Ո՞ւր է թռիչքաձև տնտեսական աճն Արցախի հանձնումից հետո․ այդ Արցա՛խն էր կերակրում մեզ, ոչ թե մենք՝ նրան․ Միքայել Մալխասյան

Փաշինյանի ձևակերպումները, առաջին հերթին, իհարկե, արդարացնում են դեռևս 2020-ից Ադրբեջանի իշխանությունների բոլոր գործողությունները Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ։ Այսինքն, ձևակերպումներից կարելի է ենթադրել, որ փորձ է կատարվում արդարացնելու Ադրբեջանի գործողությունները, թե իբր իրենք տառապյալ են եղել, և այս տարիների մեր տառապանքները դրա փոխհատուցումն են, ավելին՝ դա դեռ պետք է շարունակվի։ Մանավանդ, եթե երեսուն տարվա մասին ձևակերպում է հնչում, դա կարծես ապագայի համար կատարված հայտարարություն է։ Մեզ ասում են՝ սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հպարտ քաղաքացիներ, ինչպես սիրում էին ժամանակին ասել, իսկ հիմա մոռացել են, պատրաստ եղեք նոր զոհողությունների և տառապանքների։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը։

«Զուգահեռաբար ասվում է, որ եթե երբևէ հասնենք կարգավորման և խաղաղության, վերջապես մաքառումը կավարտվի, և նման այլ հեքիաթներ։ Բնության մեջ չկա այնպիսի վիճակ, երբ մաքառումն ավարտվում է։ Դա լինում է միայն, երբ տեսակներից մեկը մահանում է։ Գոյության կռվի մասին էվոլյուցիոն տեսության մեջ սա կարևոր սկզբունքներից մեկն է՝ տեսակները մրցակցում են, նաև ներտեսակային պայքար է մղվում, և այլն։ Այսինքն՝ սա բնության օրինաչափություն է, և հնարավոր չէ մի վիճակ, երբ նստենք ու ասենք՝ այո՛, ամեն ինչ լավ է լինելու, վերջապես խաղաղություն է։ Աշխարհի ոչ մի անկյունում այսօր չկա այդ խաղաղությունը, այդ թվում՝ Եվրամիությունում, և տեսնում ենք, որ պետությունները մեծացնում են իրենց ռազմական ծախսերը՝ լավ հասկանալով, թե ուր է շարժվում Երկիր մոլորակը»,- ասաց պատմաբանը։

«Ստացվում է, որ այսքան տարի Արցախի ազատագրված լինելու հանգամանքը մենք պաշտոնապես սրբագրում ենք՝ թիվ մեկ բանակցողի շուրթերով։ Փաստորեն, իր ասածից հետևում է, որ մենք իրավացի չենք եղել, իսկ ադրբեջանական կողմն իրավացի էր՝ մեզ օկուպանտ անվանելով, եթե, ըստ նրա, մենք ենք տառապանք պատճառել։ Այսինքն, եթե մենք մեր հայրենակիցներին և մեր հայրենիքի մի հատվածն իր բնակչությամբ կարողացել ենք ազատագրել և այս ամբողջ ընթացքում երաշխավորել նրանց անվտանգությունը, հիմա ստացվում է, որ ստեփանակերտցին իբրև թե դրանով տառապանք է պատճառել Բաքվում բնակվող ադրբեջանցուն։ Սա, իհարկե, անհեթեթություն է»,- նշեց Մալխասյանը:

Կարդացեք նաև

Պատմաբանի կարծիքով՝ Արցախի հանձնումից հետո, ի՞նչ է, մեզ մոտ տնտեսական թռիչքաձև զարգացո՞ւմ է եղել, այդ ամենն անհեթեթ ձևակերպումներ են. «Խոսույթում հիմար ձևակերպումներ կան, թե իբր արցախցիները մեր հացն ուտում էին։ Կոնկրետ տնտեսական տեսանկյունից՝ մեր հացահատիկի 45-65 տոկոսը գալիս էր Արցախի տարածքից։ Միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում կորսված և դրանից հետո հանձնված տարածքներն ապահովում էին Արցախում հավաքվող հացահատիկի 96 տոկոսը։ Արցախը ոչ միայն ինքն իրեն էր ապահովում հացահատիկով, այլև ՀՀ-ի կարիքներն էր սպասարկում։ Այսինքն՝ 2020-ի պատերազմից, դրան հաջորդած մեկամսյա հանձնման գործընթացից հետո ստեղծվեց մի վիճակ, որ արդեն Արցախն ինքը պետք է ինչ-որ տեղից իր համար հացահատիկ բերեր։ 2023-ի իրադարձություններից հետո Արցախն ընդհանրապես կորսվեց»:

«Արցախի մասին գաղափարը ոչ միայն չպետք է մեր մտքից հեռանա, այլև վերստին պետք է համարվի իրական Հայաստանի մաս։ Որոշակի տարածաշրջանային իրավիճակում լիովին հնարավոր է Արցախը նորից հայկական տեսնել։ Հիշենք, թե ինչեր էին ասվում մինչև 2020 թվականն այդ անձի և նրա քաղաքական թիմի կողմից, ինչ գրառումներ էին արվում սոցցանցերում, ինչ հայտարարություններ, թե Արցախը մեր հայրենիքի մի մասն է, ծաղրում էին նախորդ իշխանությունների բանակցությունների ժամանակ ասված թեզեր։ Ստացվում է՝ իրենք իբրև թե մինչև 2020 թվականն այդպես չեն մտածել։ Մենք ի՞նչ իմանանք՝ մինչև 2020-ն էին իրականում իրենց քաղաքական օրակարգն այդպես համարո՞ւմ, թե՞ 2020-ից հետո»,- ամփոփեց Միքայել Մալխասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս