Հունիսի 7-ի ընտրությունը մեզ համար՝ Սարդարապատի, ՌԴ-ի համար՝ Ստալինգրադի ճակատամարտի պես բան է․ Արմեն Բադալյան
Այս ընտրությունը զուտ ԱԺ-ում տեղերի բաշխման գործընթաց չէ։ Այս ամբողջ տարածաշրջանում հավաքական Արևմուտքը չեզոքացրել է ռուսական առկայությունը, մնացել է վերջին տեղը՝ Հայաստանը։ Եթե իշխող քաղաքական ուժը վերարտադրվի, այս ամբողջ տարածքը կանցնի Արևմուտքի վերահսկողության տակ՝ որպես հակառուսական և հակաիրանական տարածք։ Ռուսաստանի նպատակը հակառակն է՝ թույլ չտալ, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը վերարտադրվի, այդ պատճառով սա ՌԴ-ի համար քաղաքական տեսակետից Ստալինգրադի ճակատամարտն է, իսկ մեզ համար՝ Սարդարապատի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Մասնակից քաղաքական ուժերը մի քանի իմաստային բովանդակություն են առաջարկում։ Մեկը ՔՊ-ն է, որն Արևմուտքի ծրագիրն է իրականացնում, և նրա վերարտադրությամբ Հայաստանը ոչ միայն սուբյեկտ չի դառնալու, անգամ օբյեկտ չի մնալու, այլ վերածվելու է ընդամենն ասֆալտի ճանապարհի՝ հյուրանոցներով, ռեստորաններով, և սպասարկելու է մեր տարածքով Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ հումք տանող բեռնատարներին։ Դա նույնիսկ խաչմերուկ չէ, անգամ Հյուսիս-Հարավ մայրուղին չի աշխատելու, փակվելու է»,- ասաց քաղտեխնոլոգը:
«Հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքն այլ ծրագիր են հռչակում՝ առնվազն ասելով, որ Հայաստանը պետք է մնա օբյեկտ, և չպետք է վերածվենք ընդամենը ճանապարհի։
Այսինքն, ազգային արժեքներն այստեղ պետք է պահպանվեն։ Ի տարբերություն նրանց՝ ՔՊ-ն եկեղեցու դեմ արշավ է սկսել, Արարատ սարն է ջնջում։ Այսինքն՝ ինչը որ ազգային է, պետք է ՔՊ-ի գլոբալիստական ծրագրով վերանա, և դու ընդամենը պետք ես՝ որպես ռեստորանում կամ հյուրանոցում սպասարկող։ Ընդդիմության առաջարկներում ազգայինը գոնե մնում է, և տնտեսությունն այս կամ այն չափով զարգանում է»,- նշեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի կարծիքով՝ իշխող քաղաքական ուժի խնդիրն է ընտրություններն անլրջացնելը և մասնակցության տոկոսն իջեցնելը.
«Ընդդիմությունը կոտրել է իշխող քաղաքական ուժի քարոզարշավի սցենարը։ ՔՊ-ն չունի 52 և ավելի տոկոս, որ միանձնյա իշխանություն ձևավորի։ Բայց 2021 թ․-ին արտաքին քաղաքական միջամտությունն այսքան մասշտաբային և ուժեղ չէր, ինչպես հիմա։
Երեք ուժերը միասին՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն են հավաքում, քան ՔՊ-ն։ Իսկ մասնակցության աստիճանը կախված է նաև ընտրությունների լարվածության աստիճանից։ Իշխող քաղաքական ուժը, այլևս չունենալով նախկին վարկանիշը, ամենայն հավանականությամբ կփորձի ուժային տարբերակով պահել իշխանությունը։ Օրինակ, կարող են հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին ահաբեկել կամ գնել, և ուրեմն՝ նրանք պետք է խիստ վստահելի մարդիկ լինեն»:

«Այս ուժը կփորձի մնալ իշխանության, քանի որ Արևմուտքից պատվեր ունի, որը պետք է ավարտել։ Առաջինն արել է՝ Արցախի հարցը չկա, փակվել է, երկրորդը՝ «Զանգեզուրի միջանցքը», տրամադրման գործընթացում է, երրորդը՝ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը պետք է չեզոքացվի։ Փաշինյանն ասել է, որ իրենց տրված մանդատով իրենք Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու են»,- ասաց Արմեն Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



