Թրամփը հնգօրյա դադար է հայտարարել ծովային հետևակներ տեղակայելու համար, Իրանը չի հավատում բանակցություններին. Սերգեյ Մելքոնյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:

Զրույցի ընթացքում շոշափվել են Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության հիմնական ասպեկտները, դրա հնարավոր վերաճումը տարածաշրջանայինից գլոբալի, ինչպես նաև շարունակվող մարտական գործողությունների ֆոնին՝ լարվածության մակարդակը վերահսկելու Իրանի կարողությունը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների շուրջ հակասական ազդակներին, ներառյալ՝ Վաշինգտոնի փորձերը՝ երրորդ երկրների միջոցով Թեհրանի հետ կապ հաստատելու ուղղությամբ։
Քննարկվել են Իրանի վրա ճնշում գործադրելու գործիքները, այդ թվում՝ տեղեկատվական և հոգեբանական, ինչպես նաև իրանական էլիտայի առանձին ներկայացուցիչների հետ շփումների մասին հայտնվող արտահոսքերը և ներքին ապակայունացման ռիսկերը, ներառյալ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներսում հնարավոր հակասությունները։
Զրույցի կենտրոնում են եղել նաև հակամարտության աշխարհագրության ընդլայնումը, այդ թվում՝ Կասպից ծովի տարածաշրջանի իրադարձությունները, Իրանի ազդեցությունը Հորմուզի նեղուցում նավագնացության վրա և դրա հետ կապված ռիսկերը համաշխարհային էներգետիկ շուկայի համար։

Անդրադարձ է կատարվել հնարավոր ահաբեկչությունների և քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվության տարածմանը՝ որպես տեղեկատվական ֆոնի տարր, ինչպես նաև ԵՄ հնարավոր դերակատարմանը։
Դիտարկվել են լոգիստիկայի՝ արդեն իսկ նկատվող խափանումների և էներգակիրների գների աճի հետևանքները Հարավային Կովկասի ու Հայաստանի համար, ներառյալ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգում հնարավոր զսպող տարր։
Բացի այդ, քննարկվել է համաշխարհային առանցքային խաղացողների՝ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը և այն պայմանները, որոնց դեպքում նրանք կարող են ուժեղացնել իրենց մասնակցությունը, ինչպես նաև այն գործոնները, որոնք կարող են ընթացիկ հակամարտությունը վերածել լայնամասշտաբ գլոբալ ճգնաժամի։
Հայկ Դերզյան



