Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, այս իշխանությունը կապ չունի հայկականի հետ․ Միհրան Հակոբյան

Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, հայկական պետականության փիլիսոփայության հետ կապ չունի։ Եռաբլուրը Հայաստանի Երրորդ Հանրապետության փիլիսոփայական և խորհրդաբանական ամենակարևոր հենասյուներից մեկն էր։ Դա մի վայր էր, որը մեր ժողովրդի ընկալումներում տեղ ուներ՝ որպես սրբավայր, ուր մարդիկ ոչ միայն գալիս էին հարգանքի տուրք մատուցելու, այլև իրենց զավակներին պատմելու, ներկայացնելու և այդ օրինակը նրանց ներշնչելու համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Ցավոք, Հայաստանի պետականության և հայկականության հետ կապ չունեցող այս իշխանության պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ Եռաբլուրը դարձել է միայն զոհվածների ծնողների, հարազատների և հասարակության մի խավի համար արժեքավոր վայր։ Իսկ հայկական պետության հետ կապ չունեցող այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ ոչ միայն Եռաբլուրը ստվերվի, այլև մոռացվի այն սխրանքը, որն այդ մարդիկ գործել են»,- ասաց հանրային գործիչը։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք գիտեինք, թե ովքեր են հերոսները, ինչ սխրանքներ են գործել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք անվանապես գիտեինք՝ ով ինչ է արել։ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած մարտական գործողությունների ահռելի զոհերի պարագայում՝ Հայաստանի և հայկական պետության փիլիսոփայության հետ կապ չունեցող այս օտար իշխանությունը մինչև այսօր թաքցնում է նրանց անունները։ 4000-ից ավելի զոհ է եղել 44-օրյա պատերազմում։ Նրանց սխրանքների մասին որևիցե խոսակցություն չկա, այդ ամենը թաքցնում են»,- նշեց Հակոբյանը։

Կարդացեք նաև

Պատմաբանի կարծիքով՝ տարվում է անասնացման քարոզչություն, փորձում են անասունի վերածել մի ամբողջ ժողովրդի, որ նրա ուշքն ու միտքը լինի հաց ուտելը, քեֆ անելը, երգելը, պարելը․

«Հակառակ պարագայում այդ ժողովուրդը հանկարծ կարող է հիշել, որ ինքը պատմություն, խոցված արժանապատվություն և այն վերականգնելու խնդիր ունի։ Հայաստանի գործող իշխանությունը տարել և տանում է փակուղի, իսկ ընդդիմությունը չունի դրան այլընտրանք։ Մեր բանակի գլխավոր շտաբի պետն իր կենսագրության մեջ ամաչում կամ վախենում է գրել, որ Արցախի Ազոխ գյուղից է։ Սա մի իշխանության բանակ է, որը պատերազմելու և հաղթելու ոչ մի ցանկություն չունի, պարտված իրավիճակի հետ համակերպվել է»:

«Բոլոր այն ազգերը, որոնք անցել են պրոֆեսիոնալ բանակի, դեգրադացվել, վերացել են։ Դա եղել է այդ երկրի, այդ ժողովրդի անկման սկիզբը։ Ինչպիսին Փաշինյանն է, այդպիսին էլ իր բանակն է։ Բանակը պետք է պաշտպանել այն ժամանակ, երբ այն իրեն բանակի նման է պահում։ 2018թ․ եկել ես իշխանության, պատերազմն սկսվել է դրանից 2․5 տարի հետո։ Դո՛ւ՝ քո բանակը, քո նշանակած գեներալները, ումի՞ց ինչ ես ուզում։ Դու ես պաշտպանության նախարար ու գլխավոր շտաբի պետ նշանակել։ Բայց դու այս ամբողջ ձախողումը, տապալումը, դավաճանությունը քո վրայից գցում ես»,- ասաց Միհրան Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս