք իշխանության՝ թույլ չէինք տա, որ Ադրբեջանը նաև BRICS-ի այդ հարթակում առաջ անցնի։ Հայաստանն այս իշխանությունների պարագայում զրկվելու է բոլոր միջանցքներից ու վերջում դառնա ամենաչքավոր, «իզգոյ», լուսանցքում հայտնված պետությունը։
  • Թուրքիան միշտ էլ ցանկացել է մտնել Հարավային Կովկաս, բայց Հայաստանի հավասարակշռված հարաբերությունները Թուրքիային հեռու են պահել դրանից։ Նորմալ իշխանության դեպքում Թուրքիան հիմա էլ ստիպված կլիներ համակերպվել, ինչպես արել էր նախորդ 30 տարիներին։
  • Քայլեր պետք է ձեռնարկել. Ադրբեջանը պետք է մտածի՝ արդյո՞ք ես ճիշտ եմ արել, որ հայ ժողովրդի հետ իմ բոլոր հարցերը լուծել եմ ռազմական ճանապարհով։ Չէ՞ որ այդ կերպ նրան քարտ-բշանշ եմ տալիս՝ վաղն ինձ հետ նույն կերպ վարվել։ Արդյո՞ք ճիշտ եմ արել, որ թքել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու կարգավորման սկզբունքների վրա… Ալիևն էլ է հասկանում, որ հայ ժողովուրդը վաղը-մյուս օրը խելքը գլուխն է հավաքելու, տանի, նստեցնի Նիկոլին ու իր հարցերը լուծի։ Դրա համար Ալիևն էլ է շտապում։
  • Ի՞նչ պետք է անեն քաղաքական ազգային բոլոր ուժերը, եթե վաղը գան իշխանության։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի։ Այսինքն՝ մեկ տարի մենք Ռուսաստանի հետ խոսելու բան ունենք։ Ադրբեջանի հետ խոսելու բան չկա, որովհետև Ադրբեջանը ստացել է ավելին, քան երազում էր։ Այդպես չի լինում քաղաքականության մեջ։ Պետք է հետ վերադարձնեն, և դա չի արվելու պատերազմի և մարդկային կորուստների գնով։ Դա Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունն է, որի արդյունքում կվերադառնանք 2020թ․ նոյեմբերի 9-ի դրույթներին։ Իր իշխանությունը պահելու համար Նիկոլը մորթել է եռակողմ այդ հայտարարությունը և իրավիճակը հասցրել է նրան, որ այսօր միայն Ռուսաստանը կարող է ինչ-որ բան անել։ Եթե Հայաստանում լինի ռուսների կողմից վստահելի ազգային իշխանություն, հնարավոր է մտածել արցախցիների արժանապատիվ և անվտանգ վերադարձի մասին։ Արցախահայերի վերադարձի մասին բարձրաձայնել է նաև Իրանը: Եթե դա չհաջողվի, Թուրքիան և Ադրբեջանը շատ կարճ ժամանակում Հայաստանին ենթարկելու են մշակութային և տնտեսական էքսպանսիայի։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է փորձել, կախվելով Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի դրույթներից, Ռուսաստանի հետ խոսել, թույլ չտալ, որ նա դուրս գա Հարավային Կովկասից։ Թուրքիան և Ադրբեջանը խաբելու են Ռուսաստանին։

Կարդացեք նաև

  • Պետք է այնպես անել, որ այդ Միջանցքում ամբողջովին գործեն ՀՀ ինքնիշխանությունն ու մեր իրավակարգավորումները։ Չպետք է թույլ տալ, որ որևէ միջազգային կազմակերպություն գա էդտեղ։
  • Հանգիստ և խաղաղ կյանք Հայաստանին Նիկոլի իշխանության պարագայում չի սպասվում։
  • Գլխավոր ճանապարհը, որով պիտի անցնեն միջազգային տարանցիկ ճանապարհները, Հայաստանի համար Հյուսիս–Հարավն է։ Դա ձեռք կտա թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, Վրաստանին ու Ռուսաստանին։ Արևմուտքը շատ կուզենա, որ այդ ճանապարհը լինի Զանգեզուրի միջանցքը, ինչը նրան թույլ կտա զսպել Իրանին, Ռուսաստանին էլ դուրս մղել Հարավային Կովկասից։ 
  • Առավել քան վստահ եմ՝ Թուրքիան Ռուսաստանի հետ երկար ճանապարհ չի անցնելու։ Միջանցքը ստանալուց հետո Թուրքիան ռուսների հետ բոլոր հարաբերությունները փչացնելու է։
  • Նախկինում Հայաստանի բոլոր արտաքին քաղաքական հաջողությունները պայմանավորված են եղել նրա վարած հավասարակշռված, փոխլրացնող քաղաքականությամբ։
  • Այլևս պարզ է, որ աշխարհը բազմաբևեռ է լինելու․մենք պետք է կարողանանք տարածաշրջանի երկրների հետ կոնստրուկտիվ հարաբերություններ ունենալ։ Հայաստանը սեղանին դնելու բան պետք է ունենա։ Սեղանին պետք է դնել Հյուսիս-Հարավ նախագիծը, Հայաստանը պետք է լինի բոլոր տեսակի նոր ձևավորվող կառուցակարգերով։ Աշխարհագրական առումով Աստծուց մեզ տված է՝ ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԵՆՔ։ Բայց մեր ժողովրդին Աստված այնքան խելք չի տվել, որ հասկանա՝ մենք կարևոր ենք։ Այս ամենը հասկանալու փոխարեն՝ մինչև հիմա դեռ նախկին-ներկա դիսկուրսի մեջ են։
  • Սրանց ցինիզմն արդեն սահմաններ չի ճանաչում, քանի որ Արցախը կերան ու մարսեցին։ Բոլորը գիտեն, որ Արցախի հարցը չի փակվել, Իրանն էլ դա գիտի, Ռուսաստանն էլ գիտի, Արևմուտքն ու Ալիևն էլ գիտեն դա, բայց ալեններին թվում է, որ եկել է իրենց ժամանակը, ու պետք է բյուջեն մինչև վերջ մսխել։
  • Ինչպես Արցախում մարդիկ իրենց տները, գերեզմանները թողեցին, եկան, նույնը լինելու է Հայաստանի հետ, եթե մարդիկ իրենց ընտրությունը չանեն։ Գոնե արցախցին գիտեր՝ ուր գնա, հայաստանցին գիտի՞ ուր է գնալու…
  • Արևմուտքը փողը տալիս է, որ հակառուսականություն քարոզեն, հետո կքարոզեն թուրքերի հետ համակեցությունը։ Էդ փողերը տալիս են մեր ազգային ողնաշարը կոտրելու համար։
  • Սահմանազատումը հայ-ադրբեջանական կարգավորմանն ընդհանրապես չի օգնելու։ Ադրբեջանը, ինչ իրեն պետք է, ստացել է և ստանալու է։
  • Վրաստանի հետ էլ մենք չունենք սահմանազատված սահման, բայց բարեկամի պես ապրում ենք։
  • Հայաստանն այսօր էլ Ադրբեջանից ուժեղ է, մենք միշտ ենք եղել Ադրբեջանից ուժեղ։ Սա գիտեր նաև Ադրբեջանը: Էդ սրանք են վախի մթնոլորտ սերմանել։ 2020թ.-ին մենք տեսանք, որ սրանք ամեն ինչ արեցին, որ պարտվենք։

  • 2022թ. Պրահայում զենքը գլխներիդ էի՞ն դրել, ստիպել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ սրանց նպատակը 5000-ից ավելի զոհեր տալով՝ այդ հողերը, տարածքներն ամբողջությամբ Ադրբեջանին տալն էր։ Բայց նույնիսկ դա հայ-ադրբեջանական խնդիրը չկարգավորեց։ Էլի են ուզում և էլի են ուզելու։
  • 2021թ․ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելն Արևմուտքի ձեռքի գործն էր, թեպետ ռուսները ևս դեմ չէին դրան։ Բայց եթե հայ ժողովուրդն ընտրեր ուրիշի, ռուսները չէին մտածելու, որ իրենց քաղաքականությունը ձախողվել է։ Ուրիշ ում էլ ընտրեին, մի տարի հետո չէր գնալու, ասեր՝ Արցախն Ադրբեջան է։
  • Նիկոլին արտահերթ ընտրությունը պետք է լինելու, որպեսզի ինքը կարողանա կեղծ խաղաղության թեզը 2-րդ անգամ վաճառել հայ ժողովրդի վրա։ Ինքը խաբելու է հայ ժողովրդին։ Բնականաբար, կլինեն մանդատի գերի ուժեր, որոնց միջոցով կփորձի կվերընտրվել… բայց եթե նա կամ նիկոլական ուժերը վերընտրվեն, դրանից հետո այլևս Հայաստան չի լինի։ Եթե Նիկոլը վերընտրվեց, հաշվեք, որ նա Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետն է։ Եթե Նիկոլը վերընտրվի, նշանակում է, որ հայ ժողովուրդը պետականություն ունենալու և ապագան տեսնելու պրոբլեմ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս